Աշխարհում աճում է զենքի վաճառքը

Աշխարհում աճում է զենքի վաճառքը

Աշխարհում աճում է զենքի վաճառքը: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում։ Արդեն 7-րդ տարին է, ինչ աշխարհում աճում է զենքի և ռազմական ծառայությունների վաճառքը։ 
Ռազմական արդյունաբերությամբ զբաղվող լավագույն 100 ընկերությունները 2021 թվականին հասել են 592 միլիարդ դոլարի վաճառքի, ինչը 1,9 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ:

Այնուամենայնիվ, թեև 2020-2021 թվականներին աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան 2019-2020 թվականներին (1,1 տոկոս), այն դեռևս ցածր է նախահամաճարակային 4 տարվա միջին վիճակագրական ցուցանիշից (3,7 տոկոս):
Փորձագետների պնդմամբ, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ավելացրել է մատակարարման խնդիրները, նաև այն պատճառով, որ Ռուսաստանը զենքի արտադրության մեջ օգտագործվող հումքի հիմնական մատակարարն է: Դա կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Եվրոպայի շարունակական ջանքերին՝ կապված Ուկրաինա միլիարդավոր դոլարների զինամթերք և այլ սարքավորումներ ուղարկելուց հետո իրենց ռազմական ուժերը համալրելու և ամրապնդելու հետ:

Թեև հաշվետվությունները ցույց են տալիս, որ ռուսաստանյան ընկերությունները մեծացնում են արտադրությունը պատերազմի պատճառով, այդուհանդերձ, նրանց վրա ազդում են նաև պատերազմի հետ կապված պատժամիջոցները։