«Խոպանչի» հայ հայտնիները․ Մաս 1

«Խոպանչի» հայ հայտնիները․ Մաս 1
Հայկական շոու բիզնեսը վաղուց բաժանված է 2 մասի՝ «շոուի» ու «բիզնեսի»։ Տրամաբանորեն Հայաստանում մեծ մասը «շոուով» է զբաղված, իսկ բիզնես անողները վաղուց մեկնել են արտերկիր։ Նրանց շարքում կան հայտնիներ, որոնք արտագաղթել են «հարգելի» պատճառներով և մշտական բնակություն հաստատել այլ երկրում, ոմանք էլ խոպանային տրամաբանությամբ գնում, փող են աշխատում, գալիս ու «շոու» կազմակերպում։



**Շպռոտ**- Հայկական շոու բիզնեսի ամենավառ կերպարներից մեկը՝ Շպռոտը, տարիներ առաջ մեկնեց ԱՄՆ։ Նրա հեռանալու մասին բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին, տարատեսակ նյութեր տպագրվեցին։ Շպռոտը հայությանը հանգստացնելու համար անկեղծացավ՝ Հայաստանից վիրավորված է հեռացել։



Սրտաճմլիկ պատմությունները, թե նա հյուրանոց է մաքրել, ծեր պապիկի խնամել ու «Քրիստոսի չարչարանքների» միջով անցել,ոչ միանշանակ ընդունվեցին։ Որոշները շտապեցին Շռոտի «բերանը փակել», երբ հրապարակվեց նրա «սևական խրախճանքների» մասին պատմող լուսանկարը, եզրակացությունը մեկն էր՝ նա ամենևին էլ «չարքաշ» կյանք չի ունեցել ԱՄՆ-ում։



Այս ամենից զատ, երգչուհու հայաստանաբնակ ընկերները սկսեցին «բացել փակագծերը»։ Շպռոտին հայկական շոու բիզնեսում այդքան էլ լավ չէին ընդունում, չէ որ նա մատուցողուհի էր, ում վոկալային տվյալները շատ հայ երգչուհիներին գերազանցում էր։ Արդյունքում ունենք այն, որ այժմ Շռոտը ԱՄՆ-ում, կարծես թե, վատ չի ապրում։ Բավական վերջերս էլ վերադարձել էր հայրենիք՝ ընտանիքին ու ընկերներին տեսնելու համար։ Երգչուհին խոստացել էր, որ պարբերաբար վերադառնալու է իր հայրենիք, որտեղից ժամանակին «գլխիկոր հեռացել էր»։



**Արմինկա**- Երբ Շպռոտի հասցեին սկսեցին տարատեսակ քննադատություններ հնչել, Արմինկան առաջիններից էր, որը «կուրծք էր ծեծում» երգչուհու անունը բարձր պահելու համար։ Հաղորդումներից մեկի ժամանակ էլ երգչուհին, խոսելով Շպռոտի՝ հայրենիքից հեռանալու մասին, արտասվեց ու ի լուր աշխարհի հայտնեց, որ կարոտել է իր ընկերուհուն, որի հետ հայրենիքում այդքան էլ լավ չէին վարվում։ Բայց ինչ իմանար Արմինկան, որ ընդամենը մի քանի տարի անց ինքն էլ էր մեկնելու ԱՄՆ՝ մշտական բնակություն հաստատելու։ Ու թեև երգչուհին ժամանակին հեռուստաեթերների «փայլն» էր, վերջին շրջանում մամուլի էջերին բավական հազվադեպ է հանդիպում։ Նա ԱՄՆ է մեկնել քրոջ ու որդու հետ։ Արմինկան ԱՄՆ-ում, բացի երգելուց, նաև երբեմն Արտավազդ Ամիրյանի հետ հանդես է գալիս հանդիսավարի կարգավիճակում: Նա սոցցանցերի իր էջերում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում։



**Լիլու-** Հայկական շոու բիզնեսի ամենախիզախ երգչուհիներից Լիլուն էլ գնաց «Ամերիկյան երազանքի» հետևից։ Նա այժմ բնակվում է ԱՄՆ-ում՝ մոր, տատիկի և որդու հետ։



**Էմմի**- «X ֆակտոր» հաղորդման շրջանակներում Ավետ Բարսեղյանն ակնարկեց, որ երգչուհի Էմմին ԱՄՆ է մեկնում անձնական կյանքը դասավորելու համար: Թեև դրանից հետո երգչուհին իր բոլոր հարցազրույցներում հերքում էր կամ շրջանցում այդ թեման, սակայն մամուլի աչքերին թոզ փչել այդպես էլ չհաջողվեց ու երգչուհի ի վերջո վայր դրեց զենքերը։ Ամուսնությունից հետո նա մեկնեց ԱՄՆ, որի մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց․ «Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»։ Երգչուհին այժմ մեծացնում է իր երեխաներին, իսկ նրա երաժշտական «նավը դեռ նավահանգստում է»։



**Անդրե**- Անդրեին իրավամբ կարելի է համարել երաժշտական «խոպանչի»։ Երգիչը պարբերաբար մեկնում է ԱՄՆ, տևական ժամանակ բնակություն հաստատում այնտեղ, ապա վերադառնում հայրենիք՝ սրտաճմլիկ գրառումներ կատարելով սոցցանցերի իր էջերում։ Նրա՝ ԱՄՆ այցի հետ կապված տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում։ Նախ լուրեր տարածվեցին, որ Անդրեն ԱՄՆ-ում նշանվել է, ապա, որ նա մշտական բնակության է մեկնել ԱՄՆ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու լուրերին՝ երգիչը նշել էր, որ այնտեղ մի շարք համերգների հրավերներով է գնում, և որ ամերիկահայերը իրեն «շատ են սիրում»։



**Նորո-** Երգիչ Նորոն տևական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում։ Հայկական լրատվամիջոցներին պարբերաբար հարցազրույցներ է տալիս ու խոստանում, որ «վերադառնալու» է։ Դատելով երգչի հարցազրույցներից՝ կարելի է ասել, որ նա ԱՄՆ-ում բավական «լավ է զգում», պարբերաբար «շքեղ» տեսահոլովակներ է նկարում ու մատուցում հայ հանդիսատեսին։ Ու թեև Նորոն, ինչպես ինքն է ասել հարցազրույցներից մեկի ժամանակ, ստիպված է ապրել ԱՄՆ-ում, բայց Հայաստանում է իրեն լիարժեք մարդ զգում՝ չմոռանալով նաև, որ նույն Հայաստանում շատ բաներ «չեն գնահատվում»։