Կենդանասպան հոգևորականը հեռացե՞լ է եկեղեցուց

Կենդանասպան հոգևորականը հեռացե՞լ է եկեղեցուց

Օրեր առաջ համացանցում հայտնվեցին Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի աղմկահարույց լուսանկարները, որտեղ հոգևորականը պատկերված էր սպանված կենդանիների հետ։ Ակնհայտ է, որ քահանան հոգևոր գործունեությունից զատ զբաղվում է նաև որսորդությամբ, ինքն էլ չի հերքում այդ փաստը, բայց սպանված թռչունների հետ իր լուսանկարների վերաբերյալ, չգիտես ինչու, տարօրինակ մեկնաբանություններ է թողնում՝ նշելով․ «Լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին նման թռչուն հանդիպեցի սատկած վիճակում և լուսանկարվեցի: Այդ թռչնակին ո՛չ հարվածել եմ, ո՛չ խփել եմ, որովհետև սունկ հավաքելուց սիրում եմ ինքս ինձ նկարել, ինձ համար դա հաճելի է»։



40-ի շեմը անցած մարդը, որ նաև հոգևորական է, կարծում է, թե այդպիսի պարզունակ կեղծիքներով կարող է խուսափել պատասխանատվությունից և հանրային աղմուկից։ Մի՞թե հասուն տարիքում գտնվող և կրթված պարոնը չի հասկանում, որ այդպես ոչ միայն չի կարող խուսափել խնդիրներից, այլ նաև էլ ավելի է բարդացնում իր կացությունը, քանի որ հասարակական զայրույթից զատ արժանանալու է նաև համընդհանուր ծաղրի։ Պարզունակ, մանկամիտ ստին միշտ հաջորդում է ծաղրը՝ նսեմացնող ու անարգանքի սյունին գամող։ Քահանան ընդամենը կարող էր վերցնել ու ընդունել իր մեղքը, խոստովաներ, որ չի իմացել թռչունների բացառիկ արժեքի մասին և խնդիրը այդպես կհանգուցալուծվեր։ Իսկ եթե հոգևորականը պատրաստակամություն հայտներ փոխհատուցել բնությանը հասցված վնասն ու պատիժ կրել, ապա հաստատապես հարգանքի կարժանարար։ Միգուցե առաքինի այս վարքագիծը դաս լիներ նաև մյուս որսորդների համար։ Չէ՞ որ ճշմարիտ զղջումը քրիստոնեական է, զղջող ու ապաշխարող անհատի առջև երբեք դռները չեն փակվում, իսկ սիրո վրա կառուցված ներումը առանցքն է քրիստոնեական վարդապետության։ Մի՞թե ամեն կիրակի խորանի վրա պատարագ մատուցող հոգևորականը այս պարզ ճշմարտություններին ծանոթ չէ։ Բայց ո՛չ, հոգևորականը պետք է անպայման պարզունակ սուտ հորիներ՝ ՀՀԿ-ականների ոճով։ Իշխանությունների հետ մշտական սիրախաղի մեջ գտնվող հոգևորականները ի՞նչ պետք է սովորեին նրանցից։ Կենդանասպանությունը ոչ միայն հակաքրիստոնեական է, այլ նաև կատարվածը ծանր հանցագործություն է։ Այսինքն՝ Տեր Ղևոնդը «մի գնդակով երկու նապաստակ է խոցել», այն է՝ մի կողմից հեռացել է իր հարազատ եկեղեցու դավանած արժեքներից, իսկ մյուս կողմից՝ ձեռք բարձրացրել պետության՝ հայրենի բնության վրա։



Կարպիս Փաշոյան