Օջախ պահող հանրապետականների համար ընտանեկան բռնությունը սովորական երևույթ է

Օջախ պահող հանրապետականների համար ընտանեկան բռնությունը սովորական երևույթ է

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը վերջին օրերին հանրային տիրույթում քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկն է։ Չնայած հանրության իրավագիտակից ու բանական տիրույթում, կարծես թե, այս հարցի շուրջ համերաշխություն կա, բայց ինչ-ինչ խմբեր օրենքի նախագիծը ընդունել են սվիններով՝ ենթարկելով այն սուր քննադատության։ Ներկայացվող քննադատությունները պարզունակ են ու չհիմնավորված։ Հիմնականում առաջնային պլան են մղվում տարատեսակ դավադրությունների տեսություններ՝ իբրև թե «այլասերված» Եվրոպան, ինչպես նաև «Ջհուդ-մասոնները» ցանկանում են կործանել հայ ժողովրդին, իսկ մի մասն էլ համոզված է, որ 21 դարում հանրությունը պետք է ապրի միջնադարյան ավանդույթներով, իսկ հեռացումը դրանցից դիտարկվում է որպես կործանարար հարված «հայու գենին»։ Խոստովանենք, որ հիմնավորումները իսկապես ծիծաղելի են ու նաև զավեշտական, քանի որ ոչ ոք չի ցանկանում կործանել ու այլասերել հայ ժողովրդին, իսկ 21-րդ դարում միջնադարյան ավանդույթները չեն կարող կենսունակ լինել, եթե դրանք խանգարում են հանրության բնականոն կյանքի ընթացքին։ Իսկ ընտանեկան բռնությունը, բնականաբար, այդ ոչ կենսունակ ավանդույթների ցանկում է։ Որքան էլ զարմանալի թվա, բայց օրենքի նախագծի դեմ է հանդես գալիս նաև ՀՀԿ-ի մի զգալի մասը։ Խնդիրն այն չէ, որ հանրապետականները այնքան համարձակություն ունեն ընդդիմանալու կուսակցության կայացրած որոշումներին։ Բնականաբար ՀՀԿ-ում ժողովրդավարական այդ մեխանիզմները չեն գործում։ Պարզապես կուսակցության ղեկավարությունը, նախագահը դեռևս տեսակետ չեն արտահայտել և անորոշ իրավիճակն այդ հանրապետականներին հնարավորություն է տվել ընդդիմանալ իրենց արժեքային միջավայրի տրամաբանությանը հակասող օրինագծին։ Պարզապես հանրապետականների մի զգալի մասը ներկայացնում են հանրության «քյարթու» անգրագետ և ոչ իրավագիտակից կոնտինգենտը։ Նրանց համար օրենքը երկրորդական է, իսկ փոխհարաբերման առաջնային կերպը ադաթներն են ու մաֆիային բնորոշ կլանային կանոնները։ Այն դեպքում, երբ խորհրդարանում մանդատներ պետք է ստանային կրթված, լուսավորական արժեքների կրող իրավագիտակից անհատները, որոնք կձևավորեին պետության ընտրախավը (էլիտա)։ Բայց ինչպես տեսնում ենք, ընտրախավ կոչվածը լցվել է կիսագրագետ և քյարթու տարրերով։ Սա այն հիմնական պատճառը, թե ինչու են կարկառուն հանրապետականները դեմ «ընտանեկան բռնության» կանխարգելման օրենքին։ Նրանց համար ընտանեկան բռնությունը սովորական պրակտիկա է և առհասարակ բռնությունը փոխհարաբերման ընդունելի միջոց է, քանի որ ազգի «ընտրյալները» պետական մտածողություն ու գիտակցություն չունեն, նրանք ապրում են ադաթներով ու մաֆիայի կանոններով։ Ինչպես նշեցինք, պատգամավորներից շատերը կաղապարված են ծայրահեղ ավանդապաշտ, կիսագրագետ, արևելյան «ուժեղ», «ամենակարող» տղամարդու կերպարի մեջ։ Նրանց համար կինը ընդամենը ապրանք է, տունը պահելու ընտանի կենդանի, որին պետք է պատել շքեղությամբ, բայց՝ վանդակում։ Այսինքն նրանք շարքային «օջախ» պահողներ են։ Կնոջը, երեխաներին մտցնել երկաթյա վանդակի մեջ, բայց օջախը լավ պահել, կերակրել, անհնազանդության դեպքում՝ ծեծել և այսպես շարունակ։



Կարպիս Փաշոյան