Ասում էին՝ ասֆալտը Սամվել Ալեքսանյանն ա անում, որ դպրոցը փակեն, տան իրեն․ Ցուցարար ծնողները բացել են մայրուղին

Ասում էին՝ ասֆալտը Սամվել Ալեքսանյանն ա անում, որ դպրոցը փակեն, տան իրեն․ Ցուցարար ծնողները բացել են մայրուղին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակազմը եւ ծնողները փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին։ Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտների ծնողները ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչպես է ստացվել, որ Փարաքարի միջնակարգ եւ հիմնական դպրոցի վերամիավորման դեպքում, միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն այլեւս չի աշխատելու, նրան փոխարինելու է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը



Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակ պահել են 15 րոպե, դրանից հետո ծնողները գնացել են դպրոց, այնտեղ նիստ են անցկացրել Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետի հետ․ «Դպրոցների օպտիմալացման հետ կապված Հայաստանի մի շարք դպրոցներ, այդ թվում՝ Փարաքարի հիմնական դպրոցը, միացնում են Փարաքարի միջնակարգ դպրոցին։ Որոշման մեջ գրված է՝ հիմնական դպրոցը միացնել միջնակարգ դպրոցին։ Որոշել են՝ միջնակարգ դպրոցի տնօրենի պայմանագիրը լուծարել, հիմնական դպրոցի տնօրենին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Ծնողներն էլ դժգոհ էին դրանից, ասել էին՝ սխալ եք, ճիշտ չեք կատարել»։



Հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ հիմնական դպրոցի փոխարեն ցանկանում են «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղ բացել, Սամվել Վարդանյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի․ «Մենք ներկայացրել ենք առաջարկ, որ հանձնեն համայնքին, մենք էդտեղ ուսումնարանի նման, «Թումո»-ի նման ինչ-որ մի բան բացենք։ Մենք էդպիսի նամակ ենք գրել մարզպետարան, Պետգույքին։ Իսկ էդտեղ «Երեւան Սիթի» բացել, կներեք, փողոցային խոսակցություններ են։ Մի քանի օր առաջ մենք գյուղում ասֆալտ էինք անում, ասում էին՝ ասֆալտը Սամվել Ալեքսանյանն ա անում, որ դպրոցը փակեն, տան իրեն»։