2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համերգ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի համար

2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համերգ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի համար

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն իր գործունեության ընթացքում հասցրել է 22 բնակարանով ապահովել անօթևան գյումրեցիների: Հիմնադրամի գումարները հիմնականում գոյանում են նվիրատվություններից եւ բարեգործական նպատակով իրականացվող միջոցառումներից: Նոյեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բարեգործական համերգով է հանդես գալու օպերետային երգչուհի Լեոնորան: Նրա խոսքերով ՝ որպես արվեստագետ գյումրեցի՝ ինքը չէր կարող անտարբեր մնալ իր քաղաքի հոգսին եւ համերգից ստացված հասույթը տրամադրելու է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Երգչուհու պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը, որ ամիսներ առաջ սփյուռքի նախարարությանն էր դիմել խնդրանքով՝ ընդառաջել բարեգործական համերգ կազմակերպելու սիրիահայերին օգնելու նպատակով, նշում է, որ այսօր պատրաստ են գյումրեցիներին օգնել, որպեսզի գոնե մեկ ընտանիք ձմեռն այլևս տնակում չդիմավորի: «Տոմսի արժեքը սահմանել ենք նվազագույնը՝ 2000 դրամ: Եթե յուրաքանչյուր գյումրեցի այս բարի գործի համար գոնե մեկ տոմս գնի, կարծում եմ, մեր նպատակը հաստատ կիրագործվի: Էդ 2000 դրամը մեզ չի աղքատացնի, ոչ էլ կհարստացնի, բայց որքան կարևոր հարց կլուծվի»,-ասաց երգչուհու պրոդյուսերը մեզ հետ զրույցում: Ի դեպ, Լեոնորային են միանալու երգիչ Հայկ Մխոյանն ու « Հայկական զարդանախշեր» պարային համույթը:



«Դեկտեմբերին նախատեսում ենք ևս երկու միջոցառում, որով նույնպես կկարողանանք գոնե մեկ սոցիալական բնակարանի հարց լուծել, իսկ այս համերգին, եթե մարդկանց մասնակցությունն ապահովվի, որոշակի ծախսեր հանած, հիմնադրամին կհաջողվի ևս մեկ բնակարան գնել,-ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը: Սակայն, ամենամեծ հաջողությունը կլինի նա, եթե երևանյան հեռուստաընկերությունները համաձայնեն դեկտեմբերի 7-ին մի քանի ժամ տրամադրել հիմնադրամին ՝ Համահայկական հեռուստամարաթոն կազմակերպելու համար: Տնօրենի խոսքերով՝ դեռ սպասում են հեռուստաընկերությունների պատասխանին: Մեզ հետաքրքրեց նաև, թե ինչ սկզբունքով են անօթևան ընտանիքներին բնակարան նվիրում: «Մեզ մոտ թիրախային տարածք կա ընտրված՝ Գյումրու Բարեկանության այգին է, որը մինչև տարեվերջ նպատակ էինք դրել ազատել տնակներից: Հիմա 11 ընտանիք դեռ կա, բայց շուտով 3 բնակարան էլ կգնենք, իսկ մնացածը տեսնենք: Իսկ բնակարան տրամադրում ենք այսպես, եթե միջոցառում է, այդ ընթացքում վիճակահանություն ենք անցկացնում, բայց լինում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է որոշում՝ կախված տվյալ ընտանիքի անդամներից, եթե օրինակ անչափահասներ կան, բազմանդամ են եւ այլն»,-տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը:



Արևիկ Հակոբյան