Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ Պողոսյան

Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ Պողոսյան

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած մի շարք գործիչների, այդ թվում՝ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ Արարատ Ավագյանին եւ այլոց, իսկ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանին՝ «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։ Շնորհված մեդալներին ֆեյսբուքյան հայությունը դրական արձագանքեց, հատկապես՝ բժիշկներին մասով։



Անդրանիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի սպասել, որ նման հուշամեդալի կարժանանա․ «Ես չէի էլի սպասում, ինձ վերջին օրն ասեցին, որ քաղաքապետարան կգաք, չգիտեի էլ՝ ինչ են տալու։ Ուրախ եմ ստանալու համար, իհարկե, մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է։ Ճիշտ է՝ ես այդտեղ ասացի, որ պարտավորեցնում է, բայց ես մեդալը ստանալուց առաջ էլ էի ինձ միշտ պարտավորված զգում հիվանդների նկատմամբ, ես միշտ պարտականություն ունեմ կատարելու, որպեսզի բոլոր հղիներն իրենց լավ զգան եւ առողջ բալիկներ ծնվեն իմ հնարավորությունների սահմաններում: Ամեն դեպքում բժշկին ժողովուրդն է բարձրացնում, ինչ պարգեւ էլ լինի, ես իմը անելու եմ»,- մեզ հետ զրույցում ասաց բժիշկը։ Ի դեպ, Անդրանիկ Պողոսյանը 2012 թ նախագահի կողմից ստացել է Մխիթար Հերացու մեդալ։



Աննա Չոբանյանի համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալ ստանալը նույնպես անսպասելի է եղել․ «Դա պարտավորեցնող մեդալ է, եւ տարբեր ատյանների կողմից ստացել եմ ես մեդալներ։ Անկախ դրանից, ամեն ինչ աշխատում ենք անել պատշաճ ձեւով։ Կան բժիշկներ, որոնք, այո, կարող են մյուս տարի ստանալ մեդալներ եւ արժանի են դրան»։ Աննա Չոբանյանը նախորդ տարի Սերժ Սագսյանի կողմից ստացել է Միթար Հերացու անվան մեդալ, իսկ դրանից 2 տարի առաջ՝ Հայաստանի լավագույն բժիշկ կոչումը։



Գնդապետ Արարատ Ավագյանի հետ չկարողացանք կապ հաստատել, բայց Նաիրիտի ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրան ճանաչում է, բայց գնահատական չի կարող տալ․ «Չենք առնչվել, ուղղակի ճանաչում ենք։ Ինքը հենց «Նաիրիտի» հրշեջ ծառայության պետն էր»։