Նալբանդյանի մամլո քարտուղարն ուշադիր չի կարդացել՝ կրկնում եմ

Նալբանդյանի մամլո քարտուղարն ուշադիր չի կարդացել՝ կրկնում եմ

 



«Հրապարակի» հոկտեմբերի 17-ի համարում եւ նույն օրվա կայքում «Ռոստովի Բագրատիչ» վերնագրի տակ ներկայացրել էի իրավիճակ, որ տեղի էր ունեցել անձամբ ինձ հետ։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 23-ին, արտաքին գործերի նախարարությունը, հղում կատարելով ՀՀ զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածին, ուղարկել է նամակ եւ պահանջել այն տպագրել թերթում, որպես «հերքում»։ ԱԳՆ նամակին անդրադառնալու կարիք չէր զգացվի, եթե գերատեսչության պահանջը օրենքին հղումով չարվեր։ Հիշեցնեմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում գործող հայկական հյուպատոսարանում տիրող բարքերին էի անդրադարձել, հիմա մի փոքր մանրամասն կանդրադառնամ, որպեսզի միաժամանակ հրապարակվեն նաեւ ԱԳՆ նամակի դրույթները։



Ես հուլիսի 29-ին դիմել էի ՌԴ-ում ծնված դստերս համար վերադարձի վկայական ստանալու խնդրանքով։ Իսկ այս պատմությանը չէի անդրադառնա, եթե այն, ինչ կատարվում էր հյուպատոսարանում, կատարվեր միայն ինձ հետ։ Բայց այնտեղ հավաքված էր ոչ նոսր բազմություն, նույնատիպ խնդրով դիմողների քանակը նույնպես փոքր չէր։ Քննադատել էի, որ տարրական դիմում-հարցաթերթիկ լրացնելու համար ուղարկում են հյուպատոսարանից մի քանի փողոց այն կողմ գտնվող ֆոտոծառայություն, որտեղ այդ փաստաթուղթը լրացնում են 700 ռուբլով։ ԱԳՆ-ն իր նամակում սույն փաստին արձագանքել է հետեւյալ կերպ․ «Ինչ վերաբերում է հյուպատոսական ծառայություն ստանալու համար դիմած քաղաքացիների լուսանկարվելու վայրի ընտրությանը, անհրաժեշտ փաստաթղթերի լրացմանը (Գլխավոր հյուպատոսության տարածքից դուրս) կամ համալրմանը, ապա այդ հարցերում Գլխավոր հյուպատոսությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում եւ, առավել եւս՝ ոչ մի առնչություն չունի հյուպատոսության հարակից տարածքում գործող բազմաթիվ ֆոտոծառայությունների, գրասենյակների, անհատ ձեռներեցների ու կազմակերպությունների գործունեության հետ»։



Ուրեմն, ուշադիր կարդացեք, թե հիմա ինչ եմ գրում, նամակի տակ ստորագրած Տիգրան Բալայան եւ նախարար Էդվարդ Նալբանդյան։ Բազմաթիվ գրասենյակներից մեկում ձեռք բերած փաստաթուղթը, պատկերավոր նկարագրված, ճմրթվեց ու լռվեց հյուպատոսարանի աշխատակցուհու տպիչում՝ պրինտերում։ Նա մի կերպ, պատառոտելով՝ այն հանեց, նետեց աղբամանը, իր դարակից հանեց նույն թղթի չլրացված տարբերակը, արագ լրացրեց դստերս անուն-ազգանունն ու եւս մի քանի տվյալ, խնդրեց, որ ստորագրեմ, եւ դրեց գործի մեջ։ Էլի եմ կրկնում․ եթե այս զավեշտը միայն ինձ հետ տեղի ունենար, երբեք չէի հրապարակի մեր ազգի համար ամոթալի դրվագը, բայց ինձ նման հազարավոր քաղաքացիներ են մտնում հայրենիքի անունից օտար հողում հանդես եկող պետական կառույց։ Հիմա դուք նամակ եք գրել խմբագրություն, որ ես հերքեմ այն, ինչ տեղի է ունեցել անձամբ ինձ հետ։



Կատարվեց հակառակը՝ զայրացա եւ մի քանի բան ավելացնում եմ։



1. Թարգմանության մասով․ «Հոդվածում հիշատակվում է, թե իբր փաստաթղթի թարգմանության համար գանձվել է 1200 ՌԴ ռուբլի, սակայն, համաձայն ՀՀ պետական տուրքերի դրույքաչափերի, փաստաթղթի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության յուրաքանչյուր էջի համար գանձվում է 1385 ՌԴ ռուբլի»։ Ուրեմն այսպես, վերադարձի վկայական ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում ծննդյան վկայականի թարգմանություն ներառված չէ։ Ծննդյան վկայականն իմ ներկայությամբ չի թարգմանվել, իսկ իմ դուրս գալուց հետո որպեսզի թարգմանվեր, պետք է գոնե պատճենահանվեր։ Չի պատճենահանվել․ իմ փաստաթղթերի վրա դրվել է մի շտամպակնիքով փոքրիկ թուղթ եւ ասվել՝ հետ գնացեք նույն սենյակ։ Իսկ 1200 ռուբլին վճարել եմ 1200 ռուբլի պահանջողին, որն իր պահանջը ձեւակերպել է հետեւյալ կերպ․ «Պետք է թարգմանվի երկու օրինակ, յուրաքանչյուր օրինակը թարգմանելն արժե 600 ռուբլի»։



2. [email protected] էլեկտրոնային փոստին [email protected] փոստից հոկտեմբերի 13-ին, ժամը 14։51-ին ուղարկել եմ պաշտոնական հարցում՝ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանին խնդրելով տեղեկություններ տրամադրել այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ նույն հյուպատոսարանի կողմից տրամադրված վերադարձի վկայականների ընդհանուր քանակի մասին։ Որպես հերքում ներկայացված նամակում ԱԳՆ ներկայացուցիչը, պատկերավոր ներկայացրած՝ ԱԳՆ-ն գրում է․ «…սակայն այս ընթացքում ԱԳՆ-ն որեւէ գրավոր հարցում չի ստացել, ինչը, կարծում ենք, վկայում է հոդվածի հեղինակի՝ լրագրողական մասնագիտության հանդեպ անլուրջ վերաբերմունքի մասին»։ Հիմա մի փոքր ավելի ուշադիր պիտի կարդաք, հարգելի ԱԳՆ, մասնավորապես՝ Բալայան եւ Նալբանդյան։



Նամակն ուղարկել եմ, փոստի հասցեն նշված է ԱԳՆ պաշտոնական կայքում, ետ չի եկել, ավելին՝ հաստատ վստահ եմ՝ տեղ է հասել։ Հոդվածը հրապարակվել է նամակն ուղարկելուց 4 օր անց․ մինչ այդ սպասել եմ պատասխանի։ Իսկ եթե դուք հիմա պնդում եք, թե նամակ չեք ստացել, ես չեմ ցանկանում հավասարվել ձեր մակարդակին եւ նույն ոճով պատասխանել։ Կրկնում եմ՝ շարադրել եմ անձամբ ինձ հետ կատարվածից որոշ դրվագներ, շարադրել եմ որպես ականատես-վկա ՀՀ քաղաքացի։ Իսկ եթե ցանկություն եք հայտնում ծանոթանալ լրագրողական մասնագիտության հանդեպ իմ վերաբերմունքի լրջությանը, եւս մեկ նամակ ուղարկեք, եւ ես ձեզ պարբերաբար կծանոթացնեմ։



Սեւակ ԳՐԻԳՈՐՅԱՆ