Եթե բանակին չխանգարես, նա էլ քեզ չի խանգարի

Եթե բանակին չխանգարես, նա էլ քեզ չի խանգարի

Հոկտեմբերի 21-ի համարում մենք տպագրել էինք Կարպիս Փաշոյանի «Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ինքն ինձ» հոդվածը։ Երեկ այդ հոդվածին արձագանքել է ԵՊՀ ուսանող Կորյուն Սիմոնյանը։ 



«Այն, որ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունները վերջին շրջանի թոփ թեմաների առաջին տասնյակում են, կարծում եմ՝ փաստ է, զորօրինակ՝ ուսանողների վերջին ցույցերը։ Ասել է թե՝ այս օրինագիծը հանրության շրջանակներում միանշանակ ընկալում չունի։ Դե, ակտիվ բողոքողներն էլ նախ ուսանողներն են, հետո՝ լրատվամիջոցները։ Թող տպավորություն չստեղծվի, որ ես տարկետման իրավունքի վերացման օրինագծին կողմ եմ, բայց պետք է, ինչպես ասում են, մեդալի հակառակ կողմն էլ նայել։ Հարգարժան պարոն Փաշոյանն իր երկարաշունչ հոդվածում հիմնականում խոսում է այս օրինագծի հետեւանքով գիտության զարգացմանն սպառնացող վտանգների մասին՝ դրանք զուգակցելով սեփական փորձի վրա հիմնված օրինակներով, որը, ըստ իս, լրագրողական փայլուն հնարք է՝ հետաքրքիր եւ ընթերցվող նյութ ստանալու համար։ Բայց ով՝ ով, լրագրողներս հո լա՞վ գիտենք, որ նյութի բովանդակության առանցքը նշված խնդիրը պետք է լինի, դրա համար ես միանգամից խոսեմ խնդրի մասին։



Երբ խոսում ենք համալսարանական կրթության եւ գիտության մասին, պետք է մի պահ մեզ հարցնենք՝ իսկ ի՞նչ գիտության մասին է խոսքն առհասարակ։ Ախր, մենք գիտենք, թե այս օրենքն ում է սպառնալու։ Ձեր թույլտվությամբ ես էլ մի քանի օրինակներ բերեմ իմ փորձից։ Առաջին կուրսն ավարտելուն պես զորակոչվեցի զինված ուժեր, ծառայեցի Պաշտպանության բանակում, մասնակցեցի ապրիլյան պատերազմին ու, ինչպես ասում են, բարով-խերով վերադարձա։ Բայց արդեն երկու տարի է՝ չի ստացվում տեղափոխվել անվճար ուսուցման համակարգ։ Չէ, լավ եմ սովորում, խնդիրն այլ է՝ ռոտացիոն սկզբունքը մնում է թղթի վրա, եւ արդյունքում նրանք, ովքեր ընդունվել էին անվճար, պահպանում են իրենց տեղերը, որովհետեւ հերիք է, որ դու ասես՝ ես անվճար եմ, ու դասախոսը մեխանիկորոն նշանակում է քո 20-ը, չնայած, որ դու պատասխանել ես, ասենք՝ 14-ի, քանի որ չի ուզում իր վրա վերցնել «անվճարից քցողի» դառը պիտակը։ Ասել կուզեմ, որ գիտությանը խոչընդոտում են նախ կրթական համակարգի բացերը, հետո նոր՝ մնացածը։ Եվ հետո՝ եկեք անկեղծ լինենք, մենք հո գիտենք, թե անվճար հիմնականում ովքեր են ընդունվում, նրանք, ովքեր կարողանում են վճարել անվճարի համար։ Իսկ այդ մարդկանց հետ կապել գիտության հետագա ճակատագիրը, կարծում եմ՝ այնքան էլ հեռանկարային չէ։



Անվճար ընդունվելն ու տարկետման իրավունքից օգտվելն էլ իրենց նախապատմությունն ունեն։ Մեխանիզմը շատ պարզ է․ չորս տարի՝ բակալավր, հետո՝ էլի երկուական անվճար տարիներ մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի համար։ Եթե հաշվենք, որ տղան համալսարան է ընդունվում 17 տարեկանում, ապա ասպիրանտի կարգավիճակ կստանա 25 տարեկանում։ Այդ ժամանակահատվածում եթե ինչ-որ այլ բան չմտածի բանակից խուսափելու համար, ապա երկու երեխա հաստատ կհասցնի ունենալ։ Հիմա կխնդրեի անկեղծ պատասխանել՝ գիտությունը շահե՞ց, թե՞ տուժեց։



Ինչ վերաբերում է միլիտարիզացիային, ապա մեր հասարակությունը վաղուց արդեն միլիտարիզացված է։ Դեռ Արցախյան ազատամարտի տարիներին եթե միլիտարիզացված հասարակություն չունենայինք, ազատամարտիկներ էլ չէինք ունենա, էլ չեմ ասում ապրիլյանի կամավորականների մասին։ Սա լավ է, թե վատ՝ հարցի մեկ այլ կողմն է, բայց կարծում եմ՝ միլիտարիզացիայի հարցում դեմ չեք լինի։ Բացի այդ, նույն ԵՊՀ-ում գործում է «Ուսանողական ռազմական բանակում» միլիտարիստական խմբավորումը, որը գիտության հաշվին մեկնում է Արցախ, կազմակերպում ճամբարներ եւ այլն։
Ես, իհարկե, հասկանում եմ այս նախագծի հետ կապված դժգոհությունները, բայց չեմ հասկանում դժգոհողներին։ Հիմնականում պայքարում է ուսանողության այն հատվածը, որը կա՛մ վաղուց արդեն ծառայել է, կա՛մ անվճար չէ, կա՛մ էլ․․․ աղջիկ է։
Համաձայնեք՝ պայքարել զուտ պայքարելու համար, դա էլ մի բան չէ»։