Ինչո՞ւ են մրցում Ու․ Ֆոլքներ թարգմանելու համար, իսկ ճապոներենի թարգմանիչ չունենք

Ինչո՞ւ են մրցում Ու․ Ֆոլքներ թարգմանելու համար, իսկ ճապոներենի թարգմանիչ չունենք

Երբ անգլերենը սկսեց քայլ առ քայլ մուտք գործել մեր կյանք, մոդային տուրք տվող ծնողները շտապեցին իրենց երեխաներին տանելու անգլերեն ուսուցմամբ դպրոցներ, ուղարկել դասընթացների՝ այդ լեզվին տիրապետելը համարելով հեռանկարային։ Արդյունքում այսօր անգլերենի իմացությամբ ոչ մեկի չես զարմացնի Հայաստանում, իսկ ահա ժամանակին, դպրոցներում եւ բուհերում նրան զուգահեռ ուսուցանվող ֆրանսերենն ու գերմաներենը մղվել են հետին պլան։ 



Դեռ տարիներ առաջ էին լուրեր շրջանառվում, որ Հայաստանի այն դպրոցներում, որտեղ ավանդաբար ուսուցանել են ֆրանսերեն կամ գերմաներեն, քիչ-քիչ «վերապրոֆիլավորվում» են՝ նախապատվությունը տալով անգլերենին։ Դե ժամանակներից հետ մնալ չեն ուզում մարդիկ, ինչո՞ւ սովորեն այն լեզուները, որոնք հազվադեպ պրակտիկ կիրառություն ունեն մեր երկրում։ Իսկ ահա անգլերենն անգամ ամենափակ դռներն է բացում, նաեւ՝ արտերկրի բուհերում ուսանելու հնարավորություն ընձեռում։



Թե որքանով են անգլերենից եւ ռուսերենից զատ այլ օտար լեզուների իմացությամբ թարգմանիչները պահանջված մեր երկրում, դժվար է ասելը։ Նրանց պակասը, թերեւս, ամենաշատը զգում են հրատարակիչները, որոնք ոչ թե Սովետի ժամանակների պես միջնորդ լեզվից՝ ռուսերենից թարգմանված գրքեր են հրատարակում, այլ՝ բնագրից։ Եվ ահա, նման դեպքերում է, որ փնտրված են դառնում ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի լավ թարգմանիչները։ Իսկ ահա, օրինակ, երբ «Անտարես»-ի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին հարցնում ես, թե երբ են նախատեսում հայերեն թարգմանել ճապոնացի հայտնի արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեի ստեղծագործությունները, նա անկեղծանում է՝ նման ծրագիր չկա, որովհետեւ ճապոներենից թարգմանիչ չունենք։ Փոխարենն Ու․ Ֆոլքների սիրահար թարգմանիչների պակաս կարծես թե չկա, եւ նրանք մրցում են, թե ով ավելի խորությամբ կհասկանա Ֆոլքներին եւ կթարգմանի նրան։



Կրթության եւ գիտության նախարարությունից օրերս փորձել էինք հարցման միջոցով իմանալ, թե քանի հանրակրթական դպրոց կա, որտեղ որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրում են ֆրանսերեն կամ գերմաներեն։ Խնդրել էինք նաեւ նշել այդ դպրոցները՝ ըստ մարզերի եւ Երեւանի քաղաքի։ Նաեւ հետաքրքրվել էինք, թե քանի հանրակրթական դպրոց կա, որտեղ նախկինում, դեռ խորհրդային ժամանակներից, ուսանում էին ֆրանսերեն կամ գերմաներեն, իսկ հետագայում լեզուն փոխվել է անգլերենի։ 



«Եթե կան այդպիսի դպրոցներ, ապա խնդրում եմ նշեք, թե որոնք են դրանք, եւ ինչ հիմնավորմամբ են այդ դպրոցներում ֆրանսերենի կամ գերմաներենի փոխարեն ուսուցանում անգլերեն»,- նշել էինք հարցման մեջ։ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը մեզ է ուղարկել հանրապետության 451 դպրոցների ցանկը, որտեղ, ըստ ԿԳՆ-ի, ուսուցանում են ֆրանսերեն եւ գերմաներեն։ Ըստ այդ ցանկի էլ՝ ֆրանսերենը եւ գերմաներենը, որպես երկրորդ օտար լեզու, դասավանդվում են Երեւանի մի շարք վարչական շրջանների դպրոցներում, նախկին շրջկենտրոններ Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արտաշատի, Մասիսի, Արարատի, Բաղրամյանի, Արմավիրի, Վաղարշապատի, Վարդենիսի, Մարտունիի, Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Վանաձորի, Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Նաիրիի, Կատայքի, Գյումրիի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի, Արթիկի, Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Եղեգնաձորի, Վայքի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Տավուշի եւ նրանց հարակից գյուղական համայնքների դպրոցներում։



Իսկ ահա մեր երկրորդ հարցին, ի պատասխան, Մանուկ Մկրտչյանն արձագանքել է․ «Տեղեկացնում եմ, որ կրթության եւ գիտության նախարարությունը խորհրդային ժամանակներից հանրակրթական դպրոցներում դասավանդվող օտար լեզուների փոխարինման վերաբերյալ հավաքագրած տվյալների բազա չունի»։



Թագուհի Հակոբյան