Նժդեհի անունն Օհան է, նա ծնվել է Ճամբարակում և ունի ապօրինի դուստր

Նժդեհի անունն Օհան է, նա ծնվել է Ճամբարակում և ունի ապօրինի դուստր

Վերջերս Գարեգին Նժդեհի հարազատները շատացել են, ինչպես լեյտենանտ Շմիդտի որդիները, նրանք գալիս են Երեւան, ոմանք տուն են պահանջում, ոմանք՝ պատմական արդարության վերականգնում ու ճանաչում։ 



Ճամբարակցի վարսավիր Հայկ Ավագյանը՝ շախմատի մրցումների հաղթող, 1963թ․ ծնված, պնդում է, որ Նժդեհն իր պապի հորեղբայրն է, անունը՝ Օհան, ու ծնվել է ոչ թե Նախիջեւանի Կզնուտ գյուղում, այլ Գեղարքունիքի մարզի Կրասնոսելսկ՝ Ճամբարակ քաղաքում։ Այս մասին իրեն շշուկով պատմել է իր հոր հորաքույրը՝ Արփենիկ Ավագյանը։ «Պապայիցս ու տատիցս չեմ լսել, նրանք վախեցած էին, կոմունիստների ժամանակվանից Նժդեհի մասին վախում են խոսեն»։ Եվ միայն անվախ Արփենիկն է Հայկի ականջին թաքուն ասել․ «Հայկ ջան, իմ ախպոր կինը՝ Մանիկը, որ պիտի երեխա ծննդաբերեր, ասեց՝ անունը կդնեք Գարեգին»։ Ու երբ Հայկը տարակուսած հարցրել է, թե ինչու, Արփենիկը բացահայտել է ընտանեկան գաղտնիքը՝ որ Գարեգին Նժդեհն իրենց հորեղբայր է գալիս։ Հայկը փոքր էր, դեռ չէր լսել լեռնահայության փրկչի մասին։ Իմացավ, երբ Հայաստանն անկախացավ, ու թերթերում սկսեցին գրել Գարեգին Նժդեհ անունը։ «Ես կարդացի, ասեցի՝ այ մարդ, էս Գարեգին Նժդեհն իմ հորեղբա՞յրն ա, ես Արփենիկից լսել եմ էդ անունը։ Գնացի ձյաձ Լյուքսենի մոտ, ասեցի՝ սա մեզ բարեկա՞մ ա։ Մեծարում են Գարեգին Նժդեհին, սենց բաներ են ասում, որ հերոս ա, Հայաստանն ինքն ա պահել, եթե չլիներ, Հայաստանի կեսը Վրաստանին դեր ենթարկվիլ, մյուս կեսը՝ Ադրբեջանին»։ «Այո, ճիշտ ա, իմ պապայիս հորեղբայրն ա»,- ասել է ձյաձ Լյուքսենը, իսկ Հայկի հարցին, թե բա ինչու չէր ասում, ու խի աինչու է Նժդեհի ազգանունը Տեր-Հարությունյան գրվում, պատասխանել է․ «Էդ ինքն ա փոխել, իր տունը կոմունիստները հրկիզեցին, ինքն էլ խանչալը վերցրել ա, էդ հրկիզողին սպանել ա, թողել-գնացել ա։ Էէէէէէէ, Հայկ ջան, ի՞նչ ասեմ։ Մենք դրանց պատճառով ենք, էլի, խռով, ԱԱԾ-ն մեզ հետեւում ա, ու բարեկամների հետ խոսում չենք»։ Իրոք, 37-38 թվականներին Ավագյանների գերդաստանի մեծ մասին բնաջնջել են։ Ոմանց աքսորել են, ոմանց էլ՝ ուղղակի գնդակահարել։ Հայկը գտել է Նժդեհի հրկիզված տունը, տան պատերը մինչեւ հիմա կանգուն են, ու սկսել է ուսումնասիրել բարեկամի կյանքը եւ բոլորին պատմել իսկությունը։



- Ինքը լավ գերազանցիկ ա եղել՝ Գարեգին Նժդեհը։ Առաջին դասարանից փոխվել ա երրորդ դասարան, երրորդից՝ հինգերորդ։



- Վունդերկի՞նդ էր՝ Դավիթ Հարությունյանի նման։



- Հա, շատ լավ տերտերի ծխական դպրոց ա եղել մեզ մոտ։ Ըտեղ սովորել ա, մեծ ախպերը՝ Հակոբը, իրան վերցրել-տարել ա Ներսիսյան վարժարան, Թիֆլիս, եկել ա, Ճամբարակում դպրոց ա բացել, մի 17 տարեկան ա եղել, որ բոլշեւիկն իրա տունը հրկիզել ա, էնդեղից գնում ա Երեւան, հետո՝ Գորիս, Զանգեզուր, Նախիջեւան, էնտեղից մի հատ տերտերի հետ ա հանդիպում՝ Հարությունյան Եղիշի։



Հայկ Ավագյանը՝ շախմատիստ եւ վարսավիր, հարցաքննում է իրենց գյուղի մեծերին ու նրանցից իմանում, որ Նախիջեւանում Նժդեհը տերտեր Եղիշ Հարությունյանի հետ է ծանոթանում։ Տերտերը Գարեգին անունով տղա է ունեցած լինում, որը տասը տարեկանում մահացել էր։ «Ու Եղիշը՝ տերտերը, ասում ա՝ դու իմ տղեն ես, արի քեզ պահեմ, հաց ա տալիս, ջուր ա տալիս Գարեգինին ու պահում ա, էնտեղից էլ գնում ա Լենինգրադ՝ սովորելու, էնտեղից էլ՝ Բուլղարիա, գալիս ա Նախիջեւան, զենք ա տեղափոխում, ու բանտ են նստեցնում, հենց բանտում անուն-ազգանունը փոխում ա՝ Գարեգին Նժդեհ ա դառնում»։ Հիմա պահանջում է, որ պատմական ճշմարտությունը վերականգնվի, ու ճանաչումն իր կյանքի գործն է դարձրել։ «Ես Ռոբերտ Քոչարյանին նամակ եմ գրել 2004 թվին, Քոչարյանն ուղարկեց «Գեղամա աշխարհ» թերթին՝ ուսումնասիրելու, նրանք էլ գրեցին՝ ապացույցները չեն բավարարում։ Ասեցին՝ տեղեկանքներ են պետք, իմ բարեկամի ծննդականը, ԱԱԾ արխիվներից, դպրոցի ավարտական վկայական։ Միայն ծննդականը վերցրի, բավականին՝ 20 հազար դրամ գումար նստեց, մտածեցի՝ լավ, մի քիչ հանգստանամ, մյուս տարի կգամ, հիմա էլ երկամյա դպրոցն ավարտելու փաստաթուղթը կուզեմ»։ Ինձ ցույց է տալիս իր բարեկամի՝ ենթադրյալ Նժդեհի ծննդականը․ «Ծննդականում Օհան ա գրած, Օհան Ավագյան Սարգսի, քրոջ անունը՝ Գեղեցիկ, մորը՝ Ջավահիր։ Ղազախի գավառի Ճամբարակ գյուղի ընտանեկան ցուցակ․ մեծ ախպերը՝ Հակոբ, Մկրտում, Արշակ ու Օհան, էս Օհանը Նժդեհն ա»։



- Լավ, հիմա ի՞նչ եք ուզում։



- Պահանջում եմ, թող ինձ ԴՆԹ անալիզ անեն։



- Բա Նժդեհից ո՞նց անալիզ վերցնեն։



- Մասունքներից թող անալիզ վերցնեն, թող ԴՆԹ անեն, պատմությունը վերականգնեն։



- Բա էն Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ նստածնե՞րն ովքեր են, էլի Ձեր բարեկամնե՞րն են։



- Էմմա Սահակյա՞նը, նա 5 տարի ա, ասում ա՝ ես Գարեգին Նժդեհի եղբոր թոռն եմ։ Ես նայում եմ, չի բռնում։ Ես երեկ թերթ կարդացի, զարմացա։ Զանգեցի Նժդեհի թոռանը՝ Էմմա Հայրապետյանին, ասեցի՝ Էմմա Սահակյանն ո՞վ ա, ասեց՝ ես ի՞նչ գիտեմ ով ա։



- Բա Նժդեհի թոռը Ձեզ ի՞նչ է ասում, հավատո՞ւմ է։



- Ասում ա՝ Հայկ ջան, ոչ մի բան չես կարա անես, պատմությունը չեն վերականգնի, դու ծախս մի արա, դու նստի՝ մազդ կտրի։ Մի անօրինական դուստր էլ Նժդեհը Մեղրիում ունի։ Ես ուզում եմ բոլորին հավաքեմ, պահանջեմ, որ բոլորին ԴՆԹ անեն, հանուն ճշմարտության։



- Բարեկամիդ արձանի մասին ի՞նչ կասես։ Լա՞վն է։



- Պյոտր Առաջինն ա։ Հեչ նման էլ չի։ Նժդեհը պետք է ձիու վրա նստած լինի ու թուրը ձեռքը։ Ես ճարտարապետներին հանդիպել եմ, ասել եմ՝ էս խի՞ եք սենց արել։ Էդ ճարտարապետները բողոքեցին, ասին՝ մեզ հաշվի չեն առել, ուրիշին են հաշվի առել, էս էն բերել-դրել։



- Հիմա, եթե սրա տակ ձի դնեին, ձեռքն էլ՝ թուր, կդառնա՞ր Նժդեհը։



- Այո, եթե Նժդեհին էին ուզում, պետք է ձիով ու թրով անեին։



- Իսկ ՀՀԿ-ին ո՞նց եք վերաբերվում։ Ձեր բարեկամին դարձրել են ՀՀԿ անդամ։



- Շատ լավ, նժդեհագետներին ես բալետ եմ անում, նժդեհագետներին եմ ընտրել։ Մեր քաղաքը 90 տոկոսով նրանց ա ընտրել։



- Նժդեհագետները ՀՀԿ-ականնե՞րն են։



- Հա, Հանրապետականը նժդեհագետներն են, դաժե ես եմ ասել ժողովրդին՝ նժդեհագետներին ընտրեք, բոլորը ոտի են կանգնել ու ընտրել են։ Իրանց բացատրել եմ՝ էդ մարդն ա Հայաստանը պահել։



- Հիմա ինչ ավազակախումբ Նժդեհի անունից խոսի, դրա՞ն պետք է ընտրեք։



- Չգիտեմ, ավազակներ էլ կան, կան խեղճեր, բարի էլ կան։



- ՀՀԿ-ն Ձեր բարեկամի անունը վերցրել է, ու բոլոր օլիգարխները նժդեհագետ են դարձել, Ձեր բարեկամը ո՞նց կընդուներ էդ փաստը։



- Լավ մարդիկ շատ կան նժդեհագետների մեջ։ Բոլորը լավն են, ես որ քաղաք եմ գալիս, տեսնում եմ՝ սաղ ֆիրմա մեքենաներ են։



- Դե, նժդեհագետների մեքենաներն են։



- Էդ որտեղի՞ց են էդ մեքենաները։ Ասում են՝ վատ ա ապրում ժողովուրդը, ոչ էլ վատ ա ապրում։ Ես Երեւան մի հատ մուրացկան չտեսա, Ճամբարակում էլ չեմ տեսել։ Եթե տեսել եմ, իմ քիթը կկտրեմ։ Ես նժդեհագետներից բողոք չունեմ, ուղղակի պահանջում եմ, որ անալիզ անեն, պատմությունը ճանաչեն։



- Եթե նժդեհագետները լավն են, դե թող Ձեր պատմությունը ճանաչեն։



- Գաղտնիք կա, որ նժդեհագետները չեն ուզում ասեն, չգիտեմ ինչու։



- Գուցե նժդեհագետները ԴՆԹ անալիզի համար փող չունե՞ն։



- Չէ, ունեն, երեւի, դաշնակներն ու կոմունիստներն են աղավաղել պատմությունը։ Կամ էլ նա անուն-ազգանունը փոխել ա, որ մի հոդվածով դատեն, մի մեղադրանքով։ Նժդեհը երկու մարդ ա սպանել, որ մի հոդվածով դատվի, անունը փոխել ա։ Ես լսել եմ, որ շատ մարդ ա սպանել։ Թուրքերի։



- Դուք նման եք Նժդեհին։



- Հա, դե մեր ազգը տենց ա, բոլորն էլ տենց են։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ