«Հյուսիս-հարավի» շինարարության համար փող չկա՞

«Հյուսիս-հարավի» շինարարության համար փող չկա՞

Նախարարության 6-ամսյա գործունեության արդյունքները ամփոփելով՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր ասուլիսի ժամանակ զեկուցեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատանքները բնականոն հունով շարունակվում են։ Նախարարի ամփոփիչ ասուլիսը մայիսի 5-ին էր։ Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 4-ին, կառավարության նիստից հետո, նախարարը տրամագծորեն հակառակ պնդումն արեց։ Մեր հարցին, թե արդյո՞ք աշխատանքները կանգնել են, եւ ի՞նչն է պատճառը, նա պատասխանեց․ «Չէ, մի քիչ դանդաղեցվել են։ Ես հրավիրել եմ շինարարական ընկերությունների ղեկավարներին, շատ խիստ ասել եմ, նույնիսկ չինական կողմին պայման եմ դրել, որ մինչեւ մայիսի վերջ ռեալ, իմ աչքով տեսնեմ, թե ինչ փոփոխություններ են կատարվել: Ղեկավարների հետ էլ նորից մինչեւ մայիսի վերջ ժամկետ եմ դրել, որ իրար հետ քննարկենք»։ 



Այս պատասխանից հետեւում էր, որ ասուլիսում նա, մեղմ ասած, ճիշտ չէր ասել։ Խոսե՞ց, թե՞ ոչ շինարարական ընկերությունների ղեկավարների հետ, ի՞նչ արդյունք տվեց զրույցը՝ այս մասին պատմությունը լռում է։ Փոխարենը լուրեր են տարածվում, որ «Հյուսիս-հարավի» աշխատանքները կանգնել են, որովհետեւ փող չկա։ Նախարարի հաջորդ՝ մայիսի 11-ի հայտարարությունից հետեւում է, որ նա «իր աչքերով, ռեալ» չի տեսել փոփոխությունները։ Նա գործադիրի հերթական նիստից հետո միջանցքում ասաց, որ աշխատանքները դանդաղ են ընթանում կապալառու չինական եւ իսպանական ընկերությունների ներքին խնդիրների պատճառով, որոնք շուտով կշտկվեն: Մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 10-19-ը, Հայաստան այցելեցին Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները՝ այն կազմակերպության, որն ավտոմայրուղու շինարարության ծրագրի իրականացման համար 2009 թվականին կնքված պայմանագրով պետք է 500 մլն․ դոլար տար՝ նախատեսված ֆինանսավորման կեսից ավելին։ Բնականաբար, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը չէր կարող պաշտոնական հանդիպումների ժամանակ չհետաքրքրվել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղով։ Մեր տվյալներով, հենց սա է եղել հանդիպումների հիմնական թեման։ Բայց ֆինանսների նախարարությունից մեր հարցմանը, թե ինչ է խոսվել բանկի ներկայացուցիչների հետ, մի անիմաստ դիվանագիտական «ռելիզ» ուղարկեցին, որտեղ ընդամենը ասվում է. «Կայացան մի շարք հանդիպումներ ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ», որոնց նպատակը «համագործակցության հետագա խորացման հնարավորություններն» են․ «Նման ձեւաչափով առաքելությունները պարբերական բնույթ են կրում եւ նպաստում են կողմերի միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը եւ զարգացմանը»,- գրված է հաղորդագրության մեջ։ «Խոսե՞լ են արդյոք գլխավոր ավտոմայրուղու մասին» մեր հարցը նախարարության խոսնակն ուղղակի անտեսեց՝ ասելով․ «Ավել բան չի էլ եղել»:



Տրանսպորտի նախարարի խոսնակն էլ հարցին, թե ինչ տարաձայնություն ունեն «Հյուսիս-հարավի» կապալառուները, որոնց մասին խոսում էր Վահան Մարտիրոսյանը, պատասխանեց, որ դրանք ընդամենը աշխատանքային հարցերի շուրջ են, «ոչ մի լուրջ բան չկա»։ Փաստորեն, աշխատանքային հարցերը լուրջ չեն։ Դատելով այն հրատապությունից, որով վարչապետն ասիական պատվիրակության հեռանալու օրը հավաքեց «Հյուսիս-հարավ» մայրուղու եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի անդամներին ու նիստ անցկացրեց, կարելի է եզրակացնել, որ նա անհանգստացած է։ Հիշեցնենք, որ մայրուղու կառուցումը մի ծրագիր է, որի համար փետրվարին, մեր ստացած պաշտոնական տվյալներով, արդեն ծախսվել է ավելի քան 200 մլն․ դոլար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ կրկնակի ավելի։ Բայց բոլոր կնճռոտ հարցերը մայրուղու վերաբերյալ փակ են պահում հանրությունից։ Վարչապետի գրասենյակը ճանապարհային միջանցքի մասին երկու ոչինչ չասող բառ տարածեց․ «Անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրին առնչվող մի շարք այլ հարցերի»։ Մեր աղբյուրները հաղորդում են՝ հնարավոր է, որ Ասիական բանկն ընդհանրապես հրաժարվի մայրուղու շինարարությունը շարունակելու գաղափարից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ