Պարգևատրման արարողություն՝ Նախագահականում

Պարգևատրման արարողություն՝ Նախագահականում

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:



Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ:



 



***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ



 



Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,



Հարգելի՛ հյուրեր,



Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի և մեր պետության բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու առթիվ:



Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը:



Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա:



Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը:



Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության:



Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը: Եվ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի և նվիրումի համար:



Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումները ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:



Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք ևս ձեր ողջ ներուժը և ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում:



Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է:



Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր:



Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր և հետևողական աշխատանքը:



Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, այս կարևոր տոնի և պարգևատրման կապակցությամբ:



Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար: