Գրադարանավարները՝ սպասելով ապագային

Գրադարանավարները՝ սպասելով ապագային

Վանաձորում գրադարանավարներին աշխատանքից ազատելն ավելորդ ծախսեր խնայելու, քաղաքապետարանի բյուջեի սղության պատճառաբանումներով հերթական խորամանկ աճպարարությունն է, գլխացավանքից, նման ճոխություններից ազատվելու բավականին ճկուն ու կարճ ճանապարհ:



Դրույքաչափերի կրճատման արդյունքում համայնքային բյուջեն կխնայի 30 մլն․ դրամ, ըստ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ այդ գումարը քաղաքի տնտեսության զարգացմանն է միտվելու: Փաստացի աշխատանքից ազատված գրադարանավարները եւս այսուհետ պիտի ընդգրկվեն ապագայապաշտների այն ցանկում, որը գալիք ժամանակների համար բազում խոստումներ է տալիս, գայթակղում է հեռանկարի խայծով, ուղղակի, հենց այնպես, մի երկու կիսացնորական, մեղկ ու անհող նախադասությամբ:



Քաղաքապետարանը վստահեցնում է, որ հնարավորության դեպքում կփորձի աշխատանքի տեղավորել գրադարանավարներին: Իսկ Հայաստանում ո՞վ չի վստահեցնում՝ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, Կարեն Կարապետյանն ամեն ժամ, ամեն րոպե վստահեցնում է, նորահավաք Ազգային ժողովը վստահեցնում է… բոլորը վստահեցնում են՝ հիմք ընդունելով, նկատի ունենալով հենց այդ՝ իր անմարմնությամբ ու աներեւութությամբ գերապահով ապագան:



Միով բանիվ, պարզվում է՝ գրադարանավարներին եւ, առհասարակ՝ գործազուրկներին բան չի մնում անել, քան նստել եւ սպասել այդ սրբազնագույն ապագային: Վանաձորի քաղաքապետը «հիմնավորում» է․ «Չեմ կարծում, որ այս համացանցային դարում այնքան գրքասերների ու գիրք կարդացողների հոսքը շատ է, որ մենք մեզ նման ճոխություններ պետք է թույլ տանք» (աղբյուրը՝ aravot.am, մայիսի 18, 2017թ.):



Հետաքրքիր է՝ քաղաքապետը որքանո՞վ է տեղյակ, որ նույն «համացանցային դարում» միլիոնավոր մարդիկ վերստին նախապատվությունը տալիս են տպագիր գրքին, շարունակում են օգտվել թե հանրային, թե գյուղական գրադարաններից: Եթե Հայաստանում համայնքային, գյուղական գրադարաններն այլեւս ճոխություն են համարվում, ուրեմն առհասարակ պիտի փակել գրադարանային, ընդհանրապես՝ հրատարակչական գործը, դրանց բարելավմանը միտված բոլոր փքուն խոսակցությունները, որոնք տարեսկզբին, կարծեմ, հեղեղել էին ողջ լրահոսը, Արմեն Ամիրյանն ակտիվությամբ գրահրատարակչական գործի, գրքի ոլորտի վերաբերյալ հազար ու մի բան էր ծրագրում: Տեսնես ո՞ւր մնաց այդ խանդավառությունը, ո՞ւր մնացին գաղափարները: Ե՞րբ են զարգանալու մարզային գրադարանները, ե՞րբ է Հայաստանում ավելի բուռն, ավելի դինամիկ զարգանալու գրահրատարակչական ոլորտը: Վերջապես, կասեցված պետաջակցության գումարներով քանի՞ գյուղական գրադարան համալրվեց նոր լույս տեսած գրքերով, քանի՞սը վերանորոգվեցին: Երեւի թե այս ամենը պատկանում է ապագային, սրանք «անմեղ ժպիտով, եթերային ապագայի խնդիրներն են, չէ՞ որ Հայաստանը միշտ էլ ապագայի ապահով ձեռքերում է»:



Արամ ՊԱՉՅԱՆ