Ադրբեջանը վարձկաննե՞ր է ներգրավել

Ադրբեջանը վարձկաննե՞ր է ներգրավել

Շուրջ մեկ ամիս առաջ Բաքվում անցկացվելիք «իսլամիադայի» կապակցությամբ Իլհամ Ալիեւը դիմեց մուսուլմանական երկրներին եւ կոչ արեց խզել Հայաստանի հետ կապերը: Այդ տեսակետը նա «հիմնավորել էր» նրանով, որ «Ղարաբաղում հայերը պայքարում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ իսլամական քաղաքակրթության եւ պատմական ավանդույթների դեմ»: Այդ առթիվ մենք կարծիք էինք հայտնել, որ Ալիեւը փորձում է Արցախի հարցը իրավա-քաղաքականից տեղափոխել կրոնական եւ քաղաքակրթական դիմակայության հարթություն եւ չէինք բացառել, որ դա կարող է հետեւանքներ ունենալ:



Կարճ ժամանակ անց Ալիեւը չմասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Ստամբուլի գագաթնաժողովին եւ նախընտրեց ներկա գտնվել նույն օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մի խորհրդաժողովի, որը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` կլոր սեղանի շուրջ համախմբելով Պարսից ծոցի արաբական եւ հետխորդային իսլամադավան մի շարք երկրների առաջնորդներին: Այդ ձեւաչափում Ալիեւին չհաջողվեց արժանանալ ԱՄՆ նախագահի ուշադրությանը, բայց մյուս կողմից էլ ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլում ոչ մի տող չգրվեց այն մասին, թե երկու-երեք օր ինչով էր զբաղված նա Սաուդյան Արաբիայում: Բացառված չէ, որ Ալիեւը խորհրդապահական քննարկումներ է անցկացրել մուսուլմանական որոշ երկրների ղեկավարների հետ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, համարում է, որ Էր-Ռիադն իր ռազմավարական դաշնակիցն է, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ: Այդ շարքում է նաեւ Պակիստանը:



Եւ ահա այս համապատկերին ադրբեջանական մամուլում հայտնվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գործող հակահայկական Asimder («Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարի միջազգային կազմակերպության») ղեկավար Գյուքսել Գյուլբենի հայտարարությունը, որ «<Հայաստանը Ղարաբաղ է ներգրավել ութ հազար աֆղան վարձկանների»:



(https://haqqin.az/news/101994) Գյուլբենի ասելով, «նրանց հետ պայմանագիր է կնքվել հինգ տարի ժամկետով, յուրաքանչյուրին կվճարվի երեք հազար դոլար, իսկ հետագայում կտրվի Հայաստանի քաղաքացիություն եւ եվրոպական երկրների անցագիր»: Այլ դեպքերում թուրք-ադրբեջանական քարոզչությունը համերաշխ տարփողում է, որ Հայաստանը «ծայրահեղ աղքատ երկիր է», բայց այս անգամ, չգիտես ինչու, այդ հանգամանքը լիովին անտեսված է: Փոխարենը կա չափազանց վտանգավոր ակնարկ, որ Թուրքիան պետք է Իրանից պահանջի «փակել աֆղան վարձկանների դեպի Հայաստան ճանապարհը», ինչը տեղեկատվական դիվերսիա է Իրանի եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ:



Կարելի է ենթադրել, որ սույն ապատեղեկատվությունը թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություններն են հորինել եւ տարածել թուրք հակահայ գործչի միջոցով: Նպատակը, հավանաբար, Ալիեւի եւ մուսուլմանական որեւէ երկրի միջեւ ադրբեջանական կողմից զորքերի շփման գծում իսլամական գրոհայիններ ներգրավելու մասին պայմանավորվածության քողարկումն է: Ադրբեջանը նման փորձ ունի. 1993-94թ.թ. ռազմաճակատի հարավային` Հադրութ-Ֆիզուլի, ուղղությամբ հայկական ուժերը ենթարկվել են աֆղան մոջահեդների հարձակմանը: Դա ապացուցված է փաստերով, Հայաստանի եւ Աֆղանստանի միջեւ դիվանագիտական շփումներով: Հայտնի է, որ մոջահեդներին ներգրավելու հարցով Պակիստան է մեկնել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ, ներկայումս ԱՄՆ-ում վտարանդու կարգավիճակով ապրող Ռասուլ Գուլիեւը:



Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ աֆղան մոջահեդները ճամբարների ցանց ունեն Պակիստանում եւ փաստացի ենթարկվում են այդ երկրի բարձրագույն ռազմական հրամանատարությանը: Ընթացիկ տարում Պակիստանը եւ Ադրբեջանը բարձր մակարդակի այցելություններ են փոխանակել եւ չեն թաքցրել, որ սկսում են ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլ: Բացառված չէ, որ մի մասով դա վերաբերում է Պակիստանից ռազմական մասնագետների եւ աֆղան մոջահեդների ներգրավմանը: Ադրբեջանի բանակում տեղի են ունենում վերադասավորումներ: Ըստ երեւույթին, Ալիեւը ինչ-որ բանի է նախապատրաստվում եւ արդեն իսկ սկսել է տեղեկատվական ապահովություն փնտրել Թուրքիայում. եթե վաղը հայկական ուժերը ոչնչացնեն կամ գերի վերցնեն իսլամական գորհայինների, ապա Բաքուն, հղելով Գյունելի հայտարարությանը, չքմեղանալու է, որ «նրանք վարձահրավիրվել են Հայաստանի կողմից»: Այդ մասին պետք է ահազանգել այսօր...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ