Ահաբեկչություն Փարիզում. հարձակվողը հոսպիտալացված է

Ահաբեկչություն Փարիզում. հարձակվողը հոսպիտալացված է

 



Հերթական ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել Փարիզում, որը ոստիկանների վճռական գործողությունների շնորհիվ ողբերգական հետևանքներ չի ունեցել: Ծնունդով ալժիրցի 40-ամյա տղամարդը մուրճով հարձակվել է ոստիկանների վրա, վնասվածք հասցրել նրանցից մեկին: Իրավապահները կրակ են բացել տղամարդու վրա, ինչից հետո վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 



Ոստիկանների փոխանցմամբ՝ հարձակվող տղամարդը բացականչել է՝ «Սա ձեզ՝ Սիրիայի համար» և  իրեն անվանել «խալիֆաթի զինվոր»:



Ոստիկանությունն ստիպված է եղել դադարեցնել տարածքում քաղաքացիների անցուդարձը, ինչպես նաև հորդորել զբոսաշրջիկներին միառժամանակ մնալ դեպքի վայրին մոտ գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարի տարածքում:



Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Քոլլոնը, բացի մուրճը, տղամարդը զինված է եղել նաև խոհանոցային դանակներով: Նրա մոտ հայտնաբերվել է Ալժիրցի ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ, որի իսկությունն այժմ պարզվում է: Քոլլոնի խոսքով՝ տղամարդը գործել է միայնակ: