Կարծում եմ` այս հարձակումները նույն ահաբեկչական գործողության մաս են կազմում. Կարեն Խանլարյան

Կարծում եմ` այս հարձակումները նույն ահաբեկչական գործողության մաս են կազմում. Կարեն Խանլարյան

Իրանի Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, մեզ հետ զրույցում հաստատեց խորհրդարանի շենքի վրա հարձակման լուրը` նշելով, որ պատգամավորներին տեղեկացրել են այդ մասին և հորդորել մնալ դահլիճում:



«Խուճապ չկա, զարգացող դեպքերին տեղյակ ենք, տեղյակ ենք նաև, որ հարձակում է եղել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Կարծում եմ` այս հարձակումները նույն ահաբեկչական գործողության մաս են կազմում»,- ասաց պատգամավորը:



Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր անհայտ անձինք ներթափանցել են Իրանի Պառլամենտ և կրակոցներ արձակել ներսում գտնվող պահակների և քաղաքացիների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը, Իրանի Պառլամենտում տեղի ունեցած կրակոցներից տուժածների թիվը հասել է ութի:



Ներկայումս շարունակվում է ուժայինների հատուկ գործողությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում:



Հիշեցնենք, նաև որ Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ 3 անհայտ անձ կրակահերթ է բացել Իմամ Խոմեյնիի դամբարանում: Գործակալությունը հայտնում է, որ հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է իրեն, կա զոհ։



Էդ.Ա.