«Երկիր ծիրանի» կուսակցությունը դատի է տալու քաղաքապետին, Սուրիկ Խաչատրյանի եղբորն ու այլոց

«Երկիր ծիրանի» կուսակցությունը դատի է տալու քաղաքապետին, Սուրիկ Խաչատրյանի եղբորն ու այլոց

«Երկիր ծիրանի» կուսակցությունը դատական հայց է ներկայացնելու Տարոն Մարգարյանի, քաղաքապետարանի, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների, և Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի գլխավորած ՋԷԿ-ին. Այսօր այդ մասին հայտարարեցին կուսակցության անդամները, ընդգծելով, որ սա կոռուպցիոն, կեղտոտ, ազգադավ գործարք է պետության դեմ։



Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծ, որն ընդունվեց։ Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ «Սպայկա» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Նախատեսվում է այդ տարածքի վրա ջերմոցային համալիր և բորբոսով պանրի գործարան կառուցել։



«Ինչպե՞ս է լինում, որ ուրբաթ օրով դրվում է արտահերթ քննարկման, արդեն իսկ կայացված նիստին լրացում է մտցվում որոշման մեջ, կոդավորված կետեր են ավելացնում այդ նիստի որոշմանը, ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսին դա դրվում է քննարկման, այն դեպքում, երբ 82 կետից բաղկացած որոշումն առնվազն, եթե յուրաքանչյուր կետին մեկ օր տրամադրվեր, առնվազն 82 օր էքսպերտային քննարկում պետք է անցներ, պիտի մեծ մասնագիտական խումբ լիներ և այլն».- նշում է կուսակցության ներկայացուցիչներից Ստելա Աղաջանյանը, ում խոսքերով՝ իրենց յուրաքանչյուր խոսքը կարող են ապացուցել փաստաթղթերով։ «Տարոն Մարգարյանն իր բազմաթիվ «ասաբնյակներից» մեկն ում ուզում է, կարող է նվիրել, չնայած դա էլ է հարցական, նա որտեղից ունի այդքան բան, ամեն երեխայի ծնվելուց մի նոր «ասաբնյակ» է ծլում Տարոն Մարգարյանի սեփականության մեջ».- ասաց Ստելա Աղաջանյանը՝ հավելելով, որ թեպետ արդարադատություն չկա մեր երկրում, բայց, միևնույնն է, դիմելու են դատարան։



Մանրամասները՝ տեսանյութում։





«Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ընկերություններին նվիրված հողատարածքների կադաստրային արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն տարածքի շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար. «Փաստորեն մեր պետական բյուջեից բացի, այն որ ամսական քաղաքապետարան, թաղապետարանները ստանում են շուրջ մեկ միլիոն դոլար աշխատավարձ, նվիրվում են նաև հողատարածքները։ Պարոնայք, այդ հողատարածքները և կառուցվելիք ցանկացած բան դուք ձեզ հետ ոչ մի տեղ չեք տանելու։ Բոլոր անձանց և պատասխանատուներին մենք կանչելու ենք պատասխանատվության։ Էլեկտրաէներգիայի ծախսն իրականացվելու է այն ՋԷԿ-ից, որի սեփականատերն է հանդիսանում հանցագործ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը։ Ըստ լուրերի՝ այս կազմակերպությունները պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային, նաև բաժնեմաս ունի Ռոբերտ Քոչարյանը»։





«10 միլիոնի համար... մեր բյուջեի վիճակն ահագին կթեթևանար՝ հաշմանդամների, չգիտեմ, գործազուրկների նպաստը, մինչև ե՞րբ։ Իսկ հիմա դուք նվիրաբերում եք «Սպայկայի» գեղեցիկ աչքերի համա՞ր, ինչի՞ համար։ Պարզ չի՞ որ ընտրություններ են կատարվել, փողեր եք ծախսել, հիմա էլ լվանում եք, հետ եք տալիս».- նշեց Գոհար Արշակյանը։ Ի դեպ, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները ուշադրություն հրավիրեցին նաև այն փաստի վրա, որ կառավարության որոշման մեջ հատուկ կետ չկա այն մասին, թե տարածքը նպատակային չօգտագործելու դեպքում ի՞նչ սանկցիաներ են կիրառվելու ընկերությունների նկատմամբ։