Մինչ 2018-ը եւ դրանից հետո

Մինչ 2018-ը եւ դրանից հետո

Շատ հնարավոր է՝ առհասարակ 2018 թվականն ինքն իրեն անհետացնի քաղաքական դաշտի, հայաստանյան քաղաքական կյանքի ուղեծրից: Սահմանի վրա լարվածությունը, կորուստները, վարչապետի «հոգեթերապեւտիկ» գործունեությունը, այդ գործունեության հանդեպ հետայսու կասկածների, երկբայությունների ու տարբեր տրամաչափերի տակառների գլորումները, որը, ինչպես երեւում է, իրագործվում է ավելի շատ գործող իշխանական վերնախավի լիարժեք համաձայնությամբ, մռայլ ապագայի նախորոշումներ են պարզում: Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, կամ ո՞վ է լինելու հաջորդ նախագահը․ իշխանության ներսում սրանք սոսկ տեխնիկական հարցեր ու տեխնիկական հիմնախնդիրների արհեստական լուծումներ են: 



Համենայնդեպս, տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ականներն սպասման մեջ են կամ, ինչպես ասում են՝ «ինչքան ձգեն՝ ձգեն»: Եվ այս ողջ բնանկարը գնալով վճիտանում է, իշխանական գլխամասն սպասում է, թե երբ վերջնականապես կնստեն Կարեն Կարապետյանի «դրայվների», «ռեստարտների» ու «ափդեյթների» մարտկոցները, ու, ինչպես երեւում է, վարչապետին ցատկահարթակի երկրորդ շանս չեն տալու, քանի որ Սերժ Սարգսյանը դժվար թե կառավարման գավազանի անգամ կեսը զիջի, թեկուզ իրեն սերտաճած նոր գոյացությունների:



Այս օրերին ՀՀԿ-ի ողջ «խնդիրն ու հերոսությունն» է՝ հնարավորինս, մինչեւ անգամ վերացական միջոցներով (ասենք՝ բախտագուշակների կամ խոստովանահայրերի մոտ ամեն շաբաթ վազելով), երկրում ստեղծված, պետության առջեւ ծառացած լրջագույն, օրհասական հարցերը թողնել քարացման մեջ, ձգել հնարավորինս երկար՝ հուսալով, որ ռազմական մեծածավալ բախումները, վերահաս պատերազմն ինչ-որ կերպ խույս կտան մեզնից, իսկ արտաքին քաղաքականության տիրույթում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները բարեհաճ կգտնվեն մեր հանդեպ, մեծ տերությունները, շահագրգիռ կողմերը թակարդներ ու դավադրություններ չեն լարի եւ կշարունակեն, ինչպես միշտ, հայաստանյան իշխանություններին ու առհասարակ Հայաստանին վերաբերվել իմիջիայլոց՝ «կա-չկայի» ու «թեթեւ միգրենի» համատեքստում:



Դեսպանատներին ցուցումներ հղելով ու տուրիստական գործակալություններին տուգանելով՝ ճամպրուկները հավաքած մարդկանց ետ չես պահի, այս պահին ոչ մի մարգարե ի զորու չէ կասեցնել, պատասխանատվության ենթարկել այդպես էլ ոչ մի կերպ չվերականգնվող տնտեսության պատերը հիմնահատակ փլուզած օլիգարխների փաղանգին:



Հիմա արդեն ուշ է՝ իշխանության համար այս րոպեիս «կարեւորը ձգելն է, ձգելու կամքի «հրաշագործ» համառությունը», մինչեւ որ Հայաստանում ապրող 900 հազար աղքատ մարդիկ մեկառմեկ ոչնչանան, 300 հազարը՝ ծայրահեղ չքավորության մեջ:



2018 թվականը Հայաստանի համար վճռորոշ թիվ չէ։ Վճռորոշ են տարվա յուրաքանչյուր ամիսը, ամսվա մեջ՝ յուրաքանչյուր օրը եւ այն մարդկային կյանքերը, որոնց ձեռքից խլված է արժանապատիվ ապրելու գեթ չնչին հնարավորությունը:



Արամ ՊԱՉՅԱՆ