Թշնամիներիս չեմ ներելու. Նստեմ-հելնեմ... աստված տա՝ շուտ հանդիպենք

Թշնամիներիս չեմ ներելու. Նստեմ-հելնեմ... աստված տա՝ շուտ հանդիպենք

Հունիսի 27-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Ռ. Պապոյանի, հրապարակեց ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի դատավճիռը: 



Նիստն ուշագրավ ստացվեց. չնայած կողմերը մինչեւ վերջ չբացահայտեցին միմյանց սխալները, սակայն ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի վերջին խոսքում հետաքրքիր նրբերանգներ զգացվեցին: Սա երեւի թե այն եզակի դեպքերից է, որ երկար ժամանակ՝ 9 տարի հետախուզման մեջ գտնվելը, լռելն ուղղվում են հենց հետախուզվողի դեմ: Դա նրա տակտիկական սխալն էր, քանի որ սպանության մեջ ներգրավված անձինք ու վկաներն արդեն ասել էին իրենց ասելիքը Նարեկի դեմ, մեծ հաշվով՝ բացահայտել նրա դերը գործում։ Այդ ամենը (անկախ նախաքննական թերություններից) տրամաբանական մեղադրանք էր դարձել, այնուհետեւ՝ օրինական ուժի մեջ մտած 2 դատավճիռ, որոնց դեմ հակափաստարկներ բերելն այլեւս դժվար է, եթե ոչ անիմաստ...



Պաշտպան Վարդուհի Էլբակյանն իր պաշտպանական ճառով միջնորդեց դատարանին՝ արդարացնել իր պաշտպանյալին եւ անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից, քանի որ, ըստ նրա, մեղադրանքը կոնկրետացված, ապացուցված չէ:
Միանգամից ասենք, որ պաշտպանական կողմը մեղադրանքը հերքող էական հակափաստարկներ գրեթե չբերեց, թեեւ կային նաեւ դատավարական առումով տեղին դիտարկումներ: Շրջանցվեցին կամ թռուցիկ, հատվածային անդրադարձ եղավ կոնկրետ Նարեկին առնչվող դրվագներին: Պաշտպանը չանդրադարձավ սպանության մյուս պատվիրատու Ս. Հակոբյանի եւ մարդասպան Արսեն Առուշանյանի, նրան օժանդակողների ուժի մեջ մտած դատավճիռներին՝ նշելով, որ դրանք վերաբերելի չեն:
Մեղադրանքը չընդունող ամբաստանյալ Ն. Խաչատրյանն ասաց, որ ինքը Սեդրակին սպանելու «մոտիվացիա» չուներ, եթե իրեն պետք լիներ սպանել Սեդրակին, ինքը կսպաներ, ուրիշին փող չէր տա դրա համար: Ասաց, որ նախկինում վեճ չի ունեցել Սեդրակի հետ: Ընդհակառակը՝ լավ հարաբերություններ է ունեցել ե՛ւ նրա, ե՛ւ սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի հետ: Ընդհանուր առմամբ, ամբաստանյալի հակափաստարկներն անհամոզիչ էին, թերի: Նա խոսք չասաց, թե ինչպես է եղել, որ անմիջական սպանություն կատարողն իր հոր ընկերոջ որդին է եւ այլն: Ինչո՞ւ են առանցքային անձանց ցուցմունքները տրամաբանորեն համընկնում միմյանց, եւ ինչո՞ւ են հենց նրա անունը մատնանշել:



Ն. Խաչատրյանը զարմացավ, թե ինչու է դատախազը15 տարի պահանջել անորոշ մեղադրանքի համար: «Ձեզ համար մարդու ճակատագիրը ոչ մի բան է: Ես Ձեզ հասկանում եմ, աշխատավարձ եք ստանում, ինչ ասեն՝ պետք է անեք, ասեն` գնդակահարեք, կգնդակահարեք: Մեղք եք, սաղիդ երեխեքն են պատասխան տալու»:
Ամբաստանյալը խւստվանեց, որ ինքը 9 տարի փախուստի մեջ չի եղել, ապրել է Հայաստանում. «Ես ստեղ եմ եղել, թող իրավապահները մտածեն` ոնց են աշխատել կամ կարողացե՞լ են ինձ բռնել, թե՞ ոչ: Ես շատ լավ գիտեմ, որ իմ խոսքը ոչ մի արժեք չունի, պարզապես ոչ մեկ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի...
15 տարի. հլը փորձեք ձեր տան բաղնիքի դուռը փակել, տեսնեմ քանի՞ օր կարաք էնտեղ ապրել, հլը հետ գնա 15 տարի, տես ի՞նչ ես արել 15 տարի առաջ, կհիշե՞ս: Ախր ո՞նց ես մարդուն, չապացուցված, 15 տարի տալիս… Ես 8 տարի իմ տանջանքը կրել եմ, ինչ որ ես եմ քաշել, ես գիտեմ: Հիմա ինձ առանց ինչ-որ պատճառի դատում եք, նշանակում է` թաղում եք»:



Ամբաստանյալը հորդորեց դատավորին դատավճիռ կայացնելիս առաջնորդվել խղճով. «Եթե ես 15 տարի նստեմ, բոլորիդ թշնամի կհամարեմ: Չեմ ահաբեկում, բայց իմ թշնամիներին չեմ ներելու... Առողջություն էլ չունեմ... Նստեմ-հելնեմ, գիտեմ ինչ կանեմ. Աստված տա՝ շուտ հանդիպենք»:
Դատարանը Նարեկ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:



ՀԳ. Նա այժմ պետք է հատուցի «սխալ» շրջապատ ընտրելու, նախաքննությունից 9 տարի թաքնվելու, լռելու համար... երբ մյուսները բացահայտվել եւ խոսում էին իր մասին ու իր դեմ: Դու պետք է կամ ժամանակին խոսես՝ իրավունքդ պաշտպանելու համար, կամ լռես՝ կրելով հատուցման բեռի ծանրությունը, գուցե՝ նաեւ ուրիշների...
Իսկ եթե հույսդ դրել ես կոռումպացված երկրի իրավապահ համակարգի վրա՝ փորձելով օգտվել նրա «ընձեռած» ազատության մեջ մնալու, պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունից, ուրեմն քո հաշվարկները սխալ էին... Սխալ է նաեւ «թշնամի-պաշտոնյաների» ներկայությամբ սպառնալիքներ հնչեցնելը: Մի բարդացրու վիճակդ, պարզապես հիմա պատասխանատվություն կրիր քո խղճի առաջ՝ արածիդ համար, մնացածը կլուծեն ժամանակն ու Աստված:



Էլմիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ