Ունեցել ենք երեխա, ով ջուր էր խմում միայն, երբ միացնում էինք մուլտֆիլմը․ (ֆոտոշարք)

Ունեցել ենք երեխա, ով ջուր էր խմում միայն, երբ միացնում էինք մուլտֆիլմը․ (ֆոտոշարք)

Մանկական զարգացման հիմնադրամը, որն իր ստեղծման օրվանից մինչ այսօր (2002-16թթ.) աջակցություն է ցուցաբերել մոտ 2 հազար երեխայի, նպատակ ունի ապահովել երեխաների ներդաշնակ զարգացումն ու խոցելի խմբերի երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմում է ոչ միայն իրենց մատուցած ծառայությունների, այլեւ այն մասին, թե ինչ խնդիրների են բախվում զարգացման տարբեր մակարդակներում գտնվող երեխաների հետ աշխատելիս։ 



- Երեխայի լավ լինելը, նրա եւ նրա ընտանիքի կյանքը բարեկեցիկ դարձնելն ամբողջական բան է, քանի որ դրա մեջ կա առողջապահական, կրթական, սոցիալական մաս, եւ մեր կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ դժվար իրավիճակում գտնվող երեխային, նրա ընտանիքին դիտարկում ենք հենց այդ 3 տեսանկյուններից։



- Զարգացման ի՞նչ խնդիրներով երեխաների են բերում Ձեր կենտրոն, եւ միջինն ինչքա՞ն է տեւում բուժման կուրսը։



- Մեզ մոտ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ են հաճախում։ Ունենք Վիլյամսի, Դաունի սինդրոմով երեխաներ, աուտիզմով ու նաեւ աուտիզմի սիմպտոմատիկայով երեխաներ։ Դա այն է, որ չի հասել աուտիզմի եւ կարող է շատ արագ շտկվել։ Ունենք խոսքի հապաղումով, վարքային, հոգեբանական խնդիրներով, նաեւ մտավոր հետամնացություն ունեցող երեխաներ։ Այսինքն՝ այն երեխան, ում դեպքում թերապեւտիկ միջամտությունը կտանի նրա զարգացմանը, կարող է մեզ մոտ հաճախել։ Անգամ խնդիր չունեցող երեխաներն են հաճախում, որովհետեւ երեխայի հետ ինտենսիվ աշխատանքն արտթերապեւտի, հոգեբանի միջոցով միշտ բացում է այդ երեխայի ներուժը եւ պոտենցիալը։ Դրա համար ենք ասում, որ ներառումն անհատի դրսեւորումն է հասարակությունում, եւ կապ չունի, թե ինչ անհատի հետ ենք աշխատում, որովհետեւ ներառումը շատ զգայական թեմա է, որը չի վերաբերում միայն հաշմանդամությանը։



- Ինչպե՞ս եք աշխատում երեխաների հետ, կա՞ հստակ մշակված մեթոդաբանություն։



- Էկլեկտիկ մեթոդաբանությամբ, այսինքն՝ մեր հիմնական վերաբերմունքն անհատական մոտեցումն է, շատ կարեւորում ենք յուրաքանչյուր երեխայի կարիքը, եւ այդ կարիքի հիման վրա կազմվում է նրա զարգացման պլանը։ Մեր կենտրոնում աշխատում են տարբեր մասնագետներ՝ հոգեբան, հատուկ մանկավարժ-լոգոպեդ, արտթերապիստ, սոցիալական աշխատող։ Մեզ մոտ սահմանված մեթոդաբանությամբ մինիմում կուրսը 3-6 ամիս է։ Կոնկրետ վիճակագրություն չունենք, բայց, օրինակ, աուտիզմի սիմպտոմատիկա կա, որ մեկ տարում հնարավոր է վերանա։



- Զարգացման խնդիրներ ունեցող երեխաները սովորաբար խնդիրներ են ունենում նաեւ տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Աշխատանք տանո՞ւմ եք նաեւ ծնողների հետ։



- Իհարկե, միայն երեխային մասնագիտական ծառայություն տալով եւ չաշխատելով նրա ծնողի՝ ընտանիքի հետ, մենք չենք կարող այդ երեխայի կյանքն ավելի լավը դարձնել։ Մեզ մոտ երեխաներն սկսում են հաճախել մեկուկես տարեկանից մինչեւ 18 տարեկան։ Իհարկե, ունենք մտավոր հետամնացություն ունեցող երեխաներ, ովքեր 18 տարեկանից բարձր են, եւ նրանց հատուկ մասնագիտական ծառայություն ենք ցուցաբերում, որովհետեւ այդ երեխաները Հայաստանում շատ տեղեր չունեն գնալու, եւ նրանց հետ շատ երկարաժամկետ պետք է աշխատել։



- Իսկ ինչպե՞ս եք զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին հայտնաբերում։



- Ընդհանրապես, հայտնաբերման պրոցեսը Հայաստանում շատ կարեւոր է, եւ այս դեպքում երեխային դեպի մեզ բերելու աղբյուրները տարբեր են։ Օրինակ՝ տարբեր հոդվածներով, մեր ֆեյսբուքյան էջով ծնողներին ասում ենք, որ եթե երեխայի տարիքային առանձնահատկություններից ելնելով նրա մոտ տարօրինակ բան եք տեսնում, պարտադիր պետք է արձագանքեք։ Աշխատում ենք նաեւ մանկապարտեզների եւ դրանց ուսուցիչների հետ, կազմակերպում ենք քննարկումներ, մեր մասին տեղեկացնում ենք նաեւ պոլիկլինիկաներին։ Ունենք նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության թեժ գիծ, որովհետեւ ծնողը երբ հարց է ունենում, շատ հաճախ զանգահարում եւ հարցնում է։ Առաջինը փորձում ենք հասկանալ, թե երեխան ինչ խնդիր ունի, որից հետո կատարվում է բազմամասնագիտական խմբի խորհրդատվությունը, նաեւ սոցիալական տեսանկյունից դիտարկում ենք՝ ընտանիքը վճարունա՞կ է, թե՞ չէ։ Եթե անվճարունակ ընտանիք է, ապա սոցիալական աշխատողը տուն այց է կատարում, եւ մենք ոչ միայն դիտարկում ենք «Փարոս» ստանալու փաստը, այլեւ իրապես երեխայի հրատապության խնդիրը, ծնողների պատրաստակամությունը, համագործակցելու բնույթը, եւ այդ դեպքում ընտրություն ենք կատարում, թե որ երեխային տանք առաջնահերթություն։ Այս պահին մեզ մոտ 100 երեխա մասնագիտական ծառայություններ է ստանում, որից մոտ 45-ը՝ անվճար ծառայություն, սպասման ցուցակում էլ դեռ 20 երեխա ունենք։



- Նկատե՞լ եք՝ վերջին տարիներին, այնուամենայնիվ, ի՞նչ դինամիկա կա, հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների բումով պայմանավորված։



- Դինամիկան ցույց է տալիս, որ հիմնականում աուտիզմի խնդիրն է առկա երեխաների մոտ։ Հիմա շատ են խոսում դրա մասին, բայց աուտիզմը դեռ մինչեւ վերջ բացահայտված չէ, չհաստատված կարծիքների համաձայն՝ դա կապում են պատվաստումների հետ։ Իմ կարծիքով, աուտիզմը նաեւ նոր տեխնոլոգիաների հետ է կապված կամ էլ հակառակը՝ այդ երեխաներն ուղղակի ձգվում են դեպի նոր տեխնոլոգիաները։ Բայց ամենակարեւորն այն է, որ երեխային ծնողը պետք է տա ֆիզիկական ժամանակ։ Ծնողավարությունը սովորեցվող եւ ամենադժվար մասնագիտությունն է, բայց բնազդը, որ մեզ տրված է բնությունից, երեխային սիրելն է, իսկ դա միայն տալն է մեր ֆիզիկական ժամանակից։ Նոր տեխնոլոգիաների եւ սպառող հասարակության արդյունքում մեր ծնողները շատ դեպքերում տալը պատկերացնում են այֆոններ գնելով, տարբեր տեղեր տանելով ու իրենցից երեխային հեռացնելով, մինչդեռ, ընդհակառակը՝ պետք է մոտեցնեն իրենց։ Վիճակագրորեն մենք նայել ենք․ այն երեխաները, որ այդ մուլտֆիլմերն են նայում, դրանք տանում են ինքնամփոփության, այլ մտածողության եւ իսկապես շատ վատ են անդրադառնում երեխաների վրա։



- Կա՞ն մուլտֆիլմեր, որոնք Դուք, որպես մասնագետ, խորհուրդ չէիք տա, որ երեխաները նայեին։



- Օրինակ՝ «Մաշան եւ արջը», «Վարդագույն խոզուկը», որոնց մասին շատ է խոսվել, բայց մենք ինքներս հորինել եւ ստեղծել ենք պլանշետի համար մի խաղ, կոչվում է՝ «Իմ օրը», որն աուտիզմ ունեցող երեխային կենցաղավարություն է սովորեցնում․ դա մասնագիտական խաղ է՝ զարգացման խնդրին ուղղված։ Բայց այն, ինչ մեր երեխաները նայում են Յութուբից, «Չու-չու» թիվիից եւ այլ տեղերից, շատ դեպքերում երեխային ուտեցնելով այդ մուլտֆիլմերի տակ, բերում է նրան, որ երեխան ռեֆլեքսորեն ուտում է միայն այդ մուլտֆիլմի տակ։ Մենք ունեցել ենք երեխա, ով ջուր էր խմում միայն, երբ միացնում էինք մուլտֆիլմը, մյուս բոլոր դեպքերում անգամ օրերով ջուր չէր կարողանում խմել։ Այսինքն՝ նրա ռեֆլեքսն այդպես էր ձեւավորվել, եւ սա մի հարց է, որ ծնողներն իրենց գործը հեշտացնելու համար անում են։ Մինչդեռ մենք ժամանակին ինչ ասես որ չէինք անում երեխաներին զբաղեցնելու համար, հիմա դա երեխաներին այլեւս չի բավարարում։ Այս երեխաները նոր սերնդի, նոր ինտելեկտի կրողներ են, եւ մենք, որպես ծնող, այնքան հնարամիտ ու ստեղծագործ պետք է լինենք, որ ֆիզիկական շփման մեջ կարողանանք բավարարել, որովհետեւ մեր ֆիզիկական շփման բավարարումը շատ քիչ է էկվիվալենտ այդ հայթեգի մուլտֆիլմերին։ Նույնիսկ վիճակագրություն կար, թե մի վայրկյանում քանի գույն է փոխվում այդ մուլտֆիլմերում, որը կլանում է երեխային։ Այսինքն՝ մենք ինչո՞վ պետք է լցնենք մեր երեխաների կյանքը, որ այդ ֆիզիկական շփման, սիրո դրսեւորման, նրանց հետաքրքրությունը շարժելու հետ կապված՝ հետաքրքիր լինի նրանց։ Մինչդեռ մենք մեր գործը հեշտացնում ենք՝ այփադ, այֆոն երեխային նվիրելով, եւ միգուցե հենց այս դեպքում էլ ձեւավորվում են այս զարգացման բոլոր խնդիրները։



- Երբ այս ամենը բացատրում եք ծնողներին, ինչպիսի՞ն է նրանց արձագանքը, հանդիպում եք մերժմա՞ն, թե՞ պատրաստ են համագործակցության։



- Կա եւ համագործակցող ծնող, եւ չհամագործակցող, լինում են դեպքեր, որ անգամ մերժում են խնդիրն ընկալել, որ կարող է 1-2 ամիս տեւել, մինչդեռ մինչեւ խնդիրը չընդունենք, երբեք չենք կարող խնդիրը զարգացնել, լուծել։ Եվ ունենք շատ համագործակցող ծնողներ, ովքեր կարդում են, ամեն ինչին բաց են, անընդհատ հարցնում են մասնագետներին։ Ունենք դեպքեր, երբ ընտանիքում մայրն ընդունում է, բայց հայրը՝ ոչ։ Կան դեպքեր, երբ տատն ու պապը չեն թողնում երիտասարդ ընտանիքին, որ գան, եւ նրանք թաքուն են հաճախում։ Ունենք այդ տարբեր սերունդների խնդիրը, նաեւ այդ ավանդական մոտեցումը, որ 3 տարեկան երեխան չի խոսում, ու ասում են՝ հա, դե, պապադ էլ չէր խոսում, հոպարդ էլ, պապդ էլ, եւ խնդիրն իրենցից անընդհատ հեռացնում են, երբ ընդամենը կարող են գալ, մեր մասնագետները նայեն ու ասեն՝ խնդիր ունի՞ երեխան, թե՞ ոչ։ Մեր մեթոդաբանության մեջ պարտադիր մտնում է ծնողների հետ խորհրդատվությունը, սոցիալական աշխատողը սոցիալական խնդիրների շուրջ աշխատում է ընտանիքի հետ, բազմամասնագիտական խումբը՝ հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը՝ ծնողի հետ։ Յուրաքանչյուր պարապմունքից հետո խոսում են երեխայի դինամիկայի մասին, ասում են, թե տանն ինչ պետք է անեն, ինչպես վերաբերմունք փոխեն։



- Դուք ունեք նաեւ Ձեր հեղինակած «ԶարՄան» զարգացնող, կրթական խաղերը, ի՞նչ խնդիրներ են դրանք լուծում, եւ երեխաները որքանո՞վ են բաց դրանց։



- Մենք զարգացնող խաղեր ունենք, որ մեր դիզայն լաբորատորիայում են հորինվում, դրանք նորից բազմամասնագիտական խմբի կողմից ստեղծված խաղեր են, դա «ԶարՄան» բրենդն է՝ մեր սոցիալական ձեռնարկատիրությունը, որից ստացած եկամուտը գնում է մեկ այլ երեխայի անվճար ուսուցումը ծածկելուն։ Կան խաղեր, որ միայն մասնագետն է օգտագործում իր մասնագիտական գործունեության մեջ, եւ կան, որ ծնողն էլ կարող է տանը կիրառել։ Ունենք տրամաբանությունը, հուզական ինտելեկտը, կոնցենտրացիան զարգացնող փաթեթներ։ Այդ խաղերը Կրթության ազգային ինստիտուտի հետ նայել ենք, որպեսզի պետությունն իր կարծիքը հայտնի, ունենք նաեւ նախարարի կողմից հրաման, որ այդ խաղերը լավագույնն են համարվում՝ ներառական կրթությանն ու երեխայի զարգացմանն ուղղված։ Իրենց հատուկ դպրոցների համար ԿԳՆ-ն դրանք պատվիրում է մեզ, նաեւ շատ մանկապարտեզներ ու դպրոցներ դրա կարիքն ունեն։ Մենք էլ պարբերաբար նորացնում ենք մեր խաղերի ցուցակը ե փորձում ենք տարվա մեջ 5-6 նոր խաղ թողարկել։ Մարդիկ էմոցիոնալ եւ սոցիալական շփման շատ մեծ կարիք ունեն, եւ այստեղ շատ կարեւորվում է նաեւ ծնողների՝ իրար հետ շփումը, մասնագետների հետ պարբերաբար կազմակերպում ենք քննարկումներ ծնողների հետ։ Շատ կարեւոր է այս գործում ծնողներին դարձնել համագործակցող կողմ։



Հիմնադրամի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կենտրոնի կայքում՝ http://cdf.am/



Սոնա ԱԴԱՄՅԱՆ