Գեղարքունիքում դիզելային վառելանյութ կբաժանեն, իսկ Կոտայքի բնակիչների համար այն անհասանելի է

Գեղարքունիքում դիզելային վառելանյութ կբաժանեն, իսկ Կոտայքի բնակիչների համար այն անհասանելի է

Օրեր առաջ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացի ուշացած լինելու հանգամանքին: Նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վարչապետին ներկայացրել էր «Պետական աջակցությամբ գյուղատնտեսական հող օգտագործողներին մատչելի դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախարարի խոսքով` նախագծով նախատեսվում է, որ 2017 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար հող օգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիք տրամադրելու նպատակով պետական աջակցություն ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ 171 միլիոն 500 դրամը հատկացվի «Մաքս Հուր» ՍՊԸ-ին, որը մինչեւ 5 մլն լիտր դիզվառելիքի կմատակարարի: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ուշացրել են այս ծրագիրը: «Ուշացրել ենք, որովհետեւ սկզբից մտածում էինք, որ ծրագիրը միգուցե իմաստ չունի իրականացնել: Դա գյուղատնտեսական գործերին խանգարում է, քանի որ գարնանացան աշխատանքների համար ուշացրել են»,-ասաց նախարարը:



Մինչ նախարարը ուշացումով ծրագիր է ներկայացնում, գյուղացիները անհամբեր սպասում են դիզվառելիքին:



Ամեն տարի գյուղական համայնքներում ցուցակագրում են շուկայականից էժան գներով դիզելային վառելանյութ եւ պարարտանյութ գնել ցանկացող գյուղացիներին: Այս տարի կարծես թե ակտիվությունն այնքան էլ մեծ չէ. սեզոնին գյուղացին գումար չունի եւ կանխիկ գնումներ չի կարող իրականացնել, իսկ երբ գյուղացու ձեռքը փող է լինում, այդ ժամանակ էլ չի կարողանում էժան պարարտանյութ եւ դիզվառելիք ձեռք բերել, ստիպված թանկ է գնում. «Տարեցտարի կարծես թե քչանում են ցանքատարածքները, մարդիկ էլ վար ու ցանք չեն անում: Մարդ կա ցանում է, որ էդ տարին էլ եղանակը վատ ա լինում, բերքը չի տալիս. հիասթափվում է: Գարնանացանին վառելիք չկար, ստիպված, ոմանք թանկ վառելիք առան ու ցանք արեցին, ասում են 1 շաբաթից նոր դիզվառելիք կլինի, գոնե տան սեզոնին, խոտը քաղենք, տուն բերենք, կամ գարին ու ցորենը քաղենք»,-մտահոգ ասում էին գյուղացիները:



Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանի խոսքով՝ գյուղում 6000լ դիզվառելիք գումար է հավաքվել, սակայն կտրամադրվի 5000լ վառելիք. «5000լ. վառելիքի գումար ենք փոխանցել, դեռ 1000լ. դիզվառելքի կարիք էլ ունենք, դիմել ենք մարզպետին, հնարավորության դեպքում օգնի: Մենք հավաքագրել էին ողջ գումարը, բայց ասել են, որ 5 տ.-ի փող փոխանցեք»: 4տ 620լ էլ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքին, այս մասին մեզ ասաց համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը, ապա հավելեց, որ գումարները փոխանցվել է մոտ մի շաբաթից, դիզվառելիքը կբաժանվի գյուղացիներին: Թե որքան պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ է տրամադրվել Գեղարքունիքի մարզին, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը ասաց, որ նախնական պատվիրել են 6հազար 423,5տ. պարարտանյութ, մինչ օրս բաժանվել է 4 հազար 442,4տ.-ն. «2000տ. էլ պարարտանյութ պետք է, մոտ օրերս նախապարտասվում ենք ուղարկել նախարարություն: Գյուղապետարանները նախօրոք գումարները հավաքում են, գումարը հասնում է մատակարարին, մատակարարն էլ պարատանյութը տեղ է հասցնում: 2 ընկերություն է մատակարարում՝ «Մասիսի բերրիություն» եւ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը»: Այն հարցին, թե ինչո̉ւ է ուշացումով բաժանվում դիզվառելիքը, եւ քանի̉ տոննա է հատկացվել մարզի համար. Համբարձում Համբարձումյանը պատասխանեց. «Դիզվառելիքը ուշացումով սկսվեց, մինչեւ գումարները հավաքվեցին եւ փոխանցվեցին մատակարարող ընկերությանը, ուշ եղավ: Անցած տարի մենք ներկրել ենք 928,4տ. Գարնանացանի համար բնականաբար ուշ է, բայց բերքահավաքի եւ աշնանացանի համար ուշ չի»:



Համբարձում Համբարձումյանից հետաքրքրվեցինք, նաեւ թե մարզը որքան սերմացուի եւ պարարտանյութի գումար է պարտք, քանի որ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դատի էր տվել այն համայնքներին, որոնք չեն վճարել սերմացուի եւ պարարտանյութի դիմաց. «Պարտքերը ստանալու համար «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ պարտքատերերի միջեւ կնքվել է պայմանագիր, նշանակվել է գրաֆիկ, թե որքան ժամանակվա ընթացքում պետք է մուծեն: Ինչ ասեմ, նիսյա տվել էինք ժողովրդին, որ աշունը պետք է բերք ստանան ու վճարեն ու էդպես պարտքերը գոյացան: Դիզվառելիքի մատակարարը կանխիկ է գումար վերցնում, այդ ընկերությանը պարտք չենք»,-ասաց Համբարձում Համբարձումյանը: Մինչ Գեղարքունիքի մարզում դիզվառելիքի համար գյուղացիները ցուցակագրվել են, գումարներն հավաքվել եւ սպասում են դիզվառելիքի, Կոտայքի մարզի բնակիչների համար դիզվառելիքը անհասանելի է: Մի քանի համայնքի ղեկավարներ մեզ հետ զրույցում նշեցին, որ մարզում դիզվառելիք չի բաժանվում, քանի որ մարզպետարանից նման հրահանգ չեն ստացել, ընդակառակը ասել են, որ դիզվառելիք այս տարի չի լինի: «Մեզ չեն ասել, տեղյակ չենք, որ դիզվառելիք են տալիս, իսկ պարատանյութ բաժանել ենք 75տ.»,- ասաց Քաղսիի գյուղապետ Սահակ Ալեքսանյանը: Նույն պատասխանը տվեց նաեւ Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը, հավելելով, որ դիզվառելիքի մասին խոսակցություններ էլ չեն եղել: Բավականին հետաքրքիր պատասխան լսեցինք Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից. «Դիզվառելիքի պահանջ չի եղել մարզում այդ պատճառով էլ չենք ներկայացրել: Գյուղապետերը ցուցակներ չեն ներկայացրել»:



Նելլի Կարապետյան