Ադրբեջանական ցինիզմ

Ադրբեջանական ցինիզմ

Մոսկվայում ադրբեջանական խուժանի գործողությունները կոորդիանացվում են ալիեւյան ռեժիմի կողմից: Ռուսաստանը, կարծես, նախկինի պես չի երաշխավորում ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ոչ, մանավանդ, իշխող ընտանիքի քաղաքական ապագան: Բաքուն անցել է Մոսկվայում զանգվածային անկարգություններ եւ հայ-ադրբեջանական արյունալի բախումներ հրահրելու սպառնալիքների: Մամուլում հրապարակվել է ադրբեջանցի մի խումբ «մտավորականների» բաց նամակը Ռուսաստանի պետական հեռուստատեսության տնօրեն Էռնստին, որն ավարտվում է Վալդայ բանավեճի ակումբում Իլհամ Ալիեւի հայտարարության հիշեցմամբ. «Ղարաբաղը՝ թե դաշտային, թե լեռնային, պատմական ադրբեջանական հող է: Ղարաբաղն Ադրբեջան է եւ՝ բացականչության նշան»: Առիթը Ռուսաստանի պետական հեռուստատեսության մի հաղորդումն է, որտեղ քննադատություն է հնչել Մոսկվայում ադրբեջանցիների կազմակերպած «ծիրանի պատերազմի» առթիվ: Ադրբեջանցի «մտավորականները» ենթատեքստով պահանջում են, որ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը ԼՂ կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերում խմբագրական քաղաքականությունը կառուցի ոչ թե իր երկրի, այլ՝ Ադրբեջանի նախագահի նախանշած հիմքով: Սա արդեն Ռուսաստանին նետած լուրջ մարտահրավեր է: Բաց նամակն ստորագրողների շարքում ընդգրկելով մեկ-երկու էթնիկ ռուսի, ալիեւյան քարոզչամեքենան ակնհայտորեն ակնարկում է, որ եթե Ռուսաստանը ծանրության նժարը չթեքի հօգուտ Ադրբեջանի, ապա «հուզական ադրբեջանցիները» հաշվեհարդար կտեսնեն Բաքվում մնացած 30-40 հազար ռուսների հետ: Ի՞նչ պատասխան կտա Մոսկվան: