Ովքեր են այդ 2123 հոգին, որոնց բնակարան գնելու սերտիֆիկատներ են տվել

Ովքեր են այդ 2123 հոգին, որոնց բնակարան գնելու սերտիֆիկատներ են տվել

ՀՀ կառավարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում են, որ 44-օրյա պատերազմից հետո անտուն մնացած արցախցիներին հատկացրել են բնակարան ձեռք բերելու հավաստագրեր, որոնց մեծ մասն արդեն գնել են բնակարանները։ Ըստ նախարարության, բնակարան գնելու հավաստագիր են ստացել 3765 հոգի, (ընտանիք), որից 2123 հոգի (ընտանիք) կարողացել է ՀՀ տարբեր մարզերում գնել բնակարան։ Սակայն, նախարարությունը չի հստակեցնում, թե Արցախի ո՞ր հատվածների բնակիչներին է հատկացրել հավաստագրեր` 2020-ից հետո։ Մենք ենթադրեցինք, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի Արցախի շուրջ անվտանգության գոտում եւ Հադրութում ու Շուշիում բնակվող մարդկանց: Զրուցել ենք Հադրութ հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանի հետ։ 

-Պարոն Հայրյան, Հադրութի բնակիչներից քանիսի՞ն է տրվել բնակարան ձեռք բերելու հավաստագրեր։ 

-Հադրութցիներին և Շուշիի բնակինչներին չի տրվել բնակարան գնելու հավաստագրեր։ Հավաստագրեր տվել են Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին, Ջեբրայիլի 2 գյուղերի բնակիչներին, որոնք վերաբնակեցված են եղել։ Բնիկ Հադրութի ժողովրդին չեն տվել` պատճառաբանելով, որ ձեզ տուն են տալու Արցախում՝ 2024-ին։ Ես էլ ասում էի՝ քամիների հետևից մի ընկեք, այս միտքը անձամբ ասել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին դեռ այն ժամանակ, երբ նոր էին սկսել 2020-ին արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրերի քննարկումները։ Եղել են դեպքեր, երբ մինչև պատերազմը եղել են մարդիկ, որ Հադրութում են ապրել՝ եկել են Բաքվից, Հայաստանի տարբեր հատվածներից 30 տարիների ընթացքում, նրանց են տրվել հավաստագրեր։ Արցախում բնակարանաշինություն են արել՝ 210 միլիարդ դրամի էին ծախսել՝ փոշիացրել այդ գումարները, եթե այդ գումարները բաժանեին այն ժամանակ Արցախից տեղահանվածներին, ապա հնարավոր կլիներ լուծել շատերի բնակարանների հարցը։ Բայց վստահեցնում էին, որ 2024-ին դուք գնալու եք Արցախ։ 2024 թիվն է, դե տվեք մեր բնակարանները՝ Արցախում 

-Քանի՞ ընտանիք կար Հադրութում, որ չի ստացել հավաստագրեր։ 

-Մոտավոր Հադրութում 13 հազար բնակիչ կար, կարող է մի 4 հազարի հասնող ընտանիք լիներ, այս ընտանիքներին չի տրվել բնակարան գնելու հավաստագիր։ 

-Այսօր, երբ Արցախը հայաթափված է, և այնտեղ վերադառնալ հնարավոր չէ, ինչպե՞ս են պատրաստվում լուծել այդ մարդկանց բնակարանների հարցը։ Ձեզ ի՞նչ է հայտնի։ 

-Ես գիտեմ, որ Արցախի քաղաքական իշխանությունները դիմել են ՀՀ իշխանություններին, ծրագիր են ներկայացրել՝ արցախցիներին բնակարաններով ապահովելու համար, ներկայացրել են նաև գումարի չափը. ամեն շնչին հատկացվի 5 միլիոն դրամ գումարին հասնող սերտիֆիկատ, կամ գումար, որ ընտանիքի անդամները կարողանան գումարեն իրար, բնակարան գնելը հնարավոր լինի։ Նաև լսել եմ ՀՀ Աժ-ից, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Բայց, ոչ մի տեղ մի հստակ՝ հաստատող բան չեն ասում՝ միայն հայտարարություններ, որ լավ է լինելու և նշում են, որ նոր ծրագիրը բոլորին է վերաբերվելու։