Աշխարհ տեսած ՃՏՈ պետը

Աշխարհ տեսած ՃՏՈ պետը
Ճանապարհատրանսպորտային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը եւրոպաներում շատ է եղել, բայց ոչ մի տեղ չի տեսել, որ ոստիկանական մեքենաներին արգելված լինի միացնել ազդանշանը: Ուստի չքմեղացավ, երբ նրան հարցրի, թե իր ստորադասներն ինչու են խախտում օրենքն ու արգելված ժամերին քաղաքի բնակչությանը տագնապի մեջ պահում իրենց ազդանշաններվ, չհաշված, որ այդ ազդանշանները հանկարծակիի են բերում վարորդներին ու պատահարներ հրահրում: Բայց ՃՏՈ պետը խոսում էր ձեռքբերումներից: "Հայելի" ակումբում ասեղ գցելու տեղ չկար, ու երկրիս առաջատար լրատվամիջոցները հավաքվել, լսում էին Նորիկ Սարգսյանի հեքիաթները, ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման ու Վարդավառին Սեւանի մայրուղում կատարած լեգենդար հսկողության մասին, որի արդյունքում այդ օրը ոչ ոք չի զոհվել, այլ ընդամենը վիրավորվել է երկու մարդ՝ մի թեթեւ պատահարի հետեւանքով: "Ինչ վերաբերում է աղմուկին, ուրեմն ճանապարհային ոստիկանը հատուկ ձայնային ազդանշանի միջոցով իրավունք ունի հատուկ ձայնային ազդանշանից օգտվելու, երբ որ միջոցառում ա ինչ-որ իրականացվում, երբ որ ուղեկցում ա ապահովվում, երբ որ  տրանսպորտային միջոց ա կանգնեցնում, ո՞նց կարելի ա արգելել ոստիկանին: Ճանապարհային ոստիկանությունը, որպես հատուկ ծառայություն, տեղադրված ա էդ հատուկ ձայնային ազդանշանները: Կամ, ես չգիտեմ՝ Դուք Եւրոպայում եղել եք թե չէ, ես բազմաթիվ տեղեր եմ եղել, ու ամբողջ Եւրոպայում եւ սկոռիները, եւ պաժառնին, եւ ոստիկանները ամեն քայլափոխին դուք սիրենայի ձեն կլսեք, հլը մեր մոտ էնքան էլ ըտենց չի: Առաջարկում եք արգելե՞լ ոստիկաններին",-ասաց ՃՏՈ պետը: Մեր հաջորդ հարցը վերաբերում էր կանգառներից առաջ, հետիոտնի ճանապարհին՝ "զեբրայի" վրա քաղաքացիական տրանսպորտի կանգառելու եւ ուղեւոր վերցնելու ավանդույթին: ՃՏՈ պետը այդ հարցին տվեց առավել լակոնիկ պատասխան՝ "Ըտենց չի": Քանի որ ՀՀ ոստիկանությանը հակաճառելը Հայաստանում այլեւս կարող է հանգեցնել ձերբակալության՝ պետական պաշտոնյային դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով, ու քանի որ ասուլիս էր, հարցերն էլ շատ, փորձենք հեռվից, գրավոր տեղեկացնել ՃՏՈ պետին, թե ինչպես են տագնապի մեջ պահում հասարակությանը: Ոստիկանների ազդանշանները չեն լռում անգամ գիշերը: Հատկապես գիշերը: Ու այն տպավորությունն է, որ բեսպրեդելի երկրում հատուկ ծրագիր է իրականացվում հասարակության քունը խանգարելու ու մարդկանց հոգեվիճակը խաթարելու ուղղությամբ: Այդ ազդանշանները զուգորդվում են ռեժիմի մշտարթուն հսկողության հետ: Տեղեկացնենք, որ ձայնային աղմուկն ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, շեղում է ուշադրությունն ու հանգեցնում բազմաթիվ հիվանդությունների: Աղմուկի նորման համարվում է 50-60 դեցիբալը: Այն գերազանցելու դեպքում մարդիկ կարող են լուրջ հիվանդություններ ձեռք բերել՝ խախտվում է մարսողությունը, առաջացնում սրտանոթային, հիպերտոնիկ, ստամոքսային հիվանդություններ: Շատ երկրներում, որտեղ եղել է նաեւ մեր ՃՏՈ պետը,  աղմուկը շատ խիստ է կարգավորվում: Չնայած տնտեսական խոշոր վնասներին, ՃՏՈ պետի տեսած եւրոպական երկրներում հատուկ ժամերի արգելված է ոչ միայն ինքնաթիռների թռիչքը, այլեւ խոշոր մեքենաների մուտքը բնակավայրեր: Իսկ քաղաքամայր Երեւանում, օրինակ, արդեն քանի տարի Վրաստանից ու Իրանից օլիգարխների ներմուծած ապրանքներով բեռնված "ֆուռերը" քաղաք են մտնում հատկապես գիշերը, ու ամբողջ գիշեր խաչմերուկներում չի դադարում օդային բարձիկներով նրանց արգելակների ոռնոցը՝ լուսացույցների տակ: Դրանց գումարվում են ՃՏՈ մեքենաների ազդանշանները, որոնք այդ ժամերին հայտնվում են այդ խաչմերուկներում: Էլ չենք խոսում հաբռգածների զավակների մեքենաների ազդանշանների մասին, որ  գիշերները դիվադադար են անում բազմաբնակարաններում չարչարվող "քաղաքացիներին": Վերջերս Մոսկվայում խոշոր ցույց եղավ ընդդեմ ոստիկանական մեքենաների, որին մասնակցում էին նաեւ բազմաթիվ ավտովարողներ, որ բողոքում էին կորտեժներ ուղեկցող մեքենաների ազդանշաններից, որոնք հանկարծակի հրամայելով մի կողմ քաշվել կամ միացնելով ազդանշանը, հրահրում են պատահարներ:    Հայաստանում աղմուկը կարգավորվում է վարչական իրավախախտումների մասին օրենքով, որի 180-րդ հոդվածը հստակ պահանջում է՝ լռության խախտումը (ժամը 22-ից մինչեւ 6-ը), բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը բնակելի շենքերի բակերում, փողոցներում եւ այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում եւ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, ինչպես նաեւ նման այլ գործողություններն "առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով եւ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով": Դեռեւս չկա օրենք այն մասին, որ այդ օրենքը չի տարածվում ՃՏՈ-ի վրա, կամ որ նրանք "պաշտոնատար անձ" չեն, ու քանի դեռ չկա, եղած օրենքի առաջ բոլորը հավասար են: Նույն օրենքի մեկ այլ՝ հոդված 123.1.-ով էլ՝ տրանսպորտային միջոցների վրա լուսային եւ ձայնային կամ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը "առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով" կամ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այդ ազդանշաններն արձակող սարքավորումների բռնագրավմամբ: Այս կետը թեպետ անմիջական կապ չունի ՃՏՈ բեսպրեդելի հետ, բայց Նորիկ Սարգսյանն իր ապարատը գովելիս բառ անգամ չասաց նման խախտումների կանխարգելման մասին: Փոխարենը թվարկեց, թե քանի "գծանցում" են ներկել քաղաքում ու քանի լուսակրի կոճակ են փոխել, որ նույնպես սուտ էր, քանի որ լրագրողներից յուրաքանչյուրը հակաճառում էր ՃՏՈ պետին, նրան ներկայացնելով իրենց փողոցների, անցումների, կանգառների ու լուսացույցների անմխիթար վիճակը: