Բլոգերների հաղթարշավը

Բլոգերների հաղթարշավը
Դեռ մի քանի տարի առաջ սեփական ստեղծագործություններին կամ մտքերին հանրությանը ծանոթացնելը բավական դժվար գործ էր: Մի քանի տարի առաջ ասելով` նույնիսկ նկատի չունենք խորհրդային տարիները, երբ գրող դառնալու հայտ ներկայացնողները, երբեմն նույնիսկ արդեն ճանաչված գրողները ամիսներով, լինում էր` տարիներով հերթ էին կանգնում իրենց աշխատությունն ինչ-որ կերպ տպագրված, հանրության համար հասանելի տեսնելու համար: Հետխորհրդային շրջանում գործ հրապարակելն ավելի հեշտ դարձավ ազատության տեսակետից, բայց խնդիրները շարունակեցին մնալ, այս անգամ` հավատարիմ կապիտալիզմի ոգուն: Գրելու ձիրքի ու տեխնիկական հնարավորությունների երբեմնի անհամատեղելիությունն այսօր հաղթահարված է վերջնականապես: Ինչ խոսք, տպագրված գիրք ունենալն ինքնին որոշակի լրջություն է հաղորդում հեղինակի ստեղծագործական կենսագրությանը, սակայն ի սկզբանե հայտնի դառնալու, սեփական եսի ու այդ եսի` գրական մեկնաբանության մասին հայտարարելու խնդիր այլեւս չկա: Ու այդ հնարավորությունը ստեղծագործողներին ընձեռում է կրկին նորին գերազանցություն համացանցը: Այդ մեծ հնարավորությունն ընդունված է անվանել փոքրիկ բառով` բլոգ: Բլոգը համապատասխան տեխնիկական հմտությունների բացակայության պայմաններում շատ արագ եւ հեշտ կառուցվող կայք է, որը դառնում է իր տիրոջ օրագիրը, նոթատետրը, լրատվամիջոցը, տեսա կամ ձայնադարանը եւ այլն: Մի խոսքով, քո սեփական տարածությունը համացանցում, որտեղ կարող ես անել ինչ ուզես: Այդ թվում` տեղադրել սեփական ստեղծագործություններդ ու ներկայացնել դրանք, առանց չափազանցության, ամբողջ աշխարհին, քանի որ ոչ տպաքանակի խնդիր կա, ոչ էլ ընթերցողի կողմից գրախանութ այցելելու, ընտրելու ու վճարելու:



Washington Profile պարբերականն առաջին բլոգ է ճանաչում Թիմ Բարներս-Լիի կայք-էջը, որտեղ սկսած 1992 թվականից՝ նա նորություններ էր տեղադրում: Բլոգների լայնամասշտաբ օգտագործումը սկսվեց 1996 թվականից, իսկ 1999 թ.-ին Սան-Ֆրանցիսկոյում գործող Pyra Labs ընկերությունը բացեց Blogger կայքը: Դա առաջին անվճար բլոգային ռեսուրսն էր, որը 2003 թվականին գնվեց Google-ի կողմից: 2004թ. Apple ընկերությունը հանդես եկավ առաջին դատական հայցով` ընդդեմ բլոգերների, որոնք ավելի շուտ էին տեղեկացրել ընկերության նոր արտադրանքների մասին, քան այդ մասին պաշտոնապես կհայտարարվեր: Apple-ը պահանջում էր բացահայտել տեղեկատվության աղբյուրը, սակայն երկու տարի տեւած դատական քննության արդյունքում պարտվեց: Դրա արդյունքում 2006թ. դատարանը որոշում կայացրեց` օժտել բլոգերներին լրագրողների` տեղեկատվական աղբյուրները չբացահայտելու իրավունքով: Այդ իրադարձությունից հետո բլոգային մշակույթը թեւակոխեց նոր սրընթաց զարգացման փուլ: Հայաստանում եւս կան բազմաթիվ բլոգերներ, որոնք իրենց գրառումներն են կատարում հիմնականում livejournal.com եւ wordpress.com անվճար բլոգային համակարգերում: Կարծում եմ` հեռու չէ օրը, երբ յուրաքանչյուր բանական մարդ կունենա իր սեփական օնլայն օրագիրը, լրատվամիջոցը կամ գիրքը:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ