Մանուկ Մկրտչյանը չի զանգել ԱԱԾ

Մանուկ Մկրտչյանը չի զանգել ԱԱԾ
Միասնական քննությունների հետ կապված՝ մի հետաքրքիր միջադեպի մասին պատմեցին մեզ երեկ: Մի դիմորդի ծնող հանդիպել է Գնահատման եւ թեստավորման  կենտրոնի նախկին տնօրեն, փոխնախարար Մանուկ Մկրտչյանին, որը կոորդինացնում էր այս տարվա ընդունելության քննությունները, եւ նրան տեղեկացրել, որ ԳԹԿ-ից քննությունը սկսվելուց առաջ իրեն քննական թեստի տարբերակներ են տրամադրել, ու ինչպես իր երեխան, այնպես էլ մի քանի այլ դիմորդներ արտագրել են դուրս բերված պատասխանները: Մանուկ Մկրտչյանն ինքնավստահ հակադարձել է, թե դա հնարավոր չէ: Ծնողը նրան պատմել է, թե դա ինչ մեխանիզմով է տեղի ունեցել: Նշել է նաեւ, որ դա արել են ոչ թե փողով, այլ "լավության կարգով": Այս  փաստարկը լսելուն պես Մկրտչյանը հայտարարել է, թե ինքը հենց նրա նմաններին է փնտրում, ու սպառնացել է "զանգել կագեբե": Սակայն ծնողը անվրդով ասել է՝ հարց չկա, զանգեք, եւ խոստացել է Ազգային անվտանգության աշխատողներին մանրամասն ներկայացնել քննական "մախինացիաների" մեխանիզմները եւ ապացուցել, որ այդ ամենը կազմակերպել է Մանուկ Մկրտչյանը, եւ կաշառքն էլ, որպես կանոն, ինքն է վերցնում: Այս ամենից հետո Մանուկ Մկրտչյանը հրաժարվել է ԱԱԾ զանգելու մտքից: