Թոզփչոցի

Թոզփչոցի
Երեկ «Հայփոստը» մի ուշագրավ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ տարեսկզբից Երեւանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է «Հայփոստի» փոստային բաժանմունքներից եւ փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար: Այսինքն` թոշակառուները որեւէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին: Խախտումների մասին խնդրում ենք անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667»:



Հիշեցնենք, որ խոսքն այն 200-300 դրամների մասին է, որոնք ավանդաբար չեն վճարվել թոշակառուներին: Մի դեպքում դրանք սովորաբար մնում են փոստատարներին, մյուս դեպքերում՝ սոցիալական ծառայությունների աշխատակիցներին: Ըստ որոշ հաշվարկների՝ այդ դրամներից միայն Երեւան քաղաքում ամեն ամիս գոյացել է 100-130 հազար դոլարի կարգի գումար, որի առյուծի բաժինը գնացել է վերադասին: Եվ եթե անցյալում այդ վերադասը Սոցիալական պետական ծառայությունն էր, այս պարագայում՝ «Հայփոստը»՝ Էդուարդո Էռնեկյանի ղեկավարությամբ: Իսկ այս հայտարարությանը թերեւս պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ մի հայտարարությամբ տասնամյակների ընթացքում արմատացած ավանդույթները չեն վերանում, առավել եւս կենսաթոշակառուները կարգապահ ժողովուրդ են, իսկ թոշակ բաշխողները (այս դեպքում՝ փոստատարները) Հայաստանում ամենացածր աշխատավարձն են ստանում: