Արցախի վարչապետը Բեյրութում խոսել է նաեւ վերաբնակեցման մասին

Արցախի վարչապետը Բեյրութում խոսել է նաեւ վերաբնակեցման մասին
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, որ գտնվում է Լիբանանում, Բեյրութում ՀՀ դեսպանատանը մամուլի ասուլիս է տվել տեղի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:



Նա հայտնել է, որ իր այցն ունի աշխատանքային բնույթ՝ ծանոթանալ լիբանանահայ գործարարների հետ։ Նշելով ներդրումների անհրաժեշտությունը, Ա. Հարությունյանը շեշտել է, որ դրանք երաշխավորված են Արցախի պետության կողմից: Նրա խոսքով՝ ԼՂՀ իշխանությունների համար ազգային գերխնդիր է Շուշիի վերակառուցումը: Ապա խոսել է ազատագրված տարածքների բնակեցման, Արցախի տնտեսության զարգացմանը միտված ծրագրերի մասին:



Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը հայտնել է, որ Արցախի համար վերաբնակեցումը եւ հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են: «Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում եւ վարկային աջակցություն»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ Արցախի համար կարեւոր են հատկապես Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների վերաբնակեցումը, որովհետեւ այդ տարածքներն ունեն ռազմավարական եւ տնտեսական կարեւոր նշանակություն:



Զգալով, որ իր խոսքերից կարող է այն տպավորությունն ստեղծվել, թե Արցախը պատրաստվում է հրաժարվել ազատագրված մնացյալ տարածքներից, նա անմիջապես ավելացրել է՝ եթե Արցախի կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա վերաբնակեցման լայն ծրագրեր կիրագործվեին նաեւ ազատագրված մյուս շրջաններում:ԼՂՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, վարչապետը վերջում հայտարարել է, որ Արցախի հարցի լուծումը կախված է Արցախի ժողովրդի եւ ամբողջ հայության կամքից: «Ինչ կարգի բանակցություններ էլ որ ընթանան, վերջին խոսքը ոչ միայն Արցախինն է, այլեւ ամբողջ հայությանը»,- շեշտել է նա։

Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ