Բաց նամակ

Բաց նամակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին



ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին



Դիտելով ՀՀ նախագահի ելույթը մեր երկրում եւ հատկապես ոստիկանության համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Սիսիան քաղաքում վերջերս տեղի ունեցած հանցագործության վրա: 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կատարվել է հանցագործություն՝ ավտոմատի կամ ատրճանակի գործածությամբ, եւ կան վիրավորներ: Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ դեպքը կատարվել է այսպես. Սիսիանի շրջանի Աղիտու գյուղի գյուղապետ Քաջիկ Հայրապետյանի երկու որդիները՝ Արմեն եւ Կամո Հայրապետյանները, իրենց հորեղբոր որդիների եւ փեսայի հետ Սիսիանից դուրս, ըստ իրենց խոսքի, սպանելու նպատակով ժամադրել են գորիսեցի Բագրատի տղա Արտակին եւ ընկերներին:



Վիճաբանության ժամանակ Կամոն եւ Արմենը՝ մեկն ավտոմատով, մյուսը՝ ատրճանակով, կրակել են հակառակորդների վրա եւ ծանր վիրավորել երկու հոգու, որոնք, եթե չեմ սխալվում, մինչ այսօր բուժվում են: Դեպքից հետո, չվախենալով ոչնչից, այդ տականքները նույնիսկ Սիսիանից չեն էլ հեռացել, որովհետեւ, ըստ նրանց, իրենց հովանավորը գեներալ Հովիկ Թամամյանն է, որը հրահանգել է, որ Սիսիանի միլիցիայում նույնիսկ գործ չհարուցվի: Սիսիանի միլպետին տալով 20 հազար դոլար, նրանք միլիցիայի միջոցով ազդել են վիրավորների եւ նրանց հարազատների վրա, սպառնալով, որ իրենց կդատեն, բարեխոսել են բժիշկներին եւ գործը փակել: Անպատժելիությունից արբած  անձինք տարբեր տեղեր արտահայտվում են, որ իրենց դեմ խաղ չկա. ում ուզեն, ինչ ուզեն՝ կանեն: Լսելով մեր նախագահի ելույթը գյուղի եւ գյուղացիների մասին, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ, որ Քաջիկ Հայրապետյանն իր որդիների հետ ամբողջ Աղիտու գյուղի ոռոգման  ցանցի խողովակները քանդել եւ վաճառել է, գյուղի լավագույն հողերը գյուղացիներից խլել ու սպառնացել, որ բողոքելու դեպքում կքոչեցնեն գյուղից: Գյուղապետարանի հավաքած փողերը տնօրինում են ինչպես իրենց սեփականը: Սիսիան քաղաքում ունեն չգրանցված տաքսի սերվիս եւ մթերային խանութ: Մեծարգո նախագահ, մեծարգո պարոնայք, խնդրում եմ իմ եւ մեր գյուղացիների մեծամասնության անունից՝ փրկեք մեզ այդ անգրագետ տականքներից, հավաստիացնում եմ Ձեզ, որ այլեւս անհնար է այսպես ապրել:



Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ



Սիսիանի Աղիտու գյուղի բնակիչ