Ջիվան Գասպարյանը քաղաքապե՞տ է, որ ճանապարհ բացի-փակի

Ջիվան Գասպարյանը քաղաքապե՞տ է, որ ճանապարհ բացի-փակի
«Ջիվան Գասպարյանը հարգված եւ սիրված է հայ ժողովրդի կողմից, բայց մի՞թե մարդ պետք է շահագործի մարդկանց սերն ու վստահությունը, մի՞թե պետք է իրեն վեր դասի իր նման մարդկանցից՝ իր հարեւաններից»,- այս խոսքերով դուդուկահարի հարեւանները՝ Ալեք Մանուկյան 15 շենքի եւ Այգեստան 7-րդ փողոցի բնակիչները դիմում-նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքապետին, ՄԻՊ-ին, որտեղ խնդրել են թույլ չտալ երեխաների խաղահրապարակի հաշվին ավտոմեքենայի ճանապարհ բացել:     



Երեկ «Ուրբաթ» ակումբում այս հարցը պարզաբանելու էր եկել Ջիվան Գասպարյանը, ով նշեց, որ այս մի քանի օրն այնքան է հուզվել ու հիասթափվել այս աղմուկից, որ քիչ է մնում թողնի-գնա երկրից ու չեղյալ հայտարարի օգոստոսի 15-ին կայանալիք իր մենահամերգը:



«Ես քաղաքապե՞տ եմ, թաղապե՞տ եմ, ի՞նչ իրավունք ունեմ ճանապարհ փակեմ, կամ ո՞վ է ինձ այդքան իրավունք տվել, որ կարողանամ ճանապարհ գցել: Կարող է ցանկություն ունեմ, դա նշանակում է, որ ես քանդո՞ւմ եմ, լապատկա՞ եմ վերցրել ձեռքս, թե՞ մարդ եմ բերել, որ քանդի: Այդ ճանապարհը ֆիզկուլտուրնիկների ճանապարհն է եղել, գնացեք գծագիրը վերցրեք-նայեք՝ դա բա՞կ է եղել, թե՞ ճանապարհ»,- նշեց Ջիվան Գասպարյանն ու վրդովված հավելեց, թե ինչպես կարելի է մարդու վրա շառ անել: Նա պատմեց, որ առավոտյան մոտեցել է հարեւաններին ու  հարցրել՝ իր կողմից նման բան լսե՞լ են, ինչին հարեւանները պատասխանել են, որ այդ մասին քաղաքապետարանից են իրենց ասել:



Դուդուկահարի կարծիքով՝ ինքն ընդամենը ցանկություն է հայտնել, որովհետեւ բակում էլ տեղ չկա. «Ինչ ուզես՝ արել են, հիմա էլ փողոցն են գրավել, բայց ես էն մարդը չեմ, որ ասեմ՝ երեխեքը չխաղան: Ես այս գործի մեջ անմեղ եմ, շատ ամոթ այն մարդկանց, որ ասում են, թե ուզում եմ ճանապարհ կառուցել երեխաների հաշվին: Ես ընդամենը ասել եմ՝ ճանապարհը բարելավենք, մարդավարի գնանք-գանք: Ես միայն իմ համար չեմ մտածել, ժողովրդի խնդրանքն եմ կատարել: Էդտեղ մի քանի բնակելի շենք կա, մի քանի համալսարան, սեփական տներ ու մի ճանապարհ, շտապօգնությունը չի կարողանում մտնել բակ, որ հրդեհ լինի՝ շարժվելու տեղ չկա, ուսանողներն իրենց մեքենաներն են կանգնեցնում»:



Նա բնակիչների բողոքը պատճառաբանեց նրանով, որ երբ քաղաքապետարանում փողոցի կրպակների ժամկետը չեն երկարացրել, կրպակների տերերը մտածել են, թե ինքն է այդտեղ մեղավոր.



«Այդ բողոքողները կրպակի տերերն են, բայց ես ի՞նչ կապ ունեմ, ես կրպակ հանող-դնող չեմ, ես այդքան ուժ ունե՞մ, որ քաղաքապետին կարգադրեմ: Եթե իմանայի, որ ունեմ, կօգտագործեի ուժերս»: Ի պատասխան այն հարցին, թե նամակում գրված է, որ հարեւանների հետ զրույցում նրանց ասել է, թե այդ հարցն ինքը վաղուց քննարկել է ՀՀ նախագահի հետ, նա կտրուկ արձագանքեց. «Բա ամոթ չի՞, նախագահն էլ բան ու գործ չունի, պիտի գա Այգեստան 7-րդ փողոցի հարցերը լուծի՞: Շանտաժ են արել, որ ինձ վարկաբեկեն: Ես երդվում եմ իմ պատվով, նախագահի հետ կապված ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, ո՞նց կարող էի նման բան ասել, եթե պիտի կրպակներին ձեռք տան, ասել եմ՝ պետք չի այդ ճանապարհը»: Դուդուկահարը նշեց, որ սկզբում դպրոց բացելու նպատակով է շենքը կառուցել, հետո որոշել է առանձնատուն սարքել, բայց այն վայրում, որտեղ կառուցել է իր առանձնատունը, կանաչ գոտիներ չեն հատվել եւ ժամանակին «կռիսանոց, բոմժանոց է եղել՝ թեքության վրա, որը բակի տարածքի մեջ չէր մտնում»:



«Եթե ես իրավունք չունեմ իմ քաղաքի մեջ, իմ ավտոտնակի տեղը, քաղաքապետարանի թույլտվությամբ, օրենքով ինձ համար սարքեմ 4 սենյականոց բնակարան, ուրեմն թող գան՝ բանալիներն իրենց տամ»:



Հարեւանների պնդմամբ էլ՝ դուդուկահարի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, եւ, ուսանողական թաղամաս լինելով հանդերձ, ուսանողները եւ նրանց մեքենաները չեն խանգարում իրենց: «Մեր միակ պահանջն այն է, որ սա մնա հետիոտնի ճանապարհ, որ շենքից դուրս գալուց մենք ու մեր երեխաները չընկնենք մեքենայի տակ: Իր անձի հետ կապված ոչ մի խնդիր չունենք, մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում՝ որպես ՀՀ քաղաքացի»,- նշեց տիկին Հասմիկը:



Նրանցից շատերն ասացին, որ շենքի առաջ միայն բնակիչների մեքենաներն են կայանված, ովքեր չունեն ավտոտնակներ: Իսկ ինչ վերաբերում է կրպակներին, ապա, բնակիչների խոսքով, դա իրենց շատ է փրկում, որովհետեւ շրջակա շենքերի բնակիչներն այդտեղից են օգտվում, իսկ եթե հանվեն, ստիպված կլինեն շատ երկար ճանապարհ անցնել մինչեւ մոտակա սուպերմարկետը: Կրպակներին մթերք ապահովող մեքենաներն էլ կանգնում են փողոցի վրա ու որեւէ կերպ չեն վտանգում կամ խոչընդոտում իրենց տեղաշարժմանը:



Բնակիչները նշեցին, որ 4 փողոցների (Այգեստան 4, 8, 9, Ալեք Մանուկյան 5) բոլոր երեխաները գալիս են իրենց բակում խաղալու, այդ թվում նաեւ Ջիվան Գասպարյանի ծոռը, որովհետեւ, նրանց խոսքով, մյուս բակերում տեղ չկա: Ինչ վերաբերում է նամակին, ապա 30 բնակչից 25-ը ստորագրել են նամակը, բայց առայժմ որեւէ կառույցից պատասխան չեն ստացել: Կրպակի տիրուհին՝ տիկին Նունեն էլ նշեց, որ իր ամուսնուն կանչել են ու ասել, որ պետք է կրպակը հանեն, բայց «եթե հեռացնում են, թող փողոցի բոլոր կրպակները հեռացնեն, թե՞ այս կրպակն է խանգարում փողոցը կառուցելուն»:



Երբ Նունեն զանգել է վարպետին, վերջինս նրան ասել է՝ Դուք ոչինչ չեք հասկանում, ես Ձեզ հետ խոսելու ոչինչ չունեմ: Դրանից կես ժամ հետո նա եկել է շենքի մոտ՝ բնակիչների հետ հանդիպման. «Մենք ասացինք, որ եկան չափագրումներ արեցին ու ասացին, որ Դուք եք հեղինակը: Ինքը չհերքեց, ասաց՝ ես խոսել եմ նախագահի հետ, ու պետք է մի քանի ծառեր հանվեն ու դարձնեն ճանապարհ, նաեւ շլագբաում կդրվի, ասաց՝ այդ ճանապարհը բոլորիս է ձեռնտու, բայց մենք էլ ասացինք, որ մենակ իրեն է ձեռնտու»:



Բնակիչներից մեկն էլ նշեց, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է նրան դիմեին, որ ճանապարհ բացի, երբ մեծ մասը Երեւանում չի լինում, եւ հետո՝ քաղաքապետարանի տեղն իրենք չգիտե՞ն: Հարեւաններն առանձնակի զայրացած էին այն բանից, որ կայքերից մեկին տված հարցազրույցում Ջիվան Գասպարյանն այդ մի քանի ակտիվիստներին անվանել էր ՀՀՇ-ականներ. «Մենք ՀՀՇ-ից գաղափար չունենք, չենք էլ հետաքրքրվել, ո՞նց կարելի է նման ձեւով վերաբերվել մարդկանց, երբ մենք իր անձը չենք վիրավորել»: