Դեռ մեկ ամիս էլ ախուրյանցիները կմնան առանց տրանսպորտի

Դեռ մեկ ամիս էլ ախուրյանցիները կմնան առանց տրանսպորտի
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի պարզաբանմամբ, Ախուրյան եւ Նոր Ախուրյան երթուղիների համար հայտարարված մրցույթը կկայանա հուլիսի 8-ին:



 



«Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց մասնակիցներ չլինելու պատճառով երթուղին շահագործման չի տրամադրվել: Ով որ շահագործում եւ սպասարկում էր էդ երթուղին, ամսի 22-ին լրացել էր սպասարկման ժամկետը, եւ նա նոր մրցույթին չի մասնակցել, այդ պատճառով շահագործումից դուրս է մնացել»:



 



Խ. Խնձրցյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ անգամներ իրենց մոտ հրավիրել են Ախուրյան համայնքի ղեկավարին, զրուցել նրա հետ, առաջարկություններ արել: «Ինձ մոտ Նոր Ախուրյան գյուղի բնակիչներն էլ են եղել, առաջարկություն ենք արել նրանց, որպեսզի, եթե  հնարավոր լինի, եւ գյուղում վարորդ կա, այլ ընկերության առաջարկենք  ընդունեն աշխատանքի, երթուղին տրամադրել շահագործման: Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ երթուղին շահագործվի»:



 



Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետը նաեւ նշեց, որ նախկինում Ախուրյան-Նոր Ախուրյան երթուղին տաքսիներով էր շահագործվում, եւ նույն 100 դրամանոց գինն էր գործում: Բացի այդ, երթուղին շահած կազմակերպությունը, ով որ սպասարկել էր, հաղթել էր 150 դրամով, բայց շահագործում էր 100 դրամով: Հիմա կրկին Նոր Ախուրյան եւ Ախուրյան երթուղիների համար մրցույթ է կայանալու, եթե մասնակիցներ լինեն, երթուղին կտրամադրեն շահագործման: «Կա կառավարության 2001 թվականի 762 որոշում, որ մենք լիազորություններ ունենք երթուղին տրամադրել շահագործման միայն հատուկ լիցենզավորված կազմակերպություններին»,-մանրամասնեց զրուցակիցս:



 



Խ. Խնձրցյանն ասում է նաեւ, որ եթե հնարավոր լինի, մարզպետի թույլտվությամբ որեւէ կազմակերպության ժամանակավոր կհանձնեն երթուղու շահագործումը, մինչեւ նոր մրցույթը, ապա տվյալ կազմակերպության հետ երթուղին շահագործելու ժամանակավոր պայմանագիր կկնքեն: Ինչ վերաբերում է ճանապարհի վատ վիճակին, Խ. Խնձրցյանը պարզաբանեց, որ այն ներհամայնքային ճանապարհ է. «Բազմաթիվ անգամներ Ախուրյան համայնքի միջոցներով ճանապարհը վերանորոգվել է, բայց այն կրկին բարվոք վիճակում չէ: Համայնքի ղեկավարն իր ֆինանսական միջոցների հաշվին պարտավոր է բարեկարգել ճանապարհները»:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ