Վերջ մրցույթներին

Վերջ մրցույթներին

Տարեցտարի ու հետեւողականորեն իշխանությունը մեզանում ոչնչացրեց ընտրություն, մրցույթ, մրցակցություն հասկացությունները: Դեմոկրատական հենք ունեցող այդ եզրույթները մնացին որպես դասագրքային ճշմարտություններ, որոնք թղթի վրա կան, իրական կյանքում՝ ոչ: Եվ խոսքը միայն ընտրությունների մասին չէ, այլ ցանկացած պրոցես, որտեղ պետք է ընտրություն կատարվի, մրցակցություն լինի, որ հաղթի ամենաարժանին: Մինչդեռ տարիներ առաջ ի՜նչ թեժ ու կատաղի մրցույթների ու ընտրական գործընթացների էինք ականատես լինում մենք: 2005 թվին Փաստաբանների պալատն առաջին անգամ նախագահ էր ընտրում, եւ պայքարը մրցակիցների միջեւ այնքան թեժ էր, որ թվում էր՝ ողջ հանրապետությունը դրանով է ապրում: Անգամ տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու թաղային հեղինակություններ էին խառնվել գործին: Դաժան պայքարում մի կերպ հաղթեց Ռուբեն Սահակյանը, բայց նրա մրցակիցը՝ Ենոք Ազարյանն էլ շատ քիչ զիջեց նրան: Հիշում եմ նաեւ, թե ինչպես էր Գրողների միությունը 2001-ին նախագահ ընտրում: Ճիշտ է՝ Լեւոն Անանյանի հաղթանակը պայմանավորված էր նրա մրցակցին՝ Աբգար Ափինյանին չընտրելու մտայնությամբ, բայց մրցակցություն կար, թեժ կրքեր էին բորբոքվել, եւ բոլորը, շունչները պահած, հետեւում էին ՀԳՄ համագումարին: Տարիներ անց այս նույն կառույցներում, դժվար մրցապայքարում ընտրված անձանց թեթեւ ձեռքով մրցակցությունն իսպառ ոչնչացվեց, եւ նախագահի պաշտոնը դարձավ իրենց տան աթոռի նման մի բան. ինչքան կուզեն` կպահեն, չեն ուզի՝ կտան նրան, ում հարմար կգտնեն: Նույն սկզբունքով մրցակցությունը վերացավ բուհերից, դպրոցներից, քաղծառայության եւ մյուս համակարգերից: Բոլոր ընտրովի պաշտոնները դարձան նշանակովի, ընտրական համակարգերը՝ ձեւական, դեմոկրատիայից նահանջը՝ ակնհայտ: