Ինչ խղճով եք հանգստանում

Ինչ խղճով եք հանգստանում

Մենք, անշուշտ, դեմ չենք արձակուրդին եւ ինքներս էլ կուզենայինք մի արեւադարձային երկրում 3-4 շաբաթ արեւկող անել: Գոնե մի անգամ խաղատուն մտնել, որ հասկանանք, թե դա ինչ բան է, կամ՝ զեղչերի սեզոնին մի եվրոպական երկրում «շոպինգ» անել՝ էս Երեւանի խանութներում բան չի ճարվում, եղածն էլ թանկ ու կրակ, բայց նախ դրա հնարավորությունը չունենք եւ հետո՝ մեր պատասխանատվությունն ենք զգում ընթերցողի առաջ: Ինչպե՞ս է պատահում, որ մեր երկրի ղեկավարները եւ անսահման հնարավորություններ ունեն, եւ պատասխանատվության զգացում չունեն: Շուրջ 20 օր արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանը, օրինակ, ի՞նչ է մտածում իր երկրի ու ժողովրդի մասին այս օրերին: Ինչպե՞ս է կարողանում հանգստանալ, երբ այսքան խնդիրներ են կուտակված մեր երկրում: Կասեք՝ իբր որ աշխատում են, այդ խնդիրները պակասո՞ւմ են: Համաձայն եմ, բայց միեւնույն է՝ անհնար է հանգիստ խղճով մեկնել հանգստանալու կամ բուժվելու, երբ երկրումդ բողոքի ցույցեր են, թանկացումներ, արտագաղթ, մեկը մյուսից ապաշնորհ պաշտոնյաներ եւ հաբռգած օլիգարխներ: Դա նույնն է, որ տանը մի դյուժին չար երեխաներ, հիվանդ կեսուր ու խմող ամուսին ունենաս, այդ ամենի վրա թքես ու գնաս ընկերուհուդ տուն: Իրենց հերն էլ անիծած՝ թող կոտորվեն: Հայ կինը, օրինակ, այդպես երբեք չի մտածում: Հակառակը՝ իր լուծը հնազանդորեն քաշում է, փորձելով իր աշխատանքով, հեզությամբ, իր նվիրվածությամբ օրը մի, թեկուզ շատ փոքրիկ, խնդիր լուծել: Ինչո՞ւ են երկրի պատասխանատվությունն իրենց ուսերին առած մեր պաշտոնյաներն այսքան ապաշնորհ, այսքան անտարբեր, այսքան ինքնավստահ: Մի՞թե կարծում են, թե խնդիրներն ինքնիրեն են լուծվելու, կամ արտագաղթն ինքնիրեն կանգնելու է: Էքստրեմալ լուծումներ, արտակարգ քայլեր անելու փոխարեն հանգստանում են:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ