Երեկ Կոմիտաս 5-ում հարաբերական անդորր էր

Երեկ Կոմիտաս 5-ում հարաբերական անդորր էր

Երեկ Կոմիտաս 5 հասցեի շինհրապարակում հարաբերական անդորր էր: Թիթեղյա պատնեշներով առանձնացված տարածքի դարպասները փակ էին: Անգործության պատճառը կառուցվելիք շենքի հիմքերը փորող տեխնիկայի հանկարծակի փչանալն է` նշում էին դարպասի մոտ հավաքվածները: Շաբաթ օրվանից հետո՝ շինարարության դեմ բողոքող ակտիվիստների նկատմամբ ոստիկանական բռնությունից, համացանցում տարածված աղմուկ-աղաղակից երկու օր անց, սա պատահականությո՞ւն էր, թե՞ հաշվենկատ պարապուրդ՝ դժվար է ստույգ պատասխանել: Նույնիսկ շշուկներ կային, թե շրջակա շենքերի բողոքող բնակիչներն են ավազ լցրել տեխնիկայի բենզաբաքը՝ այդպես պատժելով իրենց իրավունքները ոտնահարող ու պահանջներն արհամարհող շինարարության տերերին:



Անդորր էր ոչ միայն շինհրապարակում, այլեւ պայքարող երիտասարդների շարքերում, ովքեր ընդամենը մի քանի հոգի էին եւ «Միացեք շարժմանը», «Ոչ», «Չի կառուցվելու» պաստառներն էին փակցնում փակ դարպասին, որը նախապես կառուցապատողների կողմից պատված էր «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառով: Շրջակա շենքերի բնակիչներից էլ կային տեղում, մարդիկ մոտենում էին, զրուցում, հեռանում: Նրանց մեջ էր նաեւ Կոմիտաս 7 շենքում բնակվող տարեց մի բժշկուհի, ում 2-րդ հարկի բնակարանի պատուհանն անմիջապես բացվում էր շինհրապարակի վրա: «Երբ սկսում են աշխատել, երեխան վախենում է էդ գմփոց-շմփոցից, տուն չի մտնում: Կորշը որ խփում է՝ շենքը դղրդում է, պատի վրայից, տես, քարերը պոկվել-ընկել են: Շենքը խարխլվում է, խաղահրապարակ չկա, ամբողջ տարածքը փակվում է, հետեւի շենքի լույսն ու արեւն են փակվում: Տարածքում փակվում է ամեն ինչ, ոչ շտապօգնության մեքենան կարող է մտնել, ոչ հրշեջ մեքենան: Ասում են. բողոքում եք, բայց մենք պետք է սարքենք, ինչ ուզում եք` արեք: Չորս տարի է, ինչ գործը դատարաններում է, բնակիչները բողոքում են, բայց լսողն ո՞վ է, էլի իրենց ուզածն անում են»: Իսկ կառուցվող շենքի հետնամասում Կոմիտաս 5Ա շենքն է գտնվում, որի պատուհաններին բնակիչները խոշոր տառերով գրել են` SOS, քանի որ նոր շենքը կառուցելուց հետո այդ բնակարանները, մնալով ստվերում, զրկվելու են լույսից ու արեւից:



Իսկ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներից Սահակն ու Արծրունը, որ պաստառներ էին գրում ու փակցնում շինհրապարակի փակ դարպասին, միմյանց ընդհատելով` պատմում էին. «Շաբաթ օրը մենք բոլորս էլ ականատես ենք եղել, թե ոնց են ոստիկանները ծեծել մեր ժողովրդին: Ո՞նց նկարագրեմ` ոնց որ Հայրենական պատերազմը լիներ, ի՞նչ տարբերություն, ոստիկաններին էլ էին հրամայել, եւ ծեծում էին, բայց նրանք ժողովրդին պիտի պաշտպանեին: Սեռական բնույթի սպառնալիք էլ է եղել մի աղջկա նկատմամբ, համացանցում կարող եք տեսագրությունը տեսնել, որտեղ աղջիկը սարսափած ճչալով ասում է, թե ինչ է ասել ոստիկանն իրեն: Իսկ այսօր մեր ընկերներից մեկի դատավարությունն է, եւ գնացել են այդ դատին, դրա համար է, որ այստեղ մարդ չկա: Հիմա մենք այստեղ մոտ 10 հոգի ենք, շարունակում ենք մեր ակցիան՝ թե պաստառներով, թե թռուցիկներով, որոնք պատրաստում ենք մեր ձեռքերով, մինչեւ մեր ընկերները կգան եւ կմիանան մեզ: Անկախ ամեն ինչից` ակցիաները շարունակվելու են մինչեւ վերջ»: 



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ