Ընդդիմությունը Տարոնին նեղն է գցել

Ընդդիմությունը Տարոնին նեղն է գցել

Երեկ մեկնարկեց Երեւանի ավագանու «թատերաշրջանը», որտեղ ներկայացվում են բացառապես կատակերգական ժանրի ներկայացումներ: Դրանք երբեմն-երբեմն տրագիկոմեդիայի են վերածվում, երբ միջամտում է «Բարեւ, Երեւան» դաշինքը: «Ժառանգության» թիմի ներկայությունը քաղաքապետարանում ստիպել է ՀՀԿ-ականներին ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը քվեարկելուց առաջ, որպեսզի կարողանան դիմակայել  նրանց  հարցադրումների տեղատարափին: Ինքը՝ Տարոն Մարգարյանը, անցել է ռազմական գործողությունների: Երեկ նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար՝ թշնամուն արժանապատիվ հակահարված տալու նպատակով դիրքեր էր բերվել ողջ պահեստազորը: Բոլոր վարչությունների առաջնային ու երկրորդական չինովնիկները շարվել էին Տարոնի գահին զուգահեռ երկայնքով դրված աջ ու ձախ նստարանաշարին ու սկզբում, ձանձրույթից մղված, նկարազարդում էին բլոկնոտների սպիտակ էջերը: Կողմերի փոխհրաձգությունից օդը ծանրացել էր, ինչն ավելի պայթյունավտանգ էր դառնում, երբ Տարոն Մարգարյանն  անսպասելի պոռթկում էր, որը թերեւս շինծու էր անում: Տպավորություն էր, որ Բաղրամյան 26-ից եւ ՀՀԿ-ից են կարգադրել խիստ քաղաքապետի նոր իմիջով ներկայանալ: Սակայն, որքան նա ձայնը բարձրացնում էր, այնքան զավեշտալի դրության մեջ էր հայտնվում, քանի որ արտաբերածը հայերենի հետ աղերսներ չուներ: Ընդմիջմանը ոմանք կրկնում էին նրա ասածները՝ որպես թեւավոր խոսքեր, ու զվարճանում: Եթե նախկինում «շը-նորհակալությունն» էր թեման, ապա երեկ նոր ֆրազներ մտան շրջանառության մեջ: Օրինակ, «ավագայիններ», «հանուն Երեւանի ու երեւանցու համար», «58 ավագանու անդամներ», «մեզի, ձեզի…»: Հատկապես «մեզի-ձեզի»-ի մասով ռեպլիկներ եղան, թե արեւելահայերենը դորդուբեշ է արել, հիմա էլ այլ ձեւերին է անցել: Եզակիի ու հոգնակիի հետ էլ քաղաքապետը խնդիր ուներ՝ նա մեկ դիմում էր դու-ով, ապա նախադասության կեսից անցնում Դուք-ի, մեկ անունով էր դիմում՝ մեկ ազգանունով, բանավոր Սանասարյան էր ասում, նույն ազգանունն ընթերցում էր Մանասարյան, ինչը հունից հանեց ազգանունի տիրոջը: Նա ստիպված եղավ հիշեցնել, որ իր ազգանունը Սանասարյան է, այլ ոչ թե Մանասարյան: Իսկ Ստեփան Սաֆարյանը, որին դիմում էր «Ստյոպա»-ով, պահանջեց, որ հարգալից դիմի գործընկերներին` Դուք-ով եւ ազգանունով: Բայց այս դիտողությունները միանգամից չընկալվեցին քաղաքապետի կողմից, եւ մինչեւ վերջ էլ նա շարունակեց նախկին ձեւով: Նկատենք, որ այս անգամ «վերբալ» միջոցներին մնացել էին նաեւ տեխնիկական լծակները, եւ քաղաքապետը, առաջնորդվելով «կանոնակարգի» տառով, նախադասության կեսից  անջատում էր ընդդիմադիրների խոսափողը`  խոսելաժամանակը լրանալու պատճառաբանությամբ, այնինչ մյուսների ելույթի դեպքում նիրվանայի մեջ էր ընկնում` կորցնելով ժամանակի զգացողությունն ու մոռանալով կանոնակարգի պահանջները: Ապա սկսեց նյարդային շարժումներով ու գոռալով արձագանքել մեկից ավելի հնչող հարցերին, Անահիտ Բախշյանը սպառնաց, թե հարցերը չի համարակալելու, թերեւս վստահ լինելով, որ չի կռահի հարցերի բովանդակային տարբերությունները: Բայց սպառնալիքը բուռն ծիծաղ առաջացրեց դահլիճում: Եվ երբ ընդդիմադիրները, հղում անելով կանոնակարգի տվյալ կետին, պահանջում էին խտրականություն չցուցաբերել ու թույլ տալ օգտվելու իրենց կանոնադրական իրավունքից, Տարոն Մարգարյանը, բանից անտեղյակ, համառորեն շարունակում էր պնդել հակառակը: Իսկ երբ կարիք էր լինում ապացուցելու, օգնության էին հասնում համապատասխան վարչության պետերն ու  կանոնակարգի կետերը մեկնաբանում հօգուտ շեֆի: Անվերջ թվացող քննարկումները սպառեցին մտքի անճարակության վերջին կաթիլները, եւ Տարոն Մարգարյանը հուսահատ գոռաց, մոտավորապես այսպես` «էլ չգիտեմ ինչ անեմ, որ դուք բավարարվեք»:



 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ