Անտերության մատնված, բայց մի կտոր կանաչապատված

Անտերության մատնված, բայց մի կտոր կանաչապատված

Սասունցի Դավիթ կայարանամերձ տարածքը թափառաշրջիկների համար գիշերելու վայր է ծառայում, դրան նպաստել են այդտեղ գտնվող կիսակառույցները: «Տարածքում միակ փոփոխությունն այն է, որ օլիգարխներն իրենց համար նոր շենքեր են կառուցում, իսկ աղբը, կիսակառույցներն իրենց տեղերում մնում են»,-ասում է լոտո վաճառող պապիկը:



Քաղաքապետարանը մարդկանց աչքին թոզ է փչում` կայարանամերձ տարածքը կանաչապատել է, ծաղիկներ է ցանել: Հրապարակի կենտրոնական հատվածն ամբողջությամբ բարեկարգ է: Եթե մի պահ միայն այդ հատվածին նայես, երանի կտաս այն մարդուն, ով ամեն օր այդ հատվածով քայլում է եւ զմայլվում ծաղիկներով: Բայց արթնանանք անուշ երազից եւ հրապարակից անցնենք դիմացի մայթ: Ֆուու... միանգամից գարշահոտություն, քարուքանդ տարածք ու վեր խոյացած հազար տարվա կիսաքանդ շինություն, որը թափառաշրջիկների համար հյուրանոց է ծառայում:



Կիսակառույց վիճակում գտնվող հյուրանոցային համալիրն այդպես էլ անավարտ մնաց, ու այդ տարածքի հետագա ճակատագիրը մշուշոտ է: 2011թ. սեպտեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց, որ եթե կայարանամերձ հրապարակում կիսակառույց շենքի սեփականության իրավունքը վիճարկող կողմերը համաձայնության չգան, այն կարող է ճանաչվել հանրային գերակա շահ:



Տարիներն անցնում են, իսկ կիսակառույցը չի վերանում, դրա կողքին նորերն են հայտնվում եւ տարածքին էլ ավելի տգեղ տեսք տալիս: Կիսակառույց հյուրանոցի շենքի հարեւանությամբ նոր շինություններ են ծլել: «Կարաս» արագ սննդի ցանցն իր մասնաճյուղն է պատրաստվում վերաբացել, բայց, ինչպես այդ հատվածին ծանոթ մարդիկ են ասում, երկար ժամանակ է, ինչ շինարարությունը դադարեցված է, եւ այն կիսակառույց տեսքով «զարդարում» է տարածքը: Նորություն են նաեւ նոր քարե տաղավարները, որոնք վերջերս են կառուցվել, եւ դեռեւս շարունակվում են շինարարական աշխատանքները: Բանն այն է, որ այդ հատվածում մարդիկ շարժական «բուդկաներ» ունեին եւ առեւտուր էին անում, դրանք հանվեցին եւ այսօր տեղում տաղավարներ են կառուցվում: Տարածքի կառավարիչը` Արմենը, մեզ տեղեկացրեց, որ այդտեղ նախկինում անբարեկարգ տաղավարներ էին, իսկ այսօր բարեկարգել են եւ քարից կառուցված տաղավարները վարձով են տալու՝ 12 հազար դրամով, որը սակարկելի է: «Տաղավարները պատկանում են Հովակիմ Հակոբջանյանին»,-ասաց Արմենը` շեշտելով, որ սեփականատերը շարքային քաղաքացի է, ով թերեւս սերտորեն կապված է նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ:




Մեկ տարի առաջ կայարանամերձ փակ շուկան խլվեց նախկին տիրոջից եւ փակվեց վերանորոգման նպատակներով, այժմ աշխատանքներ են գնում: Շինարարներից մեկը նշեց, որ մինչեւ աշնան վերջ աշխատանքները կավարտեն. «Ինչպես նախկինում էր շուկա եղել, այդպես էլ հիմա է լինելու: Բայց պայմաններն ավելի լավը կլինեն, եվրոպական ստանդարտներին համապատասխան»: Շուկան էլ է Թոխմախի Մհերի տնօրինության տակ: «Եվրոպական ստանդարտներից» անցում կատարենք բաց շուկային եւ մշակույթի տանը, որն ամբողջությամբ աղբանոցի է վերածվել: Մշակույթի տանը վերջին անգամ վերանորոգում տեղի է ունեցել սովետական տարիներին: Այն, որ Սասունցի Դավիթ կայարանի տարածքում ամեն քայլափոխի աղբի կույտերի կհանդիպես, ոչ մեկի համար գաղտնիք չէ: «Մի հատ հրապարակ են բարեկարգել, բոլորին ասում են:



Քիչ է մնում զբոսաշրջիկ էլ բերեն եւ ցույց տան, բայց դուք տեսե՞լ եք, թե մի փոքր էն կողմ փողոցն ինչ վիճակում է գտնվում, քարուքանդ է եղել, ոչ ոք չի սարքում, երեւի էդ հատվածով իրենք չեն անցնում»,- ասում են մոտակայքի բնակիչները: «Ոչ ոք չի մտածում այնպես անել, որ շենքերը կառուցեն, ավարտին հասցնեն, որ թափառաշրջիկներին տարածքից մաքրեն-վերացնեն, վերջապես մենք էլ ենք մարդ»: Իսկ մի տատիկ էլ նշեց, որ երեւի քաղաքապետը թափառաշրջիկների մասին մտածելով է հրապարակում գեղեցիկ կանաչ գազոն սարքել ու ծաղիկներ ցանել:




Աննա  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



[email protected]