ԵՏՄ-ն մեզ չի թողնում լռեցնել Ադրբեջանին

ԵՏՄ-ն մեզ չի թողնում լռեցնել Ադրբեջանին

Ադրբեջանն ակտիվացել է, հաճախացել են դիվերսիոն գործողությունները եւ ոչ միայն շփման գծում, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմաններում: Նույնիսկ անիմաստ է արդեն ասել` հրադադարի խախտում, որովհետեւ հրադադարի տեւողությունն ավելի փոքր է, քան կրակելու:



Ինչի՞ հետ կապել Ադրբեջանի աննախադեպ ակտիվությունը: Կարծում ենք` Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու (2015թ. հունվարի 2) փաստով է պայմանավորված այս ամենը: Այլ, ավելի հիմնավոր պատճառ չենք տեսնում: Եթե առաջնորդվենք 2014թ. մայիսի 29-ին Աստանայում հնչած բառապաշարով, ապա Ալիեւն սկսել է զայրանալ, որովհետեւ պայմանավորվածության մի մասը կատարվել է, իսկ մյուսը` ոչ: Կատարված մասն այն է, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, իսկ չկատարվածը` Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանակետերի տեղակայման հարցը: Այլ խոսքով` Հայաստանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, որ ինքը ԵՏՄ անդամ է դառնում առանց Ղարաբաղի: Իսկ դա էլ իր հերթին ենթադրում է, որ ԵՏՄ-ի սահմանը բաց ու անտեր է մնացել երրորդ պետության հետ սահմանագլխին:



Հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը Մինսկում ստորագրեց ԵՏՄ պայմանագիրը, ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանն առանց կրակոցի վերադարձրեց Ղարաբաղը: Ադրբեջանցի վերլուծաբանները չզլացան այդ «պատմական» իրադարձությունը որակել որպես Ալիեւի վարած խոհեմ, հավասարակշռված, հորից ժառանգած խելամիտ քաղաքականության տրամաբանական արդյունք: Հիմա, ինչպես ասում են, Ալիեւի ադմինիստրացիան կամ թայֆան ստիպված է արդարանալու ձեւ գտնել ու բացատրել իրենց հանրությանը, թե այդ ինչից է, որ առանց կրակոցի հետ բերված Ղարաբաղն իրենցը չէ, այլ շարունակում է մնալ անկախ: Բայց երբ կրակում են, հասարակ ադրբեջանցիների մեջ կարող է նաեւ հարց առաջանալ` բա ո՞ւր մնացին Ալիեւի խոհեմ քաղաքականության եւ Ղարաբաղն առանց կրակոցի հետ բերելու մասին ձեր հայտարարությունները: Այս ամենի արդյունքում էլ Ալիեւը զայրանում է: Մենք նրան հասկանում ենք, իհարկե, բայց դա դեռ պատճառ չէ, որ մենք էլ մեր հերթին չխոսենք այն հիմար կացության մասին, որում հայտնվել ենք հունվարի 2-ից սկսած:



Նախ` մի հարց պարզենք: Պատահաբար մենք հո չե՞նք մոռացել, որ պարտավորվել ենք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանակետեր տեղակայել: Եթե ոչ, ապա պետք է որոշենք վերջապես` դնո՞ւմ ենք այդ սահմանակետերը, թե՞ ոչ: Ո՞ւր են մեր այն «խելքի պուտուկները», որ նախապես հայտարարում էին, թե կարելի է մեկ-երկու ձեւական սահմանակետով Ալիեւի բերանը փակել: Որտե՞ղ են Պուտինի հետույքը լիզելու համար մեդալ ստացող, այսպես կոչված, քաղաքական գործիչները, այն ռուսալեզ սրիկաները, որոնց պատճառով այսօր հայկական բնակավայրեր են ռմբակոծվում, հայ զինվոր է զոհվում շփման գծում, վերջապես` որտե՞ղ է ՀՀ Ազգային ժողովը, որ 99 տոկոսով կողմ քվեարկեց ԵՏՄ-ին:



Հազիվ 10 օր է` դարձել ենք ԵՏՄ անդամ, մտել ենք մի կազմակերպություն, որտեղ ոչ մի օրենք չի գործում: Մեռանք ասելով` ԵՏՄ-ն մեր տեղը չէ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններն ու կապը պետք է ամրապնդել ուղիղ գծով եւ ոչ թե ԵՏՄ ֆինտուֆլուշկաներով: Այսօր մենք, փաստորեն, ոչ միայն ինքներս անկախության կորուստ ունենք որպես ԵՏՄ անդամ, այլեւ Ռուսաստանին ենք զրկել զուտ հայ-ռուսական պայմանագրի շրջանակներում գործելու հնարավորությունից: Ոչ ԵՄ, ոչ ԵՏՄ. սա պետք է լիներ մեր արտաքին քաղաքականությունը, որովհետեւ մնացած բոլոր «կամ-կամ», «եւ-եւ»-երը վաղուց սպառել էին իրենց:



Ինչո՞ւ չի գործում ՀԱՊԿ-ն, երբ Ադրբեջանը ռմբակոծում է Հայաստանի գյուղերը: Սա արդեն նորություն չէ մեզ համար: Նախկինում էլ չի գործել: Իսկ հիմա առավել եւս չի գործի, եթե Ադրբեջանը շարունակի «առերես» հրաժարվել Արեւմուտքից եւ Պուտինի քթից բռնած՝ ման ածել: Իսկ եթե, Աստված չանի, Ադրբեջանն էլ համաձայնություն տա առաջիկա մեկ-երկու տարում մտնել ԵՏՄ, ապա կարող եք չկասկածել, որ հանուն այդ ձվածեղի ռուսներն Ալիեւի թավայի պոչն էլ կպաչեն: Էլ ի՞նչ ՀԱՊԿ, ինչ բան: Իսկ մինչ այդ Ռուսաստանն ստիպված կլինի ցույց տալ, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առանձնապես բան էլ չի կատարվում: Դե հիմա` կրակում են, կպատահի: Մենք մեր ձեռքով ռուսներին դրեցինք այս վիճակի մեջ, իսկ մեզ էլ զրկեցինք Ադրբեջանին մեր ձեւով լռեցնելու հնարավորությունից: Ավելին, ինչ-որ պարտավորություններ ստանձնեցինք Ալիեւի առաջ, որպիսիք երբեք չենք ունեցել:



Մենք երկար ենք պայքարել, որպեսզի Ղարաբաղի խնդրի կարգավորումը մնա ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունների շրջանակում: Այդ ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ փորձեր է արել խնդիրն այլ հարթակներ` ընդհուպ ՄԱԿ տեղափոխելու նպատակով, միլիարդներ ծախսել ՄԱԿ-ից իրեն ձեռնտու հայտարարություններ ու բանաձեւեր կորզելու համար: Մտնելով ԵՏՄ` մենք Մինսկի խմբին թողեցինք խաղից դուրս: Սա այնքան ակնհայտ է, որքան ակնհայտ են ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի քաղաքական կառույց լինելու իրողությունները: Մինսկի խմբի անկյուն քշվելը միանգամից խախտել է ուժերի հավասարակշռությունը եւ անգործության մատնել Ադրբեջանի գրոհային տրամադրությունները զսպող մեխանիզմները: Այսուհետ ստիպված կլինենք բացառապես Մոսկվայի արձագանքին սպասել, իսկ Արեւմուտքը կգործի միայն իրեն ձեռնտու ճանապարհային քարտեզով, որի մի մասը ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքն արդեն հրապարակել է` տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լաչինի միջանցք, փախստականների վերադարձ, հանրաքվե: Եվ հիմա այս ամենին պետք է ավելացնել նաեւ սահմանակետերի հարցը, որոնք մեր ամենամեծ ցանկության դեպքում էլ չեն կարող ձեւական լինել:



Ի՞նչ անել, որ թեւերն արձակված Ադրբեջանը հանգստանա: Կարծում ենք` այս հարցն այսօր ավելի ակտուալ է, քան ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան հայկական ապրանքներով հեղեղելու մասին ցնդած երազները: Երեւի պետք է հրավիրել ԵՏՄ խորհրդի նիստ եւ հարց դնել ԵՏՄ ղեկավարների առաջ` կամ հանգստացրեք ձեր բարեկամ Ալիեւին, կամ ձեռքներս արձակեք, որ մենք հանգստացնենք: Սիրուն չէ, երբ մեկին բռնում են, որ մյուսը տփի: Մյուս կողմից էլ, եթե մեզ դարձյալ հիշեցնեն Աստանայում ստանձնած պարտավորությունների մասին, չգիտեմ, թե ինչ ենք պատասխանելու: Կարճ ասած` ԵՏՄ-ի մեջ չենք, ուրիշ բանի մեջ ենք: