Մենք եւ նրանք

Մենք եւ նրանք

Մեզ ամենից շատ հուզում եւ ոգեւորում է մեր միասնականությունը՝ մեկ ազգ, մեկ բռունցք լինելու գիտակցությունը: Իսկ դա, որպես կանոն, արտահայտվում է համազգային սգի կամ համազգային ուրախության օրերին: Երեկ մենք միասնական էինք եւ մեր վշտի մեջ ազնիվ ու վեհ: Թեեւ ապրիլքսանչորսյան արարողությունների կազմակերպիչներն ամեն ինչ արել էին ազգին ոչ թե միավորելու, այլ տարանջատելու համար: Այնպես անելու, որ շարքային մարդն անմասն մնա սգո արարողություններին անմիջական մասնակցություն ունենալուց: Եվ դրանց հետեւի էկրանից ու համակարգչից: Ի դեպ, անգամ լրագրողներն էին լրատվական կենտրոնի էկրանից հետեւում կատարվողին: Գուցե անհրաժեշտ էր պաշտոնական պատվիրակություններին հատուկ հարգանքով ու առանձնահատուկ արարողակարգով ընդունել, գուցե տեղին էին անվտանգության խստացված միջոցառումները, բայց, այնուամենայնիվ, անզեն աչքով անգամ երեւում էր, որ մերոնք չափն անցել են: Եվ ոստիկանական սահմանափակումների մեծ մասն անիմաստ էր ու ոչնչով չարդարացված: Իրականում այդ ամենը նպաստում էր հասարակությունը ճամբարների բաժանելուն, իշխանավորի եւ շարքային մարդու միջեւ վիհը խորացնելուն: Ոչ մի բանով հնարավոր չէ բացատրել, թե ինչու էր երկու օր շարունակ ողջ քաղաքը փակ, անգամ այն փողոցները, որոնք որեւէ առնչություն չունեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ: Անհասկանալի էր, թե ինչու էին Հանրապետության հրապարակի համերգին շտապող երիտասարդներին այդքան մանրակրկիտ ստուգում եւ ինչու էին հայտարարել, որ ոչինչ չվերցնեն իրենց հետ: Այս պառակտվածությունը կար նաեւ ոչ իշխանական քաղաքական ուժերի պահվածքում, որոնք հուշահամալիր այցելելու այնպիսի ժամեր էին ընտրել, որ անգամ պատահաբար իրար չհանդիպեն: