Երևանը՝ քարե ջունգլի

Երևանը՝ քարե ջունգլի

Մայրաքաղաքի ու մարզերի միջեւ եղած անհամաչափության կողքին փոքր չէ տարբերությունը Երեւանի կենտրոնի ու կենտրոնը շրջապատող վարչական շրջանների միջեւ: Մայրաքաղաքին հատուկ վարչաֆինանսական, գիտամշակութային եւ այլ հաստատությունները գլխավորաբար կենտրոնացված են Երեւանի փոքր կենտրոնում: Վարչական մյուս շրջաններում պարտադիր գործող հաստատություններն են տեղական վարչակազմերը, ոստիկանական բաժանմունքները, պոլիկլինիկաները, դպրոցները, կոմունալ-կենցաղային, սոցիալական սպասարկման գրասենյակները: Սրանց կողքին, վարչական այս կամ այն շրջանում միայն, որպես բացառություններ, կարելի է հանդիպել մշակութային, կրթական, գիտական առանձին հիմնարկների:



Երեւույթի արմատները պետք է փնտրել խորհրդային կենտրոնաձիգ համակարգի մեջ: Հատկապես հետպատերազմյան տարիներին սկիզբ առած արդյունաբերական արագընթաց զարգացման պայմաններում, անհրաժեշտ բանվորական ներուժ ապահովելու համար, մայրաքաղաքի ծայրամասերում թափ առավ բնակարանաշինությունը: Սնկի պես աճեցին, այսպես կոչված, ննջարանային թաղամասերը` խորհրդային տիպային ու գորշ ստանդարտներին համապատասխան: Անտեսվեց այն հանգամանքը, որ մարդ պետք է ներդաշնակ միջավայրում լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն ունենա՝ սոցիալ-տնտեսական, մշակութային, ակտիվ հանգստի եւ համապատասխան այլ ենթակառուցվածքների առկայության պայմաններում: Միաժամանակ հաշվի չառնվեց, որ Երեւանի ընդլայնումն անհրաժեշտ է իրականացնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագիծը չխաթարելով, նորը՝ ավանդույթների հիմքի վրա: Փաստն այն է, որ այսօր կան հրապուրիչ կենտրոն ու անհրապույր թաղամասեր: Ամեն առավոտ մայրաքաղաքի բնակչության մեծամասնությունն ուղղվում է դեպի կենտրոն` աշխատելու, սովորելու կամ այլ նպատակով, երեկոյան՝ դարձյալ կենտրոն՝ զբոսնելու, զվարճանալու, սրճելու համար:
Օտարերկրյա հյուրերին եւս հարկ է լինում ողջ օրը պտտեցնել Հանրապետության հրապարակի եւ Օպերայի շրջակայքում՝ խուսափելով այդ շրջագծից շեղվել:



Հետաքրքրական է նաեւ, որ մայրաքաղաքի հնարավորությունները մեծացնելու ցանկությունները գլխավորաբար հանգում են նոր տարածքների իրացումներին եւ ոչ եղածի զարգացմանն ու հնարավորինս ներդաշնակեցմանը` թե՛ արտաքին տեսքի եւ թե՛ գործառնությունների ընդլայնման առումով: Այս մտածողությունն այնքան կարծրացած է մեզանում, որ նոր ծրագրումները հետանկախության շրջանում եւս մշտապես կապվել են կենտրոնի հետ: Վերջին տասնամյակում սկիզբ առած շինարարական նոր բումը թիրախի տակ առավ մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված կենտրոնը: Բայց որովհետեւ յուրացնելու տարածքները քիչ էին, իսկ ախորժակը` մեծ, շինարարական բիզնեսի ներկայացուցիչները գրոհեցին Երեւանի հին կերպարի մասին վկայող սեւ տուֆակերտ շենքերի վրա, եւ այդ պատմական հետքերն անհետացան քաղաքի դեմքից: Քանի որ նոր շինարարությունը նշանակում էր աննախադեպ եկամուտներ, աղավաղվեց պատմություն ունեցող փողոցների ու թաղերի տեսքը՝ միագիծ, ոչ մեծ բարձրության շինությունների կողքին աններդաշնակորեն խոյացնելով հսկա շենքեր: Շինարարական խելակորույս բիզնեսն անգամ ընդունելի համարեց եղած շենքերի վրա նոր շենքեր տնկելը: Հետաքրքիր է, որ այդպես բարձրահարկեր շալակեցին քաղաքի աչքի ընկնող բազմաթիվ շինություններ:



Քաղաքային իշխանությունների համար կարծես մտահոգության առարկա չդարձավ, թե ինչպիսի վնաս է կանաչ տարածքների ոչնչացումը, կամ թե մեկ մեծ բարձրահարկի կառուցմամբ համապատասխան թաղի ջրագազամատակարարումների եւ այլ ենթակառուցվածքների հնարավորությունների ինչպիսի գերբեռնվածություն է առաջանում: Այս դեպքում դեռ չենք ցանկանում խորանալ բնապահպանական, սեյսմիկ եւ այլ խնդիրների մեջ:



Այսօր անորոշ հույսով մարդիկ սպասում են, թե արդյոք հնարավոր կդառնա՞ բացել այս կամ այն հայտնի արվեստագետի թանգարանը, ստեղծել կինոյի եւ թատրոնի, ինչպես եւ մշակութային ու այլ կենտրոններ: Շատերը տարիներ շարունակ բազմաթիվ դռներ են ծեծել եւ գրեթե միշտ լսել են նույն պատասխանը` համապատասխան տարածք չկա: Եվ, իհարկե, բոլոր պարագաներում նկատի է առնվում քաղաքի կենտրոնը: Ճիշտ չէ՞ արդյոք մտածել նաեւ քաղաքի ծայրամասերում նմանատիպ հաստատությունների ստեղծման մասին: Չէ՞ որ այս դեպքում ոչ միայն ծառացած խնդիրների լուծումը կլինի համեմատաբար դյուրին, այլեւ մայրաքաղաքի ծայրամասերի բազմաֆունկցիոնալ դերակատարությունը կմեծանա, կավելանան աշխատատեղերը, կնվազի ծանրաբեռնված կենտրոնի երթեւեկը, կծնվեն գեղեցիկ կառույցներ, քաղաքի բոլոր հատվածները կհագենան մշակութային, մարզական, կրթադաստիարակչական մթնոլորտով:



Կենտրոնն իր ուսերից կթոթափի նաեւ վարչաֆինանսական ու տնտեսական հաստատությունների որոշակի բեռ: Ոչ հեռավոր անցյալում կային կինոթատրոններ բոլոր թաղամասերում, ինչը հետաքրքիր էր դարձնում առօրյան, մշակութապես զարգանում ու փոխանցում սերունդներին: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ միջավայրն է ձեւավորում մարդուն: Տնից փողոց դուրս եկող երեխան ու երիտասարդը, միեւնույն է՝ շրջապատում հետաքրքրության առարկա պիտի փնտրեն:



Հիշենք նաեւ, որ այլ երկրներ այցելելիս մենք ժամեր տեւող ճանապարհ կարող ենք կտրել այս կամ այն պատմաճարտարապետական վայրը, այս կամ այն նշանավոր անհատի տուն-թանգարանը կամ պարզապես մշակութային, մարզական օջախ ու զվարճավայր այցելելու համար: Ուրեմն շատ չե՞ն նեղացած մեր մտահորիզոնն ու երեւակայությունը, եթե չենք պատկերացնում, որ կարելի է հետաքրքրական վայր հաճախել 10-20 րոպե ճանապարհ կտրելով: Ի դեպ, քաղաքի տարբեր հատվածների միջեւ եղած տարածությունն ավելի կփոքրանա ոչ հեռավոր ապագայում, երբ վերջինիս շուրջ կձեւավորվի փողոցների ու մայրուղիների օղակաձեւ շղթա:



Հանուն ճշմարտության նշենք, որ վերջին տարիներին նախկին համայնքների եւ ներկայիս վարչական շրջանների նկատմամբ քաղաքային ու տեղական իշխանությունների ուշադրությունը մեծացել է: Ընդլայնվում են կանաչ տարածքները, բակերում ստեղծվում են խաղահրապարակներ եւ խաղադաշտեր, բարեկարգվում ու լուսավորվում են փողոցները: Կարծես թե վերացել է քաղաքի կենտրոնի ու մյուս հատվածների հետ արագ կերպով կապվելու տրանսպորտային խնդիրը: Նորաբաց սուպերմարկետները մթերային սպասարկման առումով հավասար պայմաններ են ստեղծում քաղաքի բոլոր հատվածների միջեւ: Ստեղծվում են հագուստի, տեխնիկայի եւ այլ խանութներ: Ամենուր մասնաճյուղեր են հիմնում կապի ծառայություններն ու բանկերը: Բայց սա շատ քիչ է: Պայմանների մոտեցման դեպքում բնակչության համար առավել ձգող կարող են դառնալ ծայրամասերը, որոնք ավելի խաղաղ են, կանաչապատ ու զով:



Հիշենք, որ աշխարհի մեծ քաղաքների բնակիչները, աշխատելով կենտրոններում, գերադասում են բնակվել ծայրամասերում, որոնք հաճախ հիշեցնում են գավառական բարեկեցիկ ավաններ եւ ժամանակակից գյուղեր: Այնպես որ, մայրաքաղաքի ոչ կենտրոնական հատվածների զարգացումը ոչ միայն կնվազեցնի քարե ջունգլիներում փակվելու գայթակղությունը, այլեւ ազդակ կհանդիսանա առողջապահական եւ այլ տեսանկյուններից ռիսկային շրջանի բեռնաթափման համար: Մանավանդ, որ առանց համապատասխան պետական մոտեցման էլ կյանքը կանգ չի առել ծայրամասերում: Այլ հարց է, որ փոփոխությունները տեղի են ունեցել տարերայնորեն ու վայրիվերո: Տեղական իրավահաջորդ իշխանիկները եւ փողատերերը սեփականել են, ինչ ցանկացել են, ու կառուցել են՝ ինչպես ցանկացել են: Այս հարցերում գոյություն չի ունեցել ոչ մի սկզբունք: Նոր մոտեցման դեպքում հնարավոր կդառնա նաեւ կանխել այս արատավոր ընթացքը:
Բազմազան ապօրինի ու տձեւ կառույցները, թող որ դանդաղորեն ու սեփականատերերի շահերի հաշվառմամբ, մի օր հեռացվելու են, հեռացվելու է խարխուլ, վտանգավոր եւ մայրաքաղաքի պատկերին անհարիր մասնավոր ու պետական բնակֆոնդը: Յուրացվելու են անխնամ ու անտեսված նոր տարածքներ:



Հասունացած է Երեւանի վարչական շրջանների համար զարգացման ընդհանուր եւ առանձին ծրագրերի որդեգրումը: Նման ծրագրերը պետք է հետապնդեն քաղաքի համաչափ ու ներդաշնակ միջավայրի ձեւավորման նպատակը: Գործընթացի արդյունքում կձեւավորվեն երկրորդ հազարամյակի Երեւանը եւ իր մայրաքաղաքը սիրող երեւանցին:
Հուսանք, որ Երեւանի քաղաքապետարանի՝ զարգացման այս արատավոր ընթացքը փոխելու ռեսուրսները չեն վերացել:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ