Բայց քո երաժշտությունը մելամաղձոտ չէ

Բայց քո երաժշտությունը մելամաղձոտ չէ

Հայկական երաժշտությունը յուրօրինակ է և միայն հայերին բնորոշ տխրություն ունի, մենք հետաքրքիր մելամաղձոտություն ունենք, մեր մելամաղձոտությունն ուրիշ համ ունի»,-այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ասաց Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի ու Լիլիթ Պիպոյանի հետ համատեղ հանդիպման ժամանակ: «Դուդուկի և կիթառի հնչյունները կարող են թախծոտ, բայց միաժամանակ էներգետիկ ու օպտիմիաստական բնույթ ունենալ»: Լիլիթ Պապոյանը նկատեց. «Բայց քո երաժշտությունը մելամաղձոտ չէ: Քո սրտից բխող, էներգետիկ, ուժեղ, հաստատող, ճեղքող երաժշտություն է»: Նա նշեց, որ պետք չէ ամաչել, որ հայկական երաժշտությունը մելամաղձոտ է:
«Պետք չէ երես թեքել ու ասել՝ չէ, մենք ուզում ենք անընդհատ պարել, պարել էլ ենք ուզում, իհարկե, դա էլ իր տեղն ունի: Պետք չէ կոմպլեքսավորվել ու ամաչել»,-հորդորեց նա: Տիգրան Համասյանի խոսքով՝ մեր լեզուն շատ գեղեցիկ է, և եթե չլինի հայերենը, չեն լինի հայեր:



Տիգրան Մանսուրյանը շեշտեց. «Լինել հավատարիմ Կոմիտասին կամ համախոհ, չի նշանակում նայել նրա երեսին, այլ նայել այն ուղղությամբ, որով ինքը նայում է: Դա ընթացիկ, ենթադրվող մի երևույթ է շարժման մեջ գնվող: Բացի դրանից ինչպե՞ս է լինում, որ դասական երաժշտական արվեստը՝ 500 տարվա եվրոպական, մուտք է գործում Հայաստան ու դառնում մեզ համար հոգեհարազատ, օրգանական երևույթ մեր մեղեդիների հետ: Դրա պատասխանը Կոմիտասն է տվել. մեր մշակութային պատմությունն է, որ յուրացրել է թե Պլատոն, թե Արիստոտել, մենք ունեցել ենք Դավիթ ԱՆհաղթ ու Շիրակացի, ու սրանք բերել են արևտյան մշակույթի նախահիմքերը: Երբեմն մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել»: