Խոստումների և իրականության արանքում

Խոստումների և իրականության արանքում

Տարածքների անհամաչափ զարգացման քաղաքականությունը տասնամյակների պատմություն ունի: Մայրաքաղաքը զարգացավ՝ դառնալով վարչատնտեսական կենտրոն, իսկ մարզերը դարձան անդամալույծ մարմին: Մտավորականների, մշակույթի գործիչների, վարչական աշխատողների ու չինովնիկության հսկայական բանակը, ուզեր թե չուզեր, պետք է հոսեր մայրաքաղաք: Մյուս կողմից, աշխատանքի փնտրտուքը, քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտումը, մշակութային, մարզական ու ժամանցային կյանքին առնչվելու եւ առավել բարեկեցիկ ու զարգացած միջավայրում ապրելու ցանկությունն ստիպում էին, առաջին հերթին երիտասարդությանը, ձգտելու դեպի մայրաքաղաք: Անկախացման առաջին տարիներին քայքայվեց գործող այն համակարգը, որի պայմաններում խորհրդային տարիներին շատ զգացնել չէին տալիս ջրի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, կենցաղային բարդությունները:



Քայքայվեցին ակումբներն ու գրադարանները, կենցաղսպասարկման օբյեկտները, մանր արտադրությունները, որոնք որոշակի եկամուտ էին ապահովում բնակչությանը: Որքան հեռանում ես մայրաքաղաքի սահմաններից, այնքան համոզվում ես, թե որքան անհրապույր են դառնում բնակավայրերը եւ որքան դժվարին` ապրելու պայմանները: Մարդիկ շարունակում են ընտանիքներով հեռանալ արտերկիր, շատերը տեղափոխվել են Երեւան, մեծ չափեր է ընդունել սեզոնային արտագնա աշխատանքի մեկնելու երեւույթը: Նոր պայմաններում ռազմավարական անվտանգության նշանակություն է ձեռք բերել սահմանային, լեռնային ու բարձրլեռնային գյուղական բնակավայրերի պահպանման հարցը: Խնդրին բազմիցս անդրադարձել են իշխանությունները, ծրագրեր են մշակվել:



Տարածքային համաչափ զարգացման հիմնահարցը կառավարության գործունեության 2012-2017թթ. ծրագրի հիմնական ուղղություններից է: Այդ փաստաթղթում նշվում է, որ տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը կարեւոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Նկատենք, սակայն, որ կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագրում նույնպես տարածքային համաչափ զարգացման խնդիրը գերակայություն էր: Կարեւորվում էր Երեւանի բեռնաթափումը. «Երեւանը գերծանրաբեռնված է մշակութային, առողջապահական, արդյունաբերական, ֆինանսական, պետական կառավարման, արդարադատության, կրթական գործառույթներով` ի հաշիվ այլ տարածքների: Որոշ գործառույթների դուրսբերումը Երեւանից դարձել է անհրաժեշտություն: Իսկ ի՞նչ է արվել այս ուղղությամբ մինչ այժմ:



Անզեն աչքով տեսանելի չէ: Ըստ պաշտոնական աղբյուրների` մայրաքաղաքում ապրում է ավելի քան 1 մլն 100 հազար մարդ, որը կազմում է հանրապետության բնակչության 34%-ը: Երեւանում կենտրոնացված է արտադրական հզորությունների առնվազն կեսը, շինարարության ոլորտի 88%-ը, թողարկվում է արդյունաբերական արտադրանքի մոտ 50%-ը, իրականացվում է մանրածախ ապրանքաշրջանառության 84, հանրային ծառայությունների ծավալի 91, այդ թվում` հյուրանոցային ծառայությունների շուրջ 90%-ը, տրանսպորտայինի` 89, ֆինանսական գործունեության՝ 97, անշարժ գույքի հետ կապված գործառույթների՝ 87, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների 99%-ը: Երեւանին բաժին է հասնում արտահանումների՝ 52, ներմուծումների 82%-ը:



Մայրաքաղաքի եւ որոշ մարզերի միջեւ միջին անվանական աշխատավարձերի տարբերությունը կազմում է մինչեւ 40%: Նույն աշխատանքի դիմաց մարզի բնակիչը Երեւանի բնակչի համեմատ ցածր է վարձատրվում: Մարզերում ցածր է նաեւ մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափը: Ամենացածր վարձատրվողներից են Շիրակի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերի բնակիչները: Բնականաբար, մայրաքաղաքի եւ մարզերի բնակչության ամսական ծախսերի տարբերությունը եւս մեծ է: Հետեւաբար, սա եւս մեկ պատճառ է, որ մարդիկ լքեն պապենական օջախները եւ գան Երեւան: Գործազրկության մակարդակը եւս մարզերում շատ ավելի բարձր է, քան մայրաքաղաքում:



Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է՝ 27 տոկոս, հաջորդում են Տավուշն ու Սյունիքը: Իսկ Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում 45-50 տոկոսի շրջանում է: Շիրակում, Լոռիում եւ Կոտայքում կրկնապատիկ է նաեւ ծայրահեղ աղքատների թիվը: Հսկայական են մարզերի եւ մայրաքաղաքի տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ մյուս տարբերությունները:



2011թ. մարտի 23-ին, ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի քննարկման ժամանակ, փոխվարչապետ, տարածքային կառավարման այդ ժամանակվա նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, թե հատկապես 2000 թվականից սկսել է խորանալ մայրաքաղաքի եւ մարզերի կենսամակարդակների տարբերությունը, քանի որ երկրի տնտեսական աճին զուգահեռ կենսամակարդակի բարձրացում է նկատվել հիմնականում Երեւանում: Այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, թե տարածքային համաչափ զարգացումը կառարավարության գերակայություններից է. «Ակնհայտ է, որ այսօր մեր կարողությունների գերկենտրոնացումը Երեւանում խոչընդոտում է հենց Երեւանի բնականոն զարգացմանը եւ մյուս կողմից էլ երկրի բնականոն զարգացմանը»: Անցել է 4 տարի: Ամեն ինչ նույնն է: Ռեսուրսների եւ բանկային միջոցների առկայության չափով մարզերն ու մայրաքաղաքը տարբեր մակարդակներում են, մարզերում չկա ներդրումային գրավչություն, չկան զարգացման հեռանկարներ եւ, հետեւաբար՝ կա երիտասարդության մեծ արտահոսք:



Կառավարությունը հայտարարում է, թե հայեցակարգը կյանքի կոչելով՝ փորձում է ապահովել բոլոր մարզերի բնականոն զարգացումը: Հիշենք այս ուղղությամբ խոստումների մի քանի թվական:



22 հուլիսի 2011թ. - Տիգրան Սարգսյանն Արագածոտնի մարզի Օշականի դպրեվանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ֆինանսական միջոցները բաշխելիս նախապատվությունը պետք է տանք ոչ թե Երեւանին, խոշոր քաղաքներին, այլ՝ համայնքներին: Բանկերը ցածր տոկոսադրույքներով, արտոնյալ պայմաններով եւ պետության սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկեր պետք է տրամադրեն առաջին հերթին անապահով համայնքներին»:



10 հոկտեմբերի 2011թ. - Ջերմուկում գյուղական համայնքների առաջին համաժողովին Սերժ Սարգսյանն ասաց, թե վերջին տարիներին նկատելի տեղաշարժ է կատարվել, իրականացվել են ճանապարհաշինական եւ ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: «Մարզերում շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները` կառուցվում են բուժհաստատություններ. որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք ունենալն է»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց. «Մենք պետք է մտածենք ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլեւ գյուղում նոր աշխատատեղերի, պայմանների ստեղծման մասին, որոնք համադրելի կլինեն քաղաքային պայմաններին եւ չեն ստիպի գյուղացուն տեղափոխվել քաղաք ու այնտեղ որոնել աշխատանք: Կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի գյուղական վայրերում ծառայությունների մատուցման ու ենթակառուցվածքների զարգացման վրա: Կառավարությունն առաջին հերթին օգնելու է փոքր եւ միջին տնտեսություններին»:



30 ապրիլի 2012թ. - Սերժ Սարգսյանը, մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպելով Կոտայքի մարզի Եղվարդի եւ Նոր Գեղիի բնակիչների հետ, շլացուցիչ խոստումներ շռայլեց, ասաց, թե ՀՀԿ նախընտրական ծրագիրը նոր Հայաստանի կերտման ծրագիրն է: Ասաց նաեւ, որ իրականացվող բարեփոխումներից մեկն էլ լինելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիրը եւ ենթակառուցվածքների զարգացումը գյուղական բնակավայրերում. «Պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել համապատասխան պայմաններ: Աշխատելու ու վաստակելու պայմանները բարելավելու ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»:



29 հունվարի 2013թ. - Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հանդիպելով Նոյեմբերյանի ընտրողներին, հայտարարեց, թե գյուղերն ու փոքր քաղաքները պետք է հարմարավետ լինեն Հայաստանի բնակիչների համար: Ասաց, թե գյուղացուն գործարան պետք չէ, պետք է անասուն պահի եւ հող մշակի. «Եվ ոչ մի գործարան գյուղում իր կարեւորությամբ չի կարող համեմատվել դրա հետ: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Դրա համար անհրաժեշտ են հստակ ծրագրեր` կենսամակարդակը բարձրացնելու համար: Մարզերի համաչափ զարգացումը հրամայական է Հայաստանի համար: Նշանակում է այն միայն ենթակառույցների զարգացում չէ, այլ նորի ստեղծում, համաշխարհային գործընթացին արձագանքելու հնարավորություն: Այն ամենը, ինչ խանգարում է մեզ զարգանալ, պետք է դեն նետել մտքից»:



12 դեկտեմբերի 2013թ. - Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ընդունելով Համաշխարհային բանկի պատվիրակությանը, նշեց, որ հիմնականում շեշտը դրվելու է հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման վրա, ինչը ներառելու է ենթակառուցվածքների, ՓՄՁ-ների զարգացում, ներդրումների ներգրավում: Փոխվարչապետը կարեւորեց տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները:



15 հունվարի 2014թ. - Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողներին ասաց, թե պետբյուջեի միջոցներից իրականացվող կապիտալ ներդրումների միտումը վերջին տարիներին անընդհատ պահվել է հօգուտ մարզերի: Այսինքն՝ ավելի շատ ներդրումներ կատարվում են մարզերում` սկսած 2008 թվականից, քան Երեւանում: Սակայն եթե պետությունը մարզերում է անում, մասնավորի հետաքրքրությունը Երեւանն է:
Տարածքների համաչափ զարգացման համար տրվել են միջազգային վարկեր, դրամաշնորհներ, օգնության ծրագրեր, սակայն երեւում է, որ դրանց հաշվետվությունները միայն դրսին ցույց տալու համար են: Կրկին ոչինչ չունենք: Հիմա կասեն՝ բա սահմանամերձ գյուղերին արտոնություննե՞րը: Սա ոչինչ է այն ծրագրերի համար, որ նախանշվում էին: Մի քանի սահմանամերձ շրջանում մի քանի արտոնությունները զարգացում չեն, այն էլ՝ համաչափ:



Պաշտոնական փորձագետները բազմաթիվ հիմնավորումներ են ներկայացնում կառավարության ծրագրի ձախողումների վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ համաշխարհային ճգնաժամից ու այլ հրեշներից ավելի մեղավոր է պետական համակարգված մոտեցման բացակայությունը: Այս դեպքում խնդիրը ոչ թե ծրագրերն են, որոնց պակաս կարծես թե չի զգացվում, այլ դրանց իրականացման ուղղությամբ իրական աշխատանքի պակասը: Այս ոճով աշխատելու դեպքում տարածքային համաչափ զարգացման 2012-17թթ. ծրագիրը կամփոփենք այնպես, ինչպես նախորդ հնգամյակինը:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ