Մեր պայքարը չի նշանակում, որ եթե Սերժ Սարգսյանը ինֆարկտ ստանա՝ մենք ենք մեղավոր. հացադուլավոր ազատամարտիկ

Մեր պայքարը չի նշանակում, որ եթե Սերժ Սարգսյանը ինֆարկտ ստանա՝ մենք ենք մեղավոր. հացադուլավոր ազատամարտիկ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև մի աթոռ է տեղադրված, որը ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը տնից է բերել: Իր խոստմանը համաձայն ազատամարտիկը հացադուլը շարունակում է` ի պաշտպանություն 18 քաղբանտարկյալների:



Ավետիսյանը չի ցանակնում այլևս խոսել կենցաղային հարցերի մասին. «Հոգնել եմ հետևյալ հարցերից՝ կդիմանաք սովին, ով է ձեզ միանալու: Սովից չեմ մեռնի վստահ եղեք: Ի՞նչ կարևոր է, թե ով է միանալու ինձ, պետք է միանան այն մարդիկ ովքեր իրենց փորը կշատցնելու, բիզնեսը ծաղկացնելու մասին չեն մտածում: Բոլորս էլ ունենք ընտանիքներ, երեխաներ, բայց դա չի նշանակում, որ պետք լինենք էգոիստ ու միայն մեր մասին մտածենք: Կարևորը՝ պայքարելու եմ մինչև տղաներին ազատեն»:



Հիշեցնենք, որ ազատամարտիկները խոստացել էին, որ ապրիլի 25-ից կմիանան Խաչիկ Ավետիսյանի հացադուլին, սակայն այսօր մեր այցելության ժամանակ Խաչիկ Ավետիսյանը միայնակ էր ՄԻՊ-առաջ:



«Այլևս տուն չեմ գնալու, վերչջացան Ցեղասպանության միջոցառումները, ես իմ պայքարը կշարունակեմ արդեն բաց, ժողովրդի առջև: Համբերության բաժակը լցվել է, Շանթի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության ժամանակ մենք ընտրել էինք կուսակցությունների հետ համագործակցելը և պայքարելը: Այդ պայքարից մենք հույս ունեինք, բայց հերթական անգամ հիասթափվեցինք,- ասաց ազատամարտիկը:



Նա վստահ է՝ ինչպես Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի դեպքում նրանց դատապարտեցին ազատազրկման, այդպես էլ Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների դեպքում է լինելու: «Երկու ամսից երբ ավարտվի նախնական կալանքի ժամանակը, վստահ եմ, նրանց էլ 4-6 տարի կդատապարտեն: Սա է լինելու, այլ քայլ իշխանություններից չեմ սպասում»,- ասաց Ավետիսյանը:

Ազատամարտիկը չի վախենում, որ մի օր էլ իրեն իր պայքարի համար կձերբակալեն: «Իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, դրա համար էլ ասում եմ՝ տղաներին ազատության մեջ տեսնելուց հետո, մեր երկրորդ քայլը պետք է լինի իշխանություններին հեռացնելը, բայց դա չի նշանակում, որ եթե Սեժը ինֆարկտ ստանա մենք ենք մեղավոր լինելու»,- ասաց ազատամարտիկը:



Ի դեպ շուտով հացադուլի վայրը ևս կփոխվի: Ավետիսյանը կտեղափոխվի Ազատության հրապարակ: