Լավ է, «պաժարնիկների» մեքենաներին «ՎիվաՍել» չեն գրում

Լավ է, «պաժարնիկների» մեքենաներին «ՎիվաՍել» չեն գրում

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ծուռումուռ տառերը, գլխներին՝ անգլերեն «i» տառի կարմիր գնդակով, ասես, հրավիրեն «բլբլալու»։ Դրանք լավ ընդգծվում են «Շտապօգնության» ավտոմեքենաների սպիտակ ֆոնին։ Մյուս կողմից, այս կանչող կենսուրախությունը ոչ մի կերպ չեն ներդաշնակվում «1-03» թվերի սփռած տագնապի, մարդկային վշտի, «շտապօգնության» սարսափազդու ազդանշանների հետ։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ինչպես հայտնի է, չի սիրում իրեն գովազդել։ Երևանի մետրոպոլիտենին, այն, օրինակ, անվճար ինտերնետ էր տրամադրում վերջին երեք տարիներին, ընդ որում, անվճար և առանց ցանցին միանալու համար գովազդ դիտելու պայմանի: Վերջերս, բացահայտելով, որ ինչ-որ այլ ընկերություններ են գովազդ առաջարկում իր տրամադրած ինտերնետում, «ՎիվաՍել-ՄՏՍ»--ը անջատեց մետրոյի Wi-Fi կապը։ Բայց սա չէ կարևորը, այլ այն, որ «Շտապօգնության» ծառայությունը մինչ օրս իր մեքենաների վրա այս «մեծահոգի» ընկերության տարբերանշանն է կրում, իսկ ընկերության մեծահոգի տնօրենը չի էլ պահանջում հանել գովազդը, առանց մտածելու, որ մարդկանց տառապանքի, հիվանդության վրա գովազդվելը մեղմ ասած տգեղ է։ Սա նույնն է, թե բջջային օպերոտորի «լոգո» պատկերել ոստիկանության, հակահրդեհային մեքենաների, կամ, ասենք, դագաղների վրա։ «Ինչ՞ու է «ՎիվաՍել»-ի գովազդը ձեր մեքենաների վրա, ի՞նչ է տալիս ընկերությունը Ձեզ դրա համար», - հարցրեցինք «Շտապօգնույթուն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանին։ Նա պատասխանեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»--ը մի շրջան աջակցել է իրենց ընկերությանը։ «Երբ որ մեր համակարգում շտապօգնության արդիականացման ծրագիր էր իրականացվում, իրենք շատ աջակցեցին մեր «1-03» ծառայությանը, - ասաց տնօրենը, - հիմա այդ ծրագիրը վաղուց ավարտվել է, և մենք ջնջում ենք այդ գովազդային տառերը մեքենաների վրայից, բայց դրանք շատ դժվար են դուրս գալիս»։ Տնօրենը համաձայնվեց, որ էթիկայի տեսանկյունից սխալ է «շտապօգնության» մեքենայի վրա գովազդ տեղադրելը։ «Ավտոմեքենաների մի մասն արդեն մաքրել ենք, մնացածը դժվարանում ենք մաքրել, բայց աստիճանաբար կանենք», - ասաց նա։ Հիշեցնենք, որ 2011 թվականին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրած միջոցներով արդիականացվեց շտապօգնությունը, տեղադրվեց նավիգացիոն համակարգ, զանգերի ձայնագրման սարքավորումներ ձեռքբերվեցին, արբանյակային վերահսկողության կապ ստեղծվեց, նորացվեց դիսպետչերական համակարգը և այլ տեխնիկական հնարքներ ներդրվեցին։