Ճոյտի եղբոր վիճակը ծանր է

Ճոյտի եղբոր վիճակը ծանր է

Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մոտ գտնվող գազալցակայանում, որը, ըստ տարածված տեղեկություների, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին։ Վիրավորվել են Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմենը, եղբայրը՝ Արմեն Հակոբյանը և գազալցակայանի աշխատակիցը՝ Արթուր անունով։ Այս պահին նրանք երեքն էլ գտնվում են Երևանի այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Կենտրոնից հայտնում են, որ ամենածանրը Ճոյտի եղբոր՝ Արմեն Հակոբյանի վիճակն է։ Նա երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։ «Արթուրը և որդին՝ Արմենը, միջին ծանրության վիճակում են», - հայտնեց բժիշկը։ Կրակը, նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից, որտեղից տարածվել և հասել է տուժողներին պատկանող Volkswagen 34 QF 306 համարանիշի ավտոմեքենային։ Հակոբ Հակոբյանի ազգականները կանգնած են եղել ավտոմեքենայի մոտ, և ոչ թե սպասել են հեռավորության վրա, ինչպես սահմանված է անվտանգության կանոններով։ Տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը «Հրապարակին» հայտնեց, որ գազալցակայանը ապօրինի է գործել։ «Նրանք ոչ գրանցած են եղել, ոչ էլ փորձաքննություն են անցել, անօրինական գործել են։ Հիմա նշանակված է փորձաքննություն, ձևավորված է փորձագետների խումբ, որը 4 օրվա ընթացքում եզրակացություն կտա», - ասաց Աշոտ Պետրոսյանը։ Ըստ նրա, նման դեպքեր հաճախ են լինում․ «Անցյալ շաբաթ երկու դեպք է եղել, այս շաբաթ՝ մեկ դեպք»։ Զվարթնոց գյուղում պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել այն պատճառով, որ գազալցակայանի աշխատակիցները ցանկացել են հաճոյանալ տերերին և սովորականից շատ են գազ լցրել։