«Եվրատեսիլում» մեր պարտությունը Հ1-ի հերթական խայտառակությունն էր

«Եվրատեսիլում» մեր պարտությունը Հ1-ի հերթական խայտառակությունն էր

Հայաստանն սկսեց մասնակցել «Եվրատեսիլին» 2006 թվականից: Այն ժամանակ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահն Ալիկ Հարությունյանն էր, եւ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական հեռարձակողների միությանը, նաեւ երգի եվրոպական մրցույթին նա համարում էր իր հաղթանակներից մեկը: Նա շոումենի համբավ չունի, ինչպես խորհրդի ներկայիս նախագահը, ոչ այնքան գլամուր, որքան գրագետ եւ ինտելիգենտ մարդ է, այժմ էլ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպանն է:



Ավելի շատ «Կուլտուրա» ալիքն էր նայում, սակայն, որպես հեռուստատեսության ղեկավար, շեշտը դնում էր հենց շոուի, համերգի եւ սերիալների վրա՝ համարելով, որ հենց դա է պետք հայերին: Իհարկե, «Եվրատեսիլին» Ալիկ Հարությունյանն ավելի քան լուրջ էր վերաբերվում: Անդրեի Without Your Love երգը Հ1-ի եթերում հնչում էր ամեն կես ժամը մեկ: Բոլոր հաղորդավարներն ու լրագրողները լծված էին նրան գովազդելուն: Անդրեն առավոտից երեկո Հ1-ի եթերում էր եւ արդեն հասցրել էր հոգնեցնել, բայց նրա դեմ խոսելը, երգի հեղինակ Արմեն Մարտիրոսյանին քննադատելը համարվում էր ազգային դավաճանության պես մի բան: Երբ Անդրեն 8-րդ հորիզոնականը գրավեց՝ հավաքելով 129 միավոր, բոլորս անկեղծ վիրավորված էինք, եւ անդրեապաշտ կրքերը երկար ժամանակ եռում էին փողոցներում ու «շոուբիզի» շրջանակներում, իսկ Ալիկ Հարությունյանը ռադիոտան իր աշխատասենյակ մտնողներին հորդորում էր թեթեւ տանել «Եվրատեսիլ» երեւույթը: Այնուամենայնիվ, նա մյուս տարի նույն եռանդով սկսեց առաջ տանել Հայկոյին, որի հեղինակած Anytime You Need երգը տանը եւ դրսում սփռվում էր բոլոր անցքերից:



Բայց Հայկոյի ծառը չզարմացրեց եվրոպացիներին: Երկիրն 8-րդ ավանդական տեղից առաջ «բրթեց» Սիրուշոն, որն այն ժամանակ դեռ Քոչարյանի հարսը չէր, բայց արդեն նրա որդու հարսնացուն էր, եւ Հ1-ի ողջ ներուժն աշխատում էր նրա համար: Սիրուշոյի համար Հ1-ը ջանք ու եռանդ չխնայեց: Մրցույթի օրերին «Քելե, քելե»-ն հնչում էր ոչ միայն Երեւանում, այլեւ հյուրընկալող քաղաքի՝ Բելգրադի փողոցներում, իսկ Հայաստանում լրագրողները բզկտում էին Հ1-ի ղեկավարությանը, փողերն էին հաշվում, մեղադրում էին գերածախսի համար: Չնայած այն ժամանակվա ծախսերը չես համեմատի այսօրվա հետ: Ասենք, այն ժամանակ կարող էր ծախսվել 50-70 հազար դոլար, ոչ ավելի: Ծախսերն ապահովվում էին Հանրայինի արտաբյուջետային մուտքերից եւ սպոնսորական գումարներից: Ալիկ Հարությունյանի կնոջը պատկանող «Զատիկ» ընկերությունը կարում էր շորերը: Թվում էր, թե շոումենների ընկերություն «Շարմը» պետք է հաջողություն բերեր Հայաստանին, քանի որ մասնագիտացած է համերգների կազմակերպման հարցում: Բայց հենց որ այն սկսեց զբաղվել մրցույթով, ոչ երգը լավը եղավ, ոչ կատարումը, ոչ էլ հանդիսատեսի ճաշակը գուշակեցին:



2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանների PR-ն արել էր «Շարմը», եւ սա Հայաստանի առաջին խայտառակությունը եղավ: Այն ժամանակ 10-րդ տեղը գրավեցին քույրիկները, որն այսօր արդեն երանելի է թվում: «Ոչինչ, այդպես էլ կլինի, թեթեւ տարեք»,- կրկին հույս էր տալիս Ալիկ Հարությունյանը, բայց ինքն էլ էր անակնկալի եկել «Շարմի» «փայլուն» աշխատանքից: Ոտքից գլուխ փակված, անբնական մաքիյաժով, ազգային դիմագծերով քույրիկները սառը ընդունելության արժանացան: Նրանց ելույթը ռուսական բեմին տխուր էր: Առհասարակ, ազգային գաղափարը «Եվրատեսիլում» չի անցնում: Հակառակը՝ համամարդկային, բոլորի համար հասկանալի, պարզ կերպարներն են ընդունվում: Այնուամենայնիվ, «Շարմը» երկրորդ անգամ հանդգնեց սեւավոր քույրիկներին մեծ խմբի կազմում բեմ հանել: Այս անգամ՝ 16-րդ տեղ:



Հայերի մասնակցությունը «Եվրատեսիլին» ինչքա՞ն գումար է նստել մեր խղճուկ բյուջեի վրա, որքա՞ն մարդ են տարել, ինչքա՞ն են ծախսել երգիչների շորերի եւ «պրոմոտուրերի» վրա՝ պարտության այս դառը թվաբանությունը չենք պահանջում: Այն երբեք էլ չի ներկայացվել հանրությանը, մութ է եղել եւ անքննելի Հանրայինի բոլոր ղեկավարների օրոք: Ուղղակի արձանագրում ենք. այս անգամ Հ1-ին ոչ ոք չի բզկտում, չի քննադատում, ինչպես Ալիկ Հարությունյանի ժամանակներում, դրա շուրջ կրքեր չեն բորբոքվում: Եվ ի՞նչ կրքեր կարող են բորբոքվել զրոյական ռեյտինգ ունեցող ալիքի շուրջ, որը ոչ ոք չի սիրում, ոչ ոք չի ատում, ոչ ոք չի նայում: