Շեյխան դժգո՞հ է մնացել իր այցից

Շեյխան դժգո՞հ է մնացել իր այցից

Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան երեկ մեկնել է Հայաստանից: Նա մեր երկրում մնացել է մոտ 2 օր, բայց ասում են, թե այդքան էլ գոհ չի եղել այցից, առանձնապես բարձր տրամադրություն չի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցները շշնջում էին, թե Քիմ Քարդաշյանը շատ երջանիկ տեսք ուներ Հայաստանում, իսկ Մոզան կարծես այդքան էլ գոհ չէր: Մեզ տեղեկություններ են հասել, որ շեյխուհին հատկապես դժգոհ է մնացել իր այցի շուրջ առաջացած աղմուկից:



ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ սա մասնավոր այց էր, որի մասին ոչ ոք չպետք է իմանար, մինչդեռ լրատվամիջոցներն ամեն ինչ «փչացրին»: Արեւելքի թագուհու այցի շուրջ առաջացած աղմուկի «մեղավորները», սակայն, միայն լրատվամիջոցները չէին:



Հազիվ թե հունիսի 4-ին, կեսօրից հետո Երեւանի կենտրոնով անցնող պատահական քաղաքացին չնկատեր կաթվածահար երթեւեկությունը, մոտ 20 արտասահմանյան մեքենաների շարասյունը, լուսաձայնային ազդանշանով ուղեկցող մեքենաները եւ ճանապարհային ոստիկաններին: Բոլորի մոտ մեկ հարց էր առաջանում՝ այս ո՞վ է եկել նորից: Պետական պահպանությունը «պերեբոր» էր արել՝ ընդամենը 18 հոգանոց պատվիրակության համար ուղարկելով նույնքան մեքենա:



Այցելության ժամանակ շեյխուհի Մոզան պետական մակարդակով որեւէ հանդիպում չէր նախատեսել եւ չի էլ ունեցել, բայց, մեր տեղեկություններով, նրան նախագահականից խորհրդանշական նվերներ են ուղարկել՝ իր հետ տանելու համար: Ողջ ընթացքում նրան ուղեկցել է «Ռոսգոսստրախ» ընկերության ներկայացուցիչը, դատելով լուսանկարներից՝ անվտանգությունն ապահովում էր նաեւ «Պանտերա սեքյուրիթի» ընկերությունը: Հայաստանում Մոզան այցելել է Գառնի, Գեղարդ, Մատենադարան, մզկիթ, ընթրել է «Հին Երեւան», «7 քար» ռեստորաններում: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրան Հայաստան է հրավիրել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն հայազգի Դանիել Խաչատուրովը: