Նոր մանրամասներ Տաշիրում տեղի ունեցած ողբերգական վթարից

Նոր մանրամասներ Տաշիրում տեղի ունեցած ողբերգական վթարից

Հունիսի 6-ի գիշերը Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի վերաբերյալ Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ այդ օրն առանց պետհամարանիշի Volkswagen Touareg մակնիշի ամենագնաց ավտոմեքենան Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհի 10-րդ կիլոմետրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և այրվել։ Վթաի հետեւանքով յոթ երիտասարդ է զոհվել՝ 21-ից 24 տարեկան։



Մեզ հասած տեղեկություններով՝ երիտասարդներն այդ օրը խնջույքի էին մասնակցել, որից հետո որոշել են գնալ մատուռ՝ մոմ վառելու։ Վթարը տեղի է ունեցել մատուռի ճանապարհին։ Մենք տեղեկացանք նաև, որ նրանք 8 ընկերներով են եղել, սակայն ընկերներից մեկը հրաժարվել է նստել մեքենան ու չի միացել տղաներին՝ փրկվելով դժբախտ պատահարից։ Իսկ վթարի պատճառը, ըստ հավաստի տեղեկությունների, եղել է ճանապարհին հայտնված փորսուղը, որը անսպասելի հայտնվել է մեքենայի առաջ։



Հայտնի չէ՝ վարորդը փորձել է շրջանցել կենդանուն, թե կենդանուն բախվելով մեքենայի ընթացքը թեքվել է եւ ողբերգական ավարտ եղել։ Մեքենան միաժամանակ եւ գազով լիցքավորվող է եղել, եւ բենզինով եւ ենթադրություն կա, որ դա եւս նպաստել է, որ կայծակնային բռնկում լինի։ Դեպքի վայրում մեքենայի անվիների մոտ հայտնաբերել են սատկած փորսուղին, ինչն էլ նման ենթադրությունների պատճառ է դարձել։ Դեպքից հետո Տաշիրում սգո օր է հայտարարվել և ողջ քաղաքն ու Տաշիրի շրջանն այսօր սգում են ողբերգական վթարի զոհ դարձած 7 երիտասարդների մահը։