ՃՈ-ն ամեն ինչ անում է, որ խթանի՞ «կարմիր գծերի» բիզնեսը

ՃՈ-ն ամեն ինչ անում է, որ խթանի՞ «կարմիր գծերի» բիզնեսը

Այս ընթացքում տարբեր վարորդներից դժգոհություններ լսեցինք, որ կարմիր գծանշումներով կայանատեղիներից դուրս՝ չարգելված, բայց անվճար կայանատեղիներում մեքենան կայանելու պատճառով վարչական ակտեր են ստացել՝ 5 հազար դրամի չափով։ Որեւէ արգելող նշան չկա այդ տարածքում, մարդիկ կայանում են, սակայն, չգիտես որտեղից, ինչ-որ «թաքնված» տեսախցիկներով «նկարում են» ու տուգանում։ Վարորդները սա բացատրում են «Փարքինգ սիթի սերվիսի» բիզնեսն արհեստականորեն առաջ տանելու միտումով, քանզի այսօր շատերն են բոյկոտում ու հրաժարվում այդ վճարովի կայանատեղիներից: «Չենք ուզում Սաշիկին հարստացնենք»,-ասում են նրանք ու չեն կայանում կամ էլ կայանում են, բայց խորամանկորեն ծածկում են պետհամարանիշը, որ տեսախցիկները չֆիքսեն համարները։ Սակայն հայրենի ոստիկանությունն անում է ամեն ինչ, որ «չարամտությամբ չվճարողները» հայտնաբերվեն ու իրենց պարտքը տան «Փարքինգ սիթի սերվիսին»։



Զանգահարեցինք ՃՈ՝ պարզաբանելու այս խնդիրը։ Մեր զանգին պատասխանած մայոր Խաժակ Գեղամյանն անմիջապես հետաքրքրվեց՝ փաստացի նման բողոք կա՞, որ ով բողոքում է, իր հետ այցելենք ՃՈ, միասին նայեն տեսանյութը, եւ փորձենք պարզել, թե ինչն ինչոց է. միգուցե տվյալ անձը չի տիրապետում երթեւեկությանը, կամ իսկապես սխալմունքն իրենց կողմից է եղել։ Նման բողոքները, սակայն, եզակի չեն։
Դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, կարծես հատուկ են անում, որ միայն կարմիր գծերով կայանատեղիներում կանգնեն, ու անվճար կայանատեղիներ չլինեն քաղաքում, առհասարակ, ՃՈ աշխատակիցը տվեց շրջանցող պատասխան. «Չէ, նենց տեղեր կան, որ «Փարքինգի» գծանշումը տված չի, որտեղ որ թույլատրելի ա, որտեղ որ կարում ա, էդ «Փարքինգ սիթի» ա, ինչ ա, իրենց ծառայությունն սպասարկում ա, դա ուրիշ բան… Ես, որպես քաղաքացի, ոչ որպես ոստիկանության աշխատակից, ասում եմ, որ ինչ որ կա, մենք նայելով ամեն ինչ անում ենք, որ ի շահ ժողովրդի… ուզում ենք, որ ամեն ինչը լավ լինի։ Հիմա մարդ ա, մի հատ գծանշում ա կամ էս ա, կամ բան ա, կամ մարդ ա՝ ռայոնից, շրջանից եկել ա, պատահական շփոթել ա, նայում ենք սաղ՝ ամեն ինչը, մարդ ա, չէ՞, տերմիններ կան, որ կարող ա շփոթության մեջ ա գցում…»։



Հարցին՝ իսկ «ռայոնի» տղաներին ինչպե՞ս են տարբերում մյուսներից, պարոն մայորն ասաց, որ իր ասածն այն չէ՝ «ռայոնից է», թե մայրաքաղաքից, ուղղակի մարդիկ կան՝ անծանոթ են քաղաքին, ու որոշ բաներ կան, որ շփոթում են, եւ եթե իրենք խախտումը նկատում են, տեսնում են, որ մարդ կա՝ մի մետր առաջ է գնացել էդ գծի վրա, դա որպես խախտում չեն ֆիքսում։ Այսինքն՝ կամայական մոտեցում կա խախտումներին։
Իսկ իրենց երբեւէ նման բողոքներ եղե՞լ են քաղաքացիներից, պարոն Գեղամյանը չժխտեց. «Լինում ա, շատ հազվագյուտ, բայց լինում ա, էսօրվա, ասենք, էսքան որ ակտեր են լինում, էդ քանակության մեջ էսօր լինում ա, նման բաներ լինում ա»։



Հետաքրքրվեցինք, թե կա՞ն, արդյոք, այսպես կոչված, «օպերատիվ» պետհամարանիշներ, որոնք տեսախցիկների եւ ՃՈ տեսուչների կողմից չեն ֆիքսվում: Խաժակ Գեղամյանն ասաց. «Չէ, դրանք բոլորը որ կան, օպերատիվ, ասենք՝ ծառայողական մեքենայի մեջ, որը որ ոստիկանության մեքենա ա, ծառայության մեջ ա, դրանք են հիմնականում… բոլորը, որը որ, ասենք, պետհամարանիշը տված ա քաղաքացուն, դրանք բոլորը ֆիքսվում են»։
Նկատենք, որ շատ է խոսվում այն մասին, որ մի շարք «արտոնյալ» մեքենաներ, որոնք անգամ չհիշվող խառը թվերով պետհամարանիշներով են՝ հատուկ անձանց տրամադրված, տեսախցիկների կողմից չեն ֆիքսվում, պետավտոտեսուչներն էլ լավ գիտեն, թե ովքեր են, այդ համարների ցանկն ունեն ու աչք են փակում դրանց կատարած խախտումների վրա։ Այս հարցին էլ, ինչպես մյուս հարցերին, մայոր Գեղամյանը հստակ պատասխան չտվեց։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ