Ինչու՞ չեք արձագանքում` վախենու՞մ եք հայհոյանքից…

Ինչու՞ չեք արձագանքում`  վախենու՞մ եք հայհոյանքից…

Արթուր Հայրապետյանի և Վահրամ Սահակյանի մասով նամակներ շատ եմ ստանում՝ ինչու՞ չեք արձագանքում, վախենու՞մ եք հայհոյանքից: Այնքան գրեցին, որ այդ հարցը սկսեցի ինքս ինձ տալ՝ ինչու՞ չեմ արձագանքում:



… Հետո հասկացա, միանգամայն անկեղծ եմ, որ ինչպես ես, այնպես էլ մյուսները, խուսափում ենք «հայհոյանք ստանալուց» և աշխատում ենք փեշներս չգցել «մասուրի քոլով»: Ու եթե տղամարդը կարող է պատասխանել հայհոյանքին, նման պարագայում կինն անզոր է:



Գուցե նույն պատճառաբանությամբ էլ շատերը, որ կարող էին արձագանքել, չարձագանքեցին:



Բայց մի նամակ, որ Փարիզից էր ուղարկված, մեղմ ասած շամփրեց: Բավական է կարդալ այդ աղջկա մի ստատուսը և գաղափար կազմել նրա հոգեկերտվածքի մասին.



«Ես ամեն օր կարոտում եմ քեզ Երևան... արցունքն աչքերիս թողեցի քեզ: Հիմա հեռու եմ ու ինձ համար միշտ քո անունը տալիս տոն է, բայց լավ կլիներ, որ իմ երևանցիները քո գրկում լավ ապրեին, բայց չէ, քո գրկում հիմա սրիկաներն են ու քեզ քանդել ու ավերում են Երևանս... բայց գիտեմ, որ մի օր ամեն բան փոխվելու է, ու մենք տուն ենք գալու. քո գիրկ. Երևանս»: Ու ահա  այդ աղջիկը՝ Եվա Հակոբյանը, ինչ է գրում ինձ.



«Տիկին Հասմիկ ջան, ես ձեր գրած հոդվածները միշտ կարդում եմ, ուրախ եմ, որ դուք կաք.... մի բան էի ուզում ասել.



տեսնում եմ, որ գրեթե ամեն բանի անդրադառնում եք, ինչու՞ չանրադարձաք Արթուր Հայրապետյանի հետ կապված Վահրամի գործին. կարծում եմ ճանաչում եք Արթուր Հայրապետյանին. շատ նեղված եմ, որ Արթուրի նման մարդուն Վահրամի նմանը կարող է վիրավորել, ծնողներին կպնել... ձեզ հարգելով ասացի գրեմ ձեզ...



ու շատ կուզենայի որ անդրադառնայիք այդ թեմային, որովհետև դուք իմ համար սովորական մեկը չեք, գիտեմ օբյեկտիվ եք. եթե այս հարցը մատների արանքով նայեք, մի օր Վահրամի նմանները մեզ կուտեն, թեև ուտում են արդեն էլի»:



Որոշեցի պատասխանել Եվային.



Եվա ջան պարզից էլ պարզ է. որևէ մեկը կգտնվի՞, անգամ իշխանական ճամբարում, որ իր հոգու խորքում անսահման վիրավորանք չզգա, լսելով նման հայհոյանք՝ ուղղված ծնողներին…Այդ մասին անպայման պիտի բարձրաձայնե՞լ…



Ինչ վերաբերվում է այն բանին, որ Վահրամի նմանները մեզ կուտեն, թույլ տուր ասել, որ մեզ ուտողներին շփոթել ես:



Ու մի բան էլ: Երբ Վահրամն ասաց, որ չխոսեն իրեն բնակարան հատկացնելու մասին, ես հասկացա, թե նա որքան ցավագին է ընդունում այդ հարցը: Սրտիս խորքում ցավ զգացի, որ մարդը խուսափում է այդ բնակարանը հանրային քննարկման նյութ դարձնելուց: Իր արտահայտությունն էլ դա է հուշում. « Ինքը որևէ մեկին չի ասել, թե բնակարան չունի ու պայմանները վատ են» /aravot. am/: Այս կետում ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դեմ են Վահրամի բնակարան ստանալուն կամ այդ հարցը դնում են քննարկման: Մարդը տարիներ շարունակ ապրել է վարձու սենյակում ու հիմա տուն են նվիրել… Վատ բա՞ն է… Ինչու՞ չեք ուրախանում:



Վահրամի արձագանքը՝ հայհոյախառն, ես ընդունում եմ որպես մարդուն լռեցնելու ձև: Գուցե դա ինքնապաշտպանական յուրօրինակ բնա՞զդ է: Իրավական կողմի մասին չեմ խոսում: Պատկերացնում եմ, եթե բոլորս այդ կերպ պատասխանեինք «մեզ չգոհացնողներին», ի՞նչ կստացվեր… Թող ինքը՝ Վահրամը պատասխանի:



Հասմիկ Բաբաջանյան